10 Օգոստոս 1920-ին Փարիզի արուարձան Սեւրում համաշխարհային պատերազմում յաղթած երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճափոնիա, ինչպէս նաեւ Պելճիքա, Յունաստան, Լեհաստան, Փորթուկալ, Ռումանիա, Հայաստան, Չեխոսլովաքիա, Սերպերի, Խորուաթների եւ Սլովենների թագաւորութիւն, Հիճազ) եւ սուլթանական Թուրքիայի ներկայացուցիչների միջեւ կնքուեց հաշտութեան պայմանագիր:
Սեւրի հաշտութեան պայմանագրի հիմքում դրուած էին 1916 թ. Սայքս-պիքօ համաձայնագրի դրոյթներն ու տէրութիւնների 1920 թ. Սան Ռեմոյի խորհրդաժողովի որոշումները:
Սեւրի պայմանագրի 3-րդ մասի 6-րդ բաժնի 88-93-րդ յօդուածներն ամբողջութեամբ վերաբերում էին Հայաստանին: 88-րդ յօդուածով Հայաստանը Թուրքիայի կողմից ճանաչւում էր իբրեւ ազատ եւ անկախ պետութիւն: 89-րդ յօդուածով Հայաստանին էին անցնում Էրզրումի, Վանի, Պիթլիսի եւ Տրապիզոնի նահանգները: ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնին էր թողնւում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանագծման գործը, որը կատարուեց  22 Նոյեմբերի 1920-ին: Յիշեալ նահանգներում Հայաստանը ստանում էր 90.000 քմ2 տարածք՝ դէպի Սեւ ծով ելքով: Հայաստանի տարածքը դառնում էր աւելի քան 160.000 քմ2:
Սակայն Սեւրի պայմանագրին վիճակուած չէր իրականութիւն դառնալ եւ այն մնաց թղթի վրայ: Անհրաժեշտ էր վերագրաւել Արեւմտեան Հայաստանի տարածքները, որոնք անցել էին ռազմաքաղաքական լուրջ գործօնի վերածուած քեմալականների հսկողութեան տակ: Իսկ քեմալականները չեղեալ յայտարարեցին Սեւրի պայմանագիրը՝ շեշտելով, որ անգամ մի թիզ հող չեն զիջելու հայերին: Մեծ տէրութիւնները մտադիր չէին զոհողութիւնների գնալ Սեւրի պայմանագրի իրագործման համար: Իսկ հայ ժողովուրդը ի զօրու չեղաւ սեփական ուժերով գործնականացնել այն:
Սեւրի պայմանագիրն ունի բարոյական եւ իրաւական մեծ նշանակութիւն հայ ժողովրդի համար, քանզի նրանով աշխարհի հզօր երկրները եւ նրանց փոքր դաշնակիցները թուրքիայի հետ ճանաչում էին հայ ժողովրդի իրաւունքները իր պատմական հայրենիքի մեծագոյն մասի նկատմամբ, ճանաչում էին միացեալ Հայաստան ունենալու հայութեան իրաւունքը:
Սեւրի պայմանագրով թուրքական բռնապետութեան դէմ երկար տարիներ ազգային ազատագրական պայքար ծաւալած, Ցեղասպանութիւն ապրած, ապա նաեւ յարատեւելու ցանկութիւնը Սարդարապատում վերահաստատած հայ ժողովուրդն իր հայրենիքում պետութիւն ունենալու իրաւունք է վաստակում: Շատ բնորոշ է վաստակաշատ պատմաբան Գալուստ Գալոյեանի կարծիք-գնահատականը. «Սեւրի պայմանագիրը Արեւմտեան Հայաստանի նկատմամբ հայ ժողովրդի իրաւունքների միջազգային ճանաչումն էր. անկախ այն հանգամանքից, որ պայմանագիրը կեանքի չկոչուեց»:
Փարիզի խաղաղութեան վեհաժողովին հայկական կողմի ներկայացուած յուշագրով նախատեսւում էր Հայաստանի Հանրապետութեանը միացնել ամբողջ Արեւմտեան Հայաստանը եւ Կիլիկիան: Սակայն Սեւրի պայմանագրով որոշուեց Հայաստանին տարածքներ յատկացնել միայն չորս նահանգներից: Սահմանների նման կրճատումը պայմանաւորուած էր Ցեղասպանութեան հետեւանքով հայ ժողովրդի ունեցած մարդկային կորուստներով: Որդեգրուած սկզբունքն այն էր, որ Հայաստանը այնպիսի սահմաններ պէտք է ունենայ, որ ապահովուի դէպի ծով ելքով եւ իրապէս երաշխաւորուի նրա անկախ գոյութիւնը: Այս առումով Սեւրի պայմանագրի իրացումը ոչ միայն հայ ժողովրդի իրաւունքների ճանաչում էր ենթադրում, այլեւ պէտք է ապահովեր հայոց պետականութեան ինքնիշխանութիւնն ու կենսունակութիւնը:
Սեւրի պայմանագիրը ստորագրող պետութիւնները գիտէին, որ այդ պահին Հայաստանին յատկացուող սահմանների մեծագոյն մասը քեմալականների ձեռքին էր: Իսկ Հայաստանը այդ ուժը չունէր զէնքով ետ նուաճելու համար: Տեղին են Ն. Ադոնցի այն նկատառումները, որ Սեւրի պայմանագրով մեծ տէրութիւնները վճռական գտնուեցին Օսմանեան կայսրութիւնից առանձնացուած միւս պետութիւնների նկատմամբ, իսկ Հայաստանի հարցում նոյնիսկ սահմանների որոշումը յետաձգուեց՝ այն վերապահելով ԱՄՆ նախագահին: Իրականում դաշնակից տէրութիւնների կառավարութիւններից եւ ոչ մէկը մտադրութիւն չունէր զօրքեր ուղարկել Արեւմտեան Հայաստան:
Ուստի պարզ էր, որ Սեւրի պայմանագիրը մի միջազգային փաստաթուղթ էր, որը եթէ վաւերացուէր, լոկ իրաւունք կը տար հայերին սեփական ուժերով Թուրքիայից ետ խլել իրենց պատմական տարածքները: Սակայն Հայաստանն այդ ժամանակ ի զօրու չէր ոչ միայն Սեւրով նախատեսուած տարածքներն ազատագրել, այլեւ՝ պաշտպանել Արեւելեան Հայաստանի սահմանները: Արդիւնքում Սեւրի պայմանագիրը չիրագործուեց, եւ հայ ժողովրդի պատմական հայրենիքի մեծ մասը մնաց Թուրքիայի տիրապետութեան տակ:
Այնուհանդերձ, Սեւրի պայմանագիրը Արեւմտեան Հայաստանի նկատմամբ մեր ժողովրդի ունեցած իրաւունքների միջազգային ճանաչումն է, եւ մենք, մեր սերունդները պէտք է տէր կանգնենք այդ իրաւունքին:
Այս օրերին շատ է խօսւում իրատես լինելու անհրաժեշտութեան մասին եւ ակնարկւում, որ սեւրեան Հայաստանի պահանջը ոչ միայն հեռու է իրատեսութիւնից, այլեւ վտանգում է հայ ժողովրդին:
Այն, որ պէտք է լինել իրատես եւ քայլեր իրականացնել սեփական կարողութիւններն ու հնարաւորութիւնները հաշուի առնելով, ոչ ոք չի հերքում: Բայց այնուամենայնիւ իրատես լինելը թելադրում է նաեւ հէնց այսօրուայ աշխարհաքաղաքական զարգացումների տեսանկիւնից ունենալ ինքնիշխան եւ կենսունակ պետութիւն:
Հաւատացէք, որ դա հնարաւոր է նուազագոյնը սեւրեան սահմաններով: Դրա համար անհրաժեշտ է ոչ թէ կեղծ իրատեսական սոփեստութիւններով փայլատակել հայ քաղաքական տկարացած մտքի երկնակամարում, այլ ուղիներ որոնել քայլ առ քայլ ուժեղանալու, յամառօրէն քարը քարի վրայ դնելու եւ սեւրեան երազին հասնելու: Այո, Սեւրը այսօր երազ է, բայց վաղը դրա ի կատար ածման համար նոյնիսկ անկախ մեզնից կարող է իրական հնարաւորութիւն լինել, բայց մենք պատրաստ չլինենք դրան, որովհետեւ այսօր որոշները դա անհնարին են համարում: Հետեւաբար, իրատես լինելուն զուգահեռ պէտք է նաեւ հեռատես լինել: Որեւէ մէկը իրաւունք չունի սահմանափակելու սերունդների հնարաւորութիւնները:
Հ. Գ. -1 Վերջին երկու տարում իրատեսութեան քօղի տակ ժողովուրդներին, նախ հայ ժողովրդին նախապատրաստում էինք խաղաղութեան, տեսանք, թէ ինչ խաղաղութիւն բերեցինք մեր գլխին:
Հ. Գ. – 2 Ցաւալի է, որ սեւրեան Հայաստանը նոյնիսկ այս օրերին մերժւում է միայն չարախնդալու համար: Խելքի գալու ժամանակն է…:
Խաչատուր Ստեփանեան
Խ. Աբովեանի անուան հայկական պետական
մանկավարժական համալսարանի Համաշխարհային
պատմութեան ամպիոնի վարիչ, պ.գ.դ., փրոֆեսոր