15 Մայիս 2022-ին ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ, Ազգային Ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթէլեանի ամբողջական ելոյթը Ֆրանսայի հրապարակին վրայ հանրահաւաքի ընթացքին։

“Ողջո՛յն, սիրելի հայրենակիցներ։

25 Ապրիլից իջել ենք փողոց այս իշխանութիւններին հեռացնելու նպատակով, իսկ սկսած 1 Մայիսից ամենօրեայ ռեժիմով անհնազանդութեան ցոյցեր, հաւաքներ, հանրահաւաքներ, երթեր ենք իրականացնում, շրջափակում տարբեր պետական հիմնարկներ եւ շէնքեր։

Մենք 1 Մայիսից գիշերում ենք այս հրապարակում․ սա արժանապատիւ քաղաքացիների պայքար է, պայքար է ընդդէմ ստի, պայքար ընդդէմ ազգային խայտառակութեան, պայքար ընդդէմ յանձնողականութեան և երկիրը նոր զիջումների տանելու։ Մենք խոստացել ենք ինքներս մեզ, որ գնալու ենք մինչեւ վերջ եւ այս պայքարը աւարտելու ենք յաղթանակով։

Սիրելի հայրենակիցներ, նախ թոյլ տուէք որոշ գնահատումներ անել ստեղծուած իրավիճակի հետ կապուած։

Ժողովուրդ ջան, ինձ ճանաչում էք, ճանաչում էք նաեւ այն կուսակցութեանը, որը ներկայացնում եմ ես։ Ինձ համար դիւրին չէր՝ լինելով 132 տարուայ աւանդոյթներ եւ կենսագրութիւն ունեցող կուսակցութեան Հայաստանի կառոյցի ներկայացուցիչ յայտարարել, որ մի կողմ ենք դնում կուսակցական պատկանելութիւնը եւ բոլորս համախմբւում մէկ  գաղափարի շուրջ: Ի պատիւ Դաշնակցութեան՝ մենք դա արեցինք, դա արեցին նաեւ պայքարին միացած բոլոր քաղաքական ուժերը: Եւ ահա մենք այստեղ ենք՝ համախմբուած մէկ գաղափարի շուրջ։ Դրանով մենք յստակ ուղերձ յղեցինք, որ սա պայքար չէ իշխանութեան համար, սա պայքար է յանուն երկրի, երկրի վիճակը օրհասական է, սա ամենեւին նախընտրական պայքար չէ եւ այդ հարցը այսօր լուծուած է:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ես եւ իմ ընկերները պայքարի առաջին օրը յայտարարել ենք գնալու ենք մինչեւ վերջ,  այս  պայքարի յաջողութեան համար   դրել ենք  ամէն ինչ, ես պատրաստ եմ ցանկացած զոհողութեան, գնալու եմ առջեւից՝ առաջինը հարուածելու եմ, առաջին հարուածը իմ վրա եմ վերցնելու, ամէն ինչ անելու ենք այս պայքարի յաջողութեան համար։ Մենք անսխալական չենք, բայց այս պայքարին նուիրուած ենք անմնացորդ ու ձեզ հետ միասին գնալու ենք մինչեւ յաղթական աւարտ։

Ես ապաւինում եմ ձեր միասնութեանը, ձեր ուժին․ մեզ ոչ մի բան չի կասեցնելու:

Նիկոլն ու Ալիեւը կարծում էին, որ ժողովուրդն այլեւս գործօն չէ՝ կարող են միմեանց հետ պայմանաւորուել եւ ժղովրդին պարտադրել նոր զիջումներ։ Մենք ցոյց տուեցինք, որ այդպէս չէ՝ հայ ժողովուրդը ոտքի է կանգնել՝ տէր է իր երկրին, տէր է իր հայրենիքին:

Վստահ եմ՝ ձեզանից իւրաքանչիւրը զգացել է այդ պահը։ Ձեզանից իւրաքանչիւրը հասկացել է իր անելիքը։ Ձեզանից իւրաքանչիւրը տեսել է վերականգնման, կողք կողքի կանգնելու ու աւելի հզօր լինելու անհրաժեշտութիւնը։

Ուզում եմ արձանագրել այս օրերին մեր ձեռք բերած յաջողութիւնները․

Առաջինը. «Դիմադրութիւն» շարժումը մասամբ կասեցրել է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու գործընթացը։ Առնուազն հանրային դաշտում իշխանութիւնը սկսել է քօղարկել իր իրական նպատակները․ արդէն փորձում է կեղծել իրականութիւնը եւ չունի համարձակութիւն ասելու այն, ինչին տանում են այս երկիրը:

Երկրորդը. Երկրում ստեղծուել է իրական քաղաքական ճգնաժամ, որը տեսնում են Նիկոլի միջոցով երկրում հակահայ ծրագրեր իրականցնողները, իսկ մեր դաշնակիցների ու գործընկերների համար ակնյայտ է դառնում, որ Նիկոլը կորցրել է իր ղեկավարութիւնը եւ նրա հետ այլեւս որեւէ բան պայմանաւորուելն անիմաստ է։ Բոլորը գնալով հասկանում  են, որ  այս իշխանութիւնը ղեկավար չէ։

Երրորդ. Շարժումն ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրուած՝  իր շահերին հակառակ որեւէ լուծում, հետեւաբար Նիկոլ Փաշինեանը երկիրը նոր զիջումների տանելու հովանաւոր չունի։

Չորրորդ. Շարժումն ակնյայտ է դարձրել, որ մեր երկրում ձևաւորուել է այս իշխանութիւնների հեռացման հանրային պահանջ, որը մենք ձեւակերպեցինք 4 Մայիսին եւ խորհրդարանում ներկայացրինք այդ յանձնողականութեան։ Անցող օրերի մեր գործունէութիւնը եւ հանրային արձագանգը դրա վառ վկայութիւնն է :

Ժողովուրդ ջան, այս ամէնը մենք արել ենք միասին, սրանք մեր կարեւոր ձեռքբերումներն են ։

Բայց սա բաւարար չէ, ձեռքբերումները պէտք է դարձնենք անշրջելի՝ հեռացնելով այս դաւաճան իշխանութեանը:

Ես հիմա զգուշացնում եմ այս իշխանութեան յենարան օլիկարխներին՝ դրանց անունները ձեզ յայտնի են։ Եթէ ուշքի չգաք, եթէ ժողովրդի կողքին չլինէք, պատասխան էք տալու։ Հերիք է ֆինանսաւորէք ֆէյքերի ֆապրիքաները, նպաստէք դաւաճան իշխանութեան մնալուն, ամէն ինչ գիտենք եւ տեսնում ենք, եթէ այդպէս շարունակէք հատ-հատ պատասխան էք տալու։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս իշխանութիւնն աղէտաբեր է Արցախի եւ հայութեան համար։ Պարտութեան եւ պատերազմի խորհրդանիշ ուժը չի կարող ապահովել խաղաղութիւն, անվտանգութիւն, բարեկեցութիւն:

Ի՞նչ իշխանութիւն է մեզ պէտք։

Մեր երկիրը պէտք է ունենայ ազգային իշխանութիւն, որը կը կասեցնի պետականութեան կործանման ընթացքը, կ’ապահովի սահմանների անձեռնմխելիութիւնը, կ’իրագործի տարածքային ամբողջականութիւնը պաշտպանելու իր հիմնական գործառոյթը, կը հաստատի արժանապատիւ խաղաղութիւն, պետականութիւնը կը վերադարձնի ժողովրդին, Հայաստանը կը դարձնի արժանապատիւ, արդար, բարեկեցիկ երկիր։

Սիրելի՛  հայրենակիցներ

Մեզ պէտք է ինքնամփոփուին, ստին, պարտուողականութեանը, քաոսին այլընտրանք առաջարկող իշխանութիւն, որը տէր կը կանգնի մեր յաղթանակներին, կը վերցնի պատմական ու քաղաքական պատասխանատուութիւն, կ’օգտագործի անցեալի դրականը, կը մերժի բացասականը, կը համադրի փորձը եւ երիտասարդութիւնը, իրապէս կ’առաջնորդուի արժանաւորների իշխանութեան սկզբունքով, կ’առաջարկի ներկայ վիճակից դուրս գալու լուծումներ, կը տայ ապագայի տեսլական։

Մեզ պէտք է պատասխանատու իշխանութիւն։

Ժողովրդավարութիւնը քանդում է երկիրը։ Հանրայայտ ճշմարտութիւն է, որ օրուայ իշխանութիւնները ամբոխավարներ-ժողովրդավարներ են: Մասնագիտական ժողովրդավարներ։ Այնպիսիք, որ կարողացան խաբել ոչ միայն մեր հազարաւոր ազնիւ քաղաքացիներին, այլեւ քաղաքական գործիչներին: Մենք այսօր քաղում ենք ժողովրդավարութեան դառը արդիւնքները։ Մենք գերադասեցինք քաղցր խօսքը կոշտ ու տեղին դիտողութիւնից, մենք գերադասեցինք ամենաթողութինը՝ ուժեղ պետութիւնից, մենք գերադասեցինք լաւ ապրելու սուտ  խոստումները անվտանգութիւնից ու կայունութիւնից։

Ժողովրդավար իշխանութեանը հետաքրքիր է միայն իր վարկանիշը, իր աթոռը։ Նրանք առաջնորդուում են «ինձանից յետոյ թէկուզ ջրհեղեղ» սկզբունքով։

Սիրելի ժողովուրդ, ժողովրդավարները աշխարհի ոչ մի երկրում երկար կեանք չունեն։ Ժողովրդավարները վերջում ամէն ինչի համար մեղադրում են ժողովրդին։ Ու քանի որ ժողովրդավարները դատապարտուած են, նրանք կա՛մ շատ արագ անցնում են ինքնավար ռեժիմ ձեւաւորելուն, կա՛մ ստիպուած են լինում իշխանութիւնը զիջել հաւասարակշիռ,  իրապէս ժողովրդավար ուժերի։ Հիմա մենք տեսնում ենք, որ Նիկոլը փորձում է գնալ առաջին ճանապարհով։ Թո՞յլ ենք տալու, որ երկիրը վերածի բռնատիրութեան։ Թո՞յլ ենք տալու իր կամքը թելադրի մեր ժողովրդին։ Ի հարկէ ՝ ոչ։ Դա բացառուած է։ Բացառուած է նաեւ այն պատճառով, որ այսօր այս հրապարակում դուք պինդ կանգնած էք․ այստեղ կանգնած է Հայաստանի արժանապատիւ քաղաքացին, քաղաքացին, որը երազանքներ ունի եւ պատրաստ է պայքարիլ իր ու իր սերունդների համար, ուժեղ պետականութեան համար։

Մեր խնդիրը շատ պարզ ու յստակ է՝ օր առաջ, ժամ առաջ ձեւաւորել առանց Նիկոլ Հայաստան։

9 Մայիսին տեղի ունեցած հանրահաւաքի ժամանակ ես արդէն խօսել եմ, թէ ինչպէս ենք պատկերացնում մեր երկրի վերականգնումը։ Դաւաճանների այս կոյտին իշխանութիւնից հեռացնելուց յետոյ Հայաստանում կը ձևաւորուի Ազգային համաձայնութեան ժամանակաւոր  կառավարութիւն, որը երկիրը կտոր-կտոր յանձնելու Նիկոլի մտադրութեանը կը հակադրի Հայաստանը ոլորտ առ ոլորտ վերականգնելու քաղաքականութիւնը։

Առաջին հերթին մեզ պէտք է համերաշխութիւն, կայունութիւն եւ անվտանգութիւն։ Պէտք է վերականգնենք մեր ներքին միասնութիւնը։ Հանդարտ ու գրագէտ աշխատանքով կառուցենք ուժեղ Հայաստան:

Ուժեղ ու կայացած պետութեան երեք հիմնասիւներն են՝ տնտեսութիւնը, բանակը եւ արտաքին քաղաքականութիւնը։

Նայէք, թէ ովքեր են ներկայացնում այդ կենսականօրէն կարեւոր համակարգերը Հայաստանում։

Նիկոլին հեռացնելուց յետոյ առաջին մեր երեք քայլերը լինելու են պետութեան ողնաշարը  հանդիսացող համակարգերի վերակենդանացումը․

-Սպառողական, արժէք չստեղծող տնտեսութեան փոխարէն՝ մրցունակ ու յառաջադէմ, նոր ճարտարագիտութեան վրայ հիմնուած տնտեսութիւն,

-Կազմաքանդուած, բարոյալքուած բանակի փոխարէն՝ իրապէս մարտունակ,  սպառազինութիւններով յագեցած  զինուած ուժեր, ոչ միայն պաշտպանողական, այլ հարկ եղած դէպքում նաև պաշտպանողական բանակ,

-մուրացիկ դիւանագիտութեան փոխարէն ազգային շահերի վրայ հիմնուած մասնագիտական, նախաձեռնողական, գործընկերային, բայց ոչ ստրկական արտաքին քաղաքականութիւն։ Արտաքին քաղաքականութեան ոլորտում պէտք է հանդէս գանք մեր օրակարգով, Արցախի ու Հայաստանի շահերն սպասարկող օրակարգով։

Մենք դա կարող ենք, դա անելու ենք միասին։  Ծրագրերը կան՝ ամէն օր մենք դա ներկայացնում ենք այստեղ քննարկումներում։ Այս հարթակից տալիս ենք հիմնական ուղղութիւնները։ Երկիրն այս վիճակից դուրս բերելու ե՛ւ ծրագիրը կայ, ե՛ւ խումբը կայ”։