Աւելի քան շաբաթ մըն է, որ Ատրպէյճան փակ կը պահէ Հայաստանը Արցախին կապող Բերձորի (Լաչին) միջանցքը: Արցախցիներուն տագնապին եւ Արցախի ներկայ իրավիճակին մասին յաւելեալ տեղեկութիւններ ստանալու համար «Գանձասար» կապ հաստատեց Արցախի ՀՅԴ պաշտօնաթերթ «Ապառաժ»-ի աշխատակից Վահագն Խաչատրեանի հետ, որ հետեւեալ մանրամասնութիւնները փոխանցեց: 
«Գանձասար» Կրնա՞ք յստակօրէն ներկայացնել, թէ ի՛նչ էին Բերձորի (Լաչին) միջանցքի փակման եւ Արցախի բնակչութեան կազամատակարարման խափանման Ատրպէյճանի պատրուակները, ի՞նչ է իրավիճակը ներկայիս (ներառեալ կրթական հիմնարկներու պարագան):
Վահագն Խաչատրեան-Դեռեւս Դեկտեմբերի 3-ին, Շուշիի հատուածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ատրպէյճանցիներ էին բնապահպանական կեղծ պատճառաբանութեամբ փակել Արցախը մայր Հայաստանին կապող միակ մայրուղին:
Ճանապարհը բացելու նպատակով ատրպէյճանական կողմին հետ Արցախում տեղակայուած ռուսական խաղաղապահ զօրակազմի բանակցութիւններից յետոյ հնարաւոր եղաւ հասնել խնդրի կարգաւորմանը: Դեկտեմբերի 10-ին յայտնի դարձաւ, որ Ատրպէյճանցի «բնապահպաններ»-ը ռուս խաղաղապահների ուղեկցութեամբ հասել են Կաշէնի հանք, սակայն  հանքի աշխատակիցներն ու յարակից գիւղի բնակիչները փակել էին նրանց ճանապարհն ու արգելել մուտք գործել հանքի տարածք:
Դեկտեմբերի 12-ին արդէն յայտնի դարձաւ, որ ատրպէյճանցի «ակտիւիստները» ցոյց են անում ռուս խաղաղապահների դէմ՝ պահանջելով դադարեցնել «հայերի կողմից Արցախում իրականացուող բնապահպանական ահաբեկչութիւնը» եւ առաւօտեան ժամը 10:30-ի հատուածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Հասկանալի է, որ Ատրպէյճանի պահանջներն ամենեւին էլ բնապահպանական խնդիրները չեն, դա վկայում են նաեւ բնապահպաններ ներկայացող քաղաքացիական հագուստով ատրպէյճանցի յատուկ ջոկատայինները:
Հանքարդիւնաբերութիւնն ապահովում է Արցախի պիւտճէի հարկային եկամուտների մեծ մասը. ուստի նրանք ցանկանում են վերահսկողութեան տակ առնել հանքի աշխատանքները, բացի դրանից, շրջափակելով Արցախը, Ատրպէյճան ցանկանում է ճնշել արցախցիներին, այդպիսով արագացնելով Արցախի հայաթափումը, որով նրանք ցանկանում են Արցախը էթնիկ զտման ենթարկել: Աշխարհում տեղի ունեցող զարգացումների համատեքստում, դժուար չէ հասկանալ, որ Ատրպէյճանն ու Թուրքիան  փորձում են օգտուել Հայաստանի թուլացած վիճակից եւ հնարաւորինս շատ ճնշումներով առաւելագոյն պահանջներ ներկայացնել ու ստանալ դրանք:
Ձմրան այս ցուրտ պայմաններում, Ատրպէճան փորձում էր նաեւ էներկեթիկ ճգնաժամ յառաջացնել Արցախում՝ անջատելով Արցախը սնուցող կազատարն ու Արցախը զրկելով բնական կազ ստանալու հնարաւորութիւնից: Սակայն սա երկար չտեւեց եւ մեզ համար դեռեւս անհասկանալի պայմաններում Ատրպէճան վերականգնեց Արցախի կազամատակարարումը: Այս պահի դրութեամբ վերականգնուել է ուսումնական գործընթացը, որ դադարեցուել էր ջեռուցման բացակայութեան պատճառով:
Առ այսօր Ատրպէյճան շարունակում է քաղաքակիրթ աշխարհի աչքի առջեւ պատանդ պահել Արցախի 120.000-ից աւելի քաղաքացիներին՝ խախտելով միջազգայնօրէն ընդունուած մարդու հիմնարար իրաւունքներն ու միջազգային օրէնքները:
«Գ»- Մարդասիրական ինչպիսի՞ օժանդակութիւններ տեղի ունեցան եւ տակաւին ինչպիսի՞ օժանդակութիւններու կարիքը ունի Արցախը այսօր:
Վ.Խ.- Ցաւօք սրտի որեւէ մարդասիրական օժանդակութիւն Արցախում չի իրականացուել: Այժմ հրատապ է մնում սնունդ եւ դեղորայք ներմուծելու եւ ծանր հիւանդներին Արցախի Հանրապետութիւնից դուրս բուժում ստանալու անհնարինութեան հարցը: Պարզ է, որ պաշարներն Արցախում անսպառ չեն. այս պահի դրութեամբ  զգացւում է յատկապէս մանկական կերերի պակասը: Սակայն Արցախի ժողովուրդը նոյնիսկ այս բոլոր դժուարութիւնները գիտակցելով կատարել է իր ընտրութիւնը, այն է՝ դիմանալ բոլոր դժուարութիւններին, սակայն որեւէ զիջում չանել: Պետական շահը վեր է ամէն ինչից. այս գիտակցումը կայ ե՛ւ իշխանութիւնների, ե՛ւ ժողովրդի մօտ, ինչը բաւականին ոգեւորիչ է շրջափակման մէջ յայտնուած մեր ժողովրդի համար: Արցախցին կարողացել է յաղթահարել 90-ականների մութ ու ցուրտ տարիները, սովը, 44-օրեայ պատերազմի արհաւիրքը եւ վստահ եմ, որ այս անգամ եւս մեր միասնականութեամբ կը կարողանանք յաղթահարել վրայ հասած փորձութիւնը: Արցախցին ցոյց է տալիս ամբողջ աշխարհին, որ պատերազմում կրած ծանր կորուստներից յետոյ էլ թեւաթափ չի եղել եւ ի զօրու է ամենածանր պայմաններում անգամ ոտքի կանգնել, համախմբուել եւ պայքարել թշնամու դէմ:
«Գ» Ի՞նչ ջանքեր գործադրուեցան Ատրպէյճանի սադրանքներու գծով միջազգային ընտանիքին մօտ արձագանգելու: ՀՅԴ Հայ Դատի եւ այլ մարմիններու դերակատարութիւնը ի՞նչ էր այս փուլին:
Վ.Խ.- Արցախի շրջափակման պահից ի վեր ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միութիւնը ձեռնամուխ է եղել բազմալեզու տեսահոլովակների պատրաստմանը, որպէսզի արտաքին աշխարհին տեղեկացնի ստեղծուած մարդկային ճգնաժամի մասին: Այս նախաձեռնութեանը միացել են նաեւ Արցախի համալսարանները, տարբեր կազմակերպութիւններ եւ երիտասարդներ:
Այս գործընթացում, սակայն, իր առանձնայատուկ դերն ունեն Հայ Դատի գրասենեակները: Գետնի վրայ մեծ աշխատանք է տանում յատկապէս ՀՅԴ Հայ Դատի գրասենեակը՝ տեղում ազդու տեղեկատուութիւն հաւաքելով եւ փոխանցելով: ՀՅԴ Հայ Դատի գրասենեակների աշխատանքների շնորհիւ աշխարհի տարբեր երկրներից՝ այդ թւում նաեւ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից տասնեակ պատգամաւորներ, քաղաքական գործիչներ ու կազմակերպութիւններ դատապարտել են Ատրպէյճանի հակամարդկային գործողութիւնները:
Գրասենեակները նաեւ նամակներ են յղել Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մաքրոնի եւ ԱՄՆ նախագահ Ճօ Պայտընին՝ պահանջելով քայլերի ձեռնարկել ստեղծուած իրավիճակը հանգուցալուծելու համար:
Հարցազրոյցը վարեց
Վեհան Պարսումեան