31 Հոկտեմբեր 2022-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ատրպէյճանի ղեկավարների միջեւ ստորագրուած Սոչիի յայտարարութիւնը ընդհանուր առմամբ հակահայկական է եւ մեզ համար որեւէ դրական միտք չի պարունակում, մինչդեռ Ատրպէյճանի համար կայ տարածքային ամբողջականութեան յատուկ յիշատակում՝ անտեսելով ժողովուրդների ինքորոշման սկզբունքը: Սա հայկական կողմի աշխատանքի բացակայութեան հետեւանք է:
Բայց եթէ փորձենք աւելի ուշադիր նայել, ապա կը տեսնենք, որ Ռուսաստանի կողմից յայտարարութիւնում նշուել են մտքեր, որոնք թէպէտ արուել են ռուսական շահի առաջմղման համար, բայց մեզ տալիս են որոշակի հնարաւորութիւններ: Դրանցից մէկը վերաբերում է Արցախում ռուսական խաղաղապահ զօրքի դերին: Ատրպէյճանի նախագահը փաստացի ընդունում է, որ խաղաղապահները կարեւոր դեր են կատարում Արցախում, հետեւաբար նրանք մնալու են այնտեղ: Ես վստահ եմ, որ դեռ շատ երկար կը մնան, եթէ չասենք՝ տասնամեակներ:
Միւս կէտը 1991թ. Ալմաաթայի հռչակագրի յիշատակումն է: Այս փաստաթուղթը ներառել է մի կարեւոր կէտ ինքնավար կազմաւորումների ինքնորոշման իրաւունքի եւ ԱՊՀ-ի կազմ մտնելու հնարաւորութեան մասին՝ ուղիղ կերպով առնչուելով Արցախին: Թէպէտ Սոչիի յայտարարութեան մէջ խօսք չկայ ինքնորոշման մասին, բայց Ալմաաթայի հռչակագրի յիշատակումն արդէն իսկ դրա վկայութիւնն է: Մեզ համար կարեւոր է հէնց այս հռչակագրի շարունակական վկայակոչմամբ առաջ մղել ինքնորոշման իրաւունքը:
Յայտարարութեան մնացած հատուածները մեծ հաշուով քաղաքական լօլօներ են, արարողակարգային տողեր:
Պաշտօնական արարողութիւններից ու հիւրերին ճանապարհելուց յետոյ ՌԴ նախագահ Փութինը մամուլի ասուլիս տուեց, որտեղ մի քանի միտք եւս արտայայտեց.
1- Արցախում ռուս խաղաղապահների մնալու ժամկէտների մասին իրենք խօսել են, հիմա չեն ցանկանում մանրամասներ յայտնել: Փութինն ասաց, որ խաղաղապահների գործունէութիւնը աւելի շատ կախուած է լինելու Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ այսպէս կոչուած խաղաղութեան պայմանագրի էութիւնից՝ ակնարկելով, որ իրենք ամէն դէպքում մնալու են Արցախում:
2- Տակաւին կան մի քանի սկզբունքային անհամաձայնութիւններ, որոնց մասին թէպէտ կարելի է խօսել, բայց պէտք չի դրանք բարձրաձայնել: Սա Փութինի ձեւակերպումն է:
Կարծում եմ, Փութինն էլ ինձ նման վստահ չէ, որ Նիկոլ Փաշինեանը կը կարողանայ յաղթել իր լեզուին ու չի բացայայտի այդ գաղտնիքը:
3- Փրակում Փաշինեան-Ալիեւ հանդիպման մասին խօսելիս Փութին յստակ ասաց, որ թէպէտ փորձ է արւում Ռուսաստանը դուրս թողնել հակամարտութեան կարգաւորման գործընթացից, բայց դա հնարաւոր չէ:
Սպասենք, որ շաբաթներ անց Նիկոլ Փաշինեանը մեկնի Եւրոպա ու այնտեղ նոր հանդիպում ունենայ Ալիեւի հետ՝ այս անգամ արդէն Արեւմուտքին հաճելի ձեւակերպումներով յայտարարութիւն ստորագրելով:
Նայիրի Հոխիկեան