Երէկ երեկոյեան հեռացանք Աղաւնոյից…
Մի ոստիկան «ընկերաբար յորդորեց» լքել տարածքը, որովհետեւ «վաղը կարող է արդէն ուշ լինել»։
Հեռացանք, որովհետեւ մնալու հիմքեր չունէինք, որովհետեւ չափազանց անզօր էինք, որովհետեւ արեցինք, երեւի, ինչ կարող էինք…
Շատ են հարցնում. «Հը՞, ի՞նչ կար Աղաւնոյում»: Հիմա ասեմ…
7-ամեայ Ալեքսն իր ծննդեան օրը սեփական մահճակալն էր քանդում, որ յետոյ նայեր, թէ ոնց են տեղաւորում բեռնատարի մէջ։
Ասում եմ.
-Ալե՛քս, բա ի՞նչ նուիրեմ ծնունդիդ։
Նայում ա դէմքիս մեծի, շա՜տ մեծի խորը հայեացքով ու ասում.
-Սրանից յետոյ էլ ի՞նչ նուէր…
Կարինէի ընտանիքը տան ապրանքը բարձելուց  յետոյ ինչ մնացել էր, ինչ չէին կարող տանել, ինչ չէին ուզում տանել, հանեցին դուրս ու այրեցին՝ ամէն մէկը փորձելով, ինչպէս կարող է, թաքցնել մատնիչ արցունքները…
15 ամեայ Անիին ասում եմ.
-Բա ի՞նչ ես ուզում սովորես, Երեւանում ի՞նչ պիտի անես:
Ասում ա.
-Չեմ կարայ սովորեմ, պիտի աշխատեմ, որ օգնեմ մօրս:
Անիենց ընտանիքում 5 թէ 6 երեխայ էին…
Մի տատի, որ տեսել էր երկու պատերազմ, տեղահանուել արդէն 2 անգամ, տան պատերն էր անխնայ համբուրում…
Էս ամէնը սիրտ մաշող է, ի հարկէ, բայց շատ աւելի տխուր է ականատես լինել, թէ ինչպէս են ռուսները վերցնում վաւերագիր ռեժիսորի տեսախցիկը, որ էլ չնկարի, իսկ ատրպէյճանցի լրագրողը գալիս է քթներիս տակ՝ ռուսներով շրջապատուած, նկարում, հարցազրոյց վերցնում ու գնում։
Ցաւեցնող է, որ այդպէս էլ ոչ ոք տեսաւ որեւէ գրաւոր փաստաթուղթ՝ տարհանման հետ կապուած, որ ռուս պաշտօնեան ինչ-որ լղոզուած, անհասկանալի յայտարարութիւն է անում, ՄԻՄԴ-ը (Մարդկային Իրաւունքներու Միջազգային Դատարան)  ինչ-որ միջանկեալ միջոցի մասին է խօսում, մեր իշխանութիւնն էլ է լռում, ընդդիմութիւնն էլ, իսկ ուժային կառոյցները յորդորում են բնակիչներին՝ ոչնչին ուշադրութիւն չդարձնել ու անաղմուկ, առանց խնդիրներ ստեղծելու հեռանալ գիւղից։
Ցաւեցնող է՝ տեսնել հերոս գիւղապետին, ով խոստովանում է՝ մենք մենակ ենք մնացել, եթէ անգամ որոշենք պայքարել ու մեռնել, անգամ մեր դիակների հետեւից չեն գայ…
Ցաւեցնող է տեսնել ամերիկահայ Էլիսոնին, ով արդէն երկու ամիս է, թողած ամէն ինչ, ապրում է Աղաւնոյում՝ բնակիչների կողքին ու լացելով կիսահայերէն ասում է.
-Ես մնալ այստեղ, չուզեմ գնալ, իմ տուն, իմ հող էս է…:
Ո՞նց մխիթարես, ո՞ւմ ի՞նչ ասես, դու, որ իրենց հոգսով ապրել ես ընդամէնը 7 օր…
Եւ այս ամէնի հետ մէկտեղ՝ ամենացաւեցնողն այն է, որ Երեւանում շատերը չգիտեն Աղաւնոյի տեղը…
Մնում է հայեացքդ ուղղես երկինք ու ասես.
-Տէ՛ր, քեզ համար անկարելի ոչինչ կայ, գթա՜ ազգիս…:
Յետոյ բռունցքդ սեղմած ասես.
-Արցախը Հայաստան է ու վերջ. մենք դեռ վերադառնալու ենք Աղաւնօ էլ, Բերձոր էլ, Շուշի էլ… Ու էդ ամէնից յետոյ՝ գնաս նստես երեխուդ կողքին ու ցոյց տաս քարտէզը, ասես, որ էս Շաբաթ-Կիրակի ոչ թէ կը գնաք կառուսել, այլ կը գնաք Արցախ շրջելու, կամ՝ Սիւնիք, կամ՝ Տաւուշ, կամ Լոռի… Ճանապարհին էլ չմոռանաս երեխային ասել, որ խմած հիւթի շիշը մեքենայի պատուհանից դուրս չնետի, ծամօնն աթոռի տակ չկպցնի, գիրք շատ կարդայ, ընկերների մօտ էլ քիչ գլուխ գովայ իր ունեցած թոյն հեռախօսով կամ հօր քշած աւտոյով…
Ու կ’ուժեղանանք, ու կարող ենք պահանջատէր լինել, ու կը վերադառնանք… Եթէ ոչ մենք, գոնէ էն եկող սերունդը, որ կ’իմանայ Արցախի տեղն էլ, աղբամանի տեղն էլ, ով կը հասկանայ, որ հայրենիքը հենց ինքն է, ու իր ամէն մի փոքր քայլով կարող է քանդել այդ հայրենիքը կամ հզօրացնել, ով կ’իմանայ եւ՛ բռունցքը սեղմել, եւ՛ բռնել կողքինի ձեռքը, եւ՛ հայեացքն ուղղել երկինք, ով չի սպասի՝ հրդեհի բոցը հասնի իր տանը, նոր մտածի կրակը յանգեցնելու մասին… Ու մենք կը վերադառնանք…
Արմէն Նիազեան