Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութիւնը ունի իր աշխարհատարած ցանցը, որուն վրայ վերջին տարիներուն աւելցաւ Մոսկուայի գրասենեակը: Թէեւ նորաստեղծ, սակայն աշխուժութեամբ ուշադրութիւն գրաւող այս գրասենեակի տնօրէնն է Արթուր Փայտեանը, որ քանի մը շաբաթ առաջ Երեւան կը գտնուէր, մասնակցելու համար Համազգայինի Պատգամաւորական Ժողովին: Առիթը պատեհ էր աւելի մօտէն ծանօթանալու Մոսկուայի հայ գաղութի դժուարութիւններուն եւ այս գրասենեակի գործունէութեան:
«Գանձասար»-Մոսկուայի գրասենեակը նորագոյնն է «Համազգային»-ի գրասենեակներու շարքին: Եր՞բ սկսած է այս գրասենեակի գործունէութիւնը:
Արթուր Փայտեան.- Մոսկուայի գրասենեակը իրօք նորագոյնն է Համազգայինի գրասենեակների շարքին մէջ: 2021 թուականի Մայիսին մենք դիմել ենք Համազգայինի Երեւանի գրասենեակին, այնուհետեւ Համազգայինի Կեդրոնական վարչութեանը եւ առաջարկել ենք որ Ռուսաստանի Դաշնութիւնում, մասնաւորապէս Մոսկուայում ստեղծել Համազգայինի կառոյց: Ի ուրախութիւն մեզ, արձագանգը ստացել ենք անմիջապէս եւ Համազգայինի Կ. Վարչութեան այդ ժամանակուայ ատենապետ ընկ. Մկրտիչ Մկրտիչեանը եւ Երեւանից Կ. Վարչութեան անդամ ընկ. Սպարտակ Ղարաբաղցեանը եկել են Մոսկուա եւ Մայիս 2021-ին, մի խումբ նուիրեալների մասնակցութեամբ, ստեղծուել է Համազգայինի ժամանակաւոր վարչութիւն, որը վեց ամսուայ ընթացքում պէտք է ստեղծէր կառոյց, հաւաքէր նուիրեալների ու նրանից յետոյ մեր աշխատանքները շարունակուէին: Այդ վեց ամսուայ ընթացքում մենք կարողացել ենք ընկերներին համախմբել եւ Նոյեմբերին, եւս մի անգամ, մեր ընկերները եկել են Մոսկուա եւ ընտրուել է Համազգայինի Ռուսաստանի Վարչութիւն: Այդ այցելութեան ընթացքում մեր ընկերների հետ գնացել ենք Սանկտ Փեթերսպուրկ, որտեղ եւս ստեղծել ենք կառոյց: Փաստօրէն այսօր Ռուսաստանի Դաշնութիւնում գործում  են Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Մոսկուայի եւ Ս. Փեթերսպուրկի կառոյցները:
«Գ.»- Գիտենք, որ երկու միլիոնէ աւելի հայութիւն կայ այստեղ եւ այսպիսով Ռուսաստանը մեր մեծագոյն գաղութն է:  Իւրաքանչիւր երկիր եւ հայկական գաղութ ունին իրենց իւրայատկութիւնները: Այս իմաստով ինչպէ՞ս կը բնութագրէք Մոսկուայի (եւ Ռուսաստանի) հայ գաղութը: 
Ա.Փ.- Այո, ճիշդ էք նկատում: Ռուսաստանում երկու միլիոնից աւելի հայ է ապրում եւ գրեթէ հիմնականում ռուսական հայ գաղութը ունի իր իւրայատկութիւնը եւ խիստ տարբերւում է այլ գաղութներից: Եթէ այլ երկրներում գաղութները ձեւաւորուել են Ցեղասպանութիւնից յետոյ մազապուրծ այնտեղ հասած մեր հայրենակիցներից, ստեղծուել են տարբեր կառոյցներ (կրթական, մշակութային, Հայ Դատի գրասենեակներ եւ այլն), ապա Ռուսաստանի Դաշնութեան հետ մեր հայրենակիցները մշտապէս կապեր ունեցել են: Սովետական Միութեան փլուզումից յետոյ մեր շատ ու շատ հայրենակիցներ արտագաղթել են Ռուսաստան:
25 տարի է ապրում եմ Մոսկուայում  եւ այդ տարիներն շփուելով մեր հայրենակիցներին հետ ու տեսնելով, թէ ռուսական սփիւռքը ի՜նչ խնդիրների ու դժուարութիւնների հետ է առնչւում այդ տարիներին, եկել եմ այն եզրայանգման, որ մեր խնդիրները լեզուի, հայի ինքնութեան եւ մեր մշակոյթի պահպանումն ու տարածումն են նոր սերնդին մէջ:
Տեղափոխուելով Ռուսաստանի Դաշնութիւն շատ ու շատ ընտանիքներ ոչ միայն հնարաւորութիւն չունեն իրենց երեխաներին հայկական վարժարաններում ուսուցանելու, այլեւ որոշ դէպքերում՝ ընտանիքներում դադարել են խօսել հայերէն: Մտածելով, որ իրենց երեխաները յաճախելու են ռուսական ԲՈՒՀ-եր, ապրել ու գոյատեւելու են այստեղ, մեր լեզուն մղուել է երկրորդ հարթակ: Այս իրականութեան առնչուելով նկատել ենք, որ նոյնիսկ 40000-50000 հայ ապրող քաղաքներում չկան հայկական կրթական կամ համայնքային կառոյցներ: Ինչի՞ համար: Այդ առանձնայատկութիւնների շարքում պէտք է յստակօրէն ընդգծեմ, որ եթէ այլ երկրներում կան կրթական ամէնօրեայ հաստատութիւններ, Ռուսաստանում դրանք չկան: Երեխաները իրենց առօրեայում հիմնականում շփւում են ռուսական միջավայրի հետ, ռուսերէնով: Հայերէնը պահպանելու լուրջ խնդիր է յառաջացել:
Այս իրականութիւնը ըմբռնելով, մենք առաջարկեցինք Համազգայինի Կ. Վարչութեան Ռուսաստանում ստեղծել Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութիւն, որովհետեւ Համազգայինը իր մէկ դարուց աւելի գործունէութեան ընթացքում մշտապէս կրթութիւնը եւ մշակոյթը առաջնահերթութիւն է համարել ու կարողացել է դրսում՝ Սփիւռքում հային հայ պահել ու նրան պահել հայուն վայել լեզուամտածողութեամբ: Նեռարելով զանոնք տարբեր միաւորների մէջ, կարողացել է նրանց մէջ պահպանել մեր ազգային հպարտ կերտուածքի, լեզուական, պատմական եւ մշակութային ժառանգութիւնը պահպանելու գիտակցութիւնը, որն էլ անհրաժեշտ է, որպէսզի Սփիւռքում ապրելով՝ մեր սերունդները չմոռանան իրենց պատկանելիութիւնը:
Ռուսաստանում եւս մի խնդիր կայ, որը պէտք է նկատի առնել. դա կրօնի նմանութիւնն է: Ռուսները եւս քրիստոնեայ ազգ են եւ այստեղ խառն ամուսնութիւնները բաւականին շատ են: Դա եւս ռուսական մշակոյթի ազդեցութեան տակ ընկնելու կարեւոր ազդակ է:
Հետեւաբար, այս առանձնայատկութիւնները հաշուի առնելով արդէն անյետաձգելի էր դարձել Համազգայինի գործունէութեան ծաւալումը այստեղ: Միայն վերջերս ենք սկսել տարբեր տիպի հայկական կրթօճախների, միօրեայ դպրոցների, տարբեր համոյթների եւ կառոյցների ստեղծումը, որոնք միտուած են այս խնդիրների լուծմանը:
«Գ.»-Վերի հարցումը շարունակեմ. Այս պայմաններուն մէջ ի՛նչ առաջնահերթութիւններ դրած էք ձեր գրասենեակին համար եւ հիմնական ի՞նչ միջոցներու կը դիմէք զանոնք իրագործելու համար: Այլ կազմակերպութիւններու եւ կառոյցներու հետ կը գործակցի՞ք:
Ա.Փ.-  Մենք, ի հարկէ, համագործակցում ենք տարբեր կառոյցների հետ: Նկատի ունեմ թէ՛ ՀՀ դեսպանութիւնը, թէ՛ Հայց. Առաքելական Եկեղեցին, Նոր Նախիջեւանի Թեմը, Ռուսահայերի Միութիւնը, տարբեր մշակութային միութիւններ, որովհետեւ ըստ էութեան նոյն գործն ենք անում: Հայապահպանութիւնը՝ միայն այս ոլորտով մտահոգ եւ զբաղող տարբեր կառոյցների հետ գործակցելով  կարող է հասնել յաջողութեան: Տարբեր առիթներով միջոցառումներ ենք կազմակերպել: Սկսենք նրանից,որ անցեալ տարի ընկերների այցի ժամանակ անգամ մենք սկսեցինք գրական ակումբը եւ կարողացանք իրականացնել տարաբնոյթ գրքերի շնորհանդէսներ, մեր մշակութային ժառանգութիւնը ներկայացնող միջոցառումներ: Աւելի յստակ ու ճշգրիտ կարող եմ ասել, որ ՀՀ դեսպանատան մշակութային կեդրոնում անցեալ տարի կարողացանք 5-6 մշակութային ձեռնարկ իրականացնել, որոնցմէ երեքը տարբեր գրքերի շնորհանդէսներ էին: Այդ գրքերից մէկը Համազգայինի Երեւանի գրասենեակի կողմից հրատարակուած «Հնչող Ձայներ»-ն էր: Դա տեղի ունեցաւ անցեալ Նոյեմբերին, Կ. Վարչութեան ընկերների այցելութեան ժամանակ, Ս. Փեթերսպուրկում, նորաստեղծ կառոյցի հետ համատեղ աշխատանքով: Եռօրեայ այցելութեան ժամանակ կարողացանք յաւուր պատշաճի ներկայացնել վերջին պատերազմում անմահացած 11 երիտասարդ ստեղծագործողներին գործերը:Կազմակերպած ենք նաեւ Վաչագան Մանուկեանի նուիրուած «Ազգային Հերոսը» եւ Գայիանէ Փայտեանի «Քոչ» եւ «Ծալլուած Ստուեր» գրքերու շնորհանդէսները:
Մեր գործունէութեան հիմքում դրել ենք այնպիսի ձեռնարկներ, որոնք իւրայատուկ եւ չկրկնուող լինեն: Օրինակ. մեր ընկերուհիներ Բալիկ Քալէմքէարեանի եւ Նունէ Սարգսեանի հետ կարողացանք եկեղեցու պատերից դուրս առաջին անգամ ըլլալով ներկայացնել մեր շարականները: Մենք փորձեցինք մեր այդ հրաշալի շարականները հրամցնել ոչ միայն հայ, այլեւ օտար արուեստասէր հասարակութեան: Եկեղեցւոյ կամարներէն դուրս, Մոսկուայի Ազգութիւնների Տան կազմակերպուած այդ երեկոյին մասնակցում էին ոչ միայն մեր երգիչները, այլեւ հրաշալի մի խումբ՝ «Ararad band»-ը: Համատեղ այս համերգը մեծ արձագանգ ունեցաւ եւ բոլորի կողմից ընդունուեց: Այնուհետեւ, նոյն տրամաբանութեամբ, մեր սիրելի երգչուհիների ջանքերով Վեթենխայի հայկական տաղաւարում ներկայացրեցինք հայկական օրօրոցայինները: Սա եւս աննախադէպ էր ռուսահայ գաղութին համար: Հայ մշակոյթի այդ սքանչելի նմուշները յաջողեցինք յաւուր պատշաճի ներկայացնել հայ եւ ռուս հասարակութեան եւ արժանացանք անոնց ջերմ գնահատանքին:
Փորձում ենք նաեւ համագործակցել այլ հայկական միօրեայ (շաբաթօրեայ եւ կիրակնօրեայ) դպրոցների հետ: Ու քանի որ Ռուսաստանի ոչ մի կառոյց (այդ իմաստով՝ թէ՛ դեսպանատունը, թէ՛ Հայերի Միութիւնը) ճշգրիտ պատկերացում չունի թէ քանի՞ հայկական դպրոց կայ Ռուսաստանի տարածքում, մենք փորձեցինք այդ գործը վերցնել մեր վրայ եւ հնարաւորինս ճշդել ու տեղեկութիւններ հաւաքել ու գործունէութեան հարթակ ստեղծել: Դրա առաջին արդիւնքը անցած տարուան Մայիսի վերջին նոյն Վեթենխայի հայկական տաղաւարում կազմակերպուած «Հայաստան Ասելիս» խորագրով փառատօնն էր, որտեղ ներկայացուած էին մօտ 15 միօրեայ դպրոցների աշակերտներ: Մեր երեխաները հայերէն էին ասմունքում ու տարբեր անուանակարգերով մրցանակներ ստացան: Դա եւս հրաշալի արձագանգ ունեցաւ: Մենք փորձեցինք նաեւ այդ դպրոցների պատասխանատուներին ներկայացնել գործակցութեան ձեւաչափի մեր տեսլականը, մեր ծրագրերը եւ նոյնպէս հրաշալի արձագանգ ստացանք:
Մենք նաեւ յաջողեցանք կազմակերպել ուսուցիչների հաւաք, որին առկայ եւ հեռակայ կարգով մասնակցող ուսուցիչներին հետ քննարկեցինք մեր առաջ ծառացած դժուարութիւնների մասին: Այդ համագործակցութիւնը պէտք է շարունակուի, որպէսզի ստեղծենք մեծ հարթակ, ուր Ռուսաստանում գործող հայոց լեզուի ուսուցիչները կարողանան շփուել եւ ուսուցման հարցերը քննարկել: Ցարդ ունենք whatsapp-ի խումբ, ուր այլազան խնդիրներ կ’արծարծուեն եւ մեր երեխաներին հայերէն ուսուցանելու աւելի ճկուն ու այժմէական միջոցներն են քննարկւում:
Մեր գործակցութեան դաշտը ընդգրկում է նաեւ մեր համար կարեւորագոյն ուղղութիւններից մէկը՝ մեր եկեղեցին: Մեր ընկերների այցելութեան ընթացքին հանդիպում կազմակերպեցինք Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Թեմի Առաջնորդ Եզրաս Արք. Նէրսիսեանի հետ, որի ընթացքում քննարկուեցին համագործակցութեան եղանակները, որպէսզի կարողանանք լուծել մեր հարցերը: Նշեմ, որ թէ՛ այդ օրերին, թէ՛ ատկէ վերջ, Սրբազանը մշտապէս աջակցել է մեր ծրագրերին:
(Շար.1)
Հարցազրոյցը վարեց
Մարի Մերտխանեան