Երէկ Ստեփանակերտի մէջ տեղի ունեցած համաժողովրդական հանրահաւաքի ընթացքին ելոյթով հանդէս եկած է «Մենք Ենք Մեր Սարերը» գործակալութեան համահիմնադիր, նախկին պետական նախարար Ռուբէն Վարդանեան:

«Բարեւ ձեզ, յարգելի՛ արցախցիներ,

Առաջին հերթին ուզում եմ մեզ բոլորս շնորհաւորել։ 9 Մայիսը լինելու է միշտ մեր տօնը, մենք միշտ նշելու ենք մեր յաղթանակները եւ կերտելու ենք նոր յաղթանակներ, համոզուած եմ։

Շատ շնորհակալ եմ, որ այսօր երիտասարդները հրաւիրեցին ինձ ելոյթ ունենալ եւ միասին ըլլալ։ Գիտէ՞ք՝ սա երեւի ներկայիս Արցախի ամենակարեւոր օրերից է։ Լինելով տարիքով աւելի մեծ՝ ուրախ եմ, որ դուք էք այստեղ կանգնած, դուք էք սա կազմակերպել, դուք էք այս շարժումը սկսել, ապրէ՛ք, շնորհաւորում եմ ձեզ։
Մենք անպայման պէտք է շփուենք ժողովրդի հետ։ Ես չեմ ընդունում, որ ուղղակի յայտարարութիւններ ենք անում: Մենք մեր ծրագրերը իրականացնում ենք, սակայն ժողովուրդը չգիտի։ Ես գիտեմ, որ բանակում մեծ գործ է արւում, գիտեմ, որ տարբեր ուղղութիւններով աշխատում են, սակայն մարդիկ չգիտեն։ Երբ գնում եմ համայնքներ, մարդիկ ասում են՝ ոչ մի բան չկայ, շատ վատ է ամէն ինչ, սակայն այդպէս չէ: Շփումը քիչ է, ժողովուրդը պէտք է հասկանայ՝ ինչ ենք անում մենք միասին։

Այս հայրենական պատերազմը միակ ճանապարհն է համախմբուելու եւ դրա համար, ղեկավարնե՛ր, դուք պէտք է լինէք արժանապատիւ մեր ժողովրդի համար, որովհետեւ ուրիշ ձեւ չի լինելու։ Մարդիկ պէտք է ձեզ հաւատան ու յարգեն, դա շատ կարեւոր է։

Պայքարը Արցախի համար ոչ թէ միայն մարտական քայլերն են, դա նաեւ մարդկանց պահելաձեւն է՝ մեր մտքերի մաքրութիւնը, սկզբունքներին պինդ կառչելը, առանձին կարեւոր նպատակները երկրորդելու եւ ընդհանուր նպատակները առաջին տեղում դնելու պատրաստութիւնը:

Մենք ձեզ հետ այսօր կերտում ենք պատմութիւն եւ պատմութեան մէջ մենք ենք մնալու, ոչ թէ վախկոտները, ոչ թե կոռումպացուած մարդիկ, ոչ թէ մարդիկ, որ անտարբեր են եղել: Մենք ենք մնալու պատմութեան մէջ որպէս մարդիկ, ովքեր կանգնել են հայոց աշխարհում ու պաշտպանել մեր արժանապատուութիւնը:

Վստահ եմ՝ դա լինելու է այս դարերի պատմութեան ամենակարեւոր էջը»։