Արցախի մէջ տիրող ծանր կացութեան առնչութեամբ Մայր Աթոռի Գերագոյն հոգեւոր խորհուրդը հանդէս եկած է հետեւեալ յայտարարութեամբ.

«Վրդովմունքով ենք արձանագրում, որ Ատրպէյճանի ռազմատենչ ու հայատեաց շարունակուող գործողութիւնների, Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով առաւել խորանում է մարդկային իրավիճակը Արցախում: Խորապէս մտահոգիչ է, որ, հակառակ Ռուսաստանի Դաշնութեան Խաղաղապահ զօրախմբի ներդրած ջանքերին, ատրպէյճանական յարձակողապաշտութիւնը ստանում է նոր ծաւալներ:

Ստեղծուած ծանր կացութեան մէջ, երբ Արցախի ժողովուրդը զրկուած է անհրաժեշտ սննդի, դեղորայքի և կենսական պարագաների մատակարարումներից և բախւում է Ատրպէյճանի ցեղասպանական գործողութիւններին, դիմում ենք Մինսքի խմբի համանախագահող երկրներին, Եւրամիութեան անդամ պետութիւններին՝ հրատապօրէն ձեռնարկել կանխարգելիչ գործողութիւններ, այդ թւում Ատրպէյճանի նկատմամբ պատժամիջոցներ, որպէսզի ժամ առաջ ապաշրջափակուի Արցախի կեանքի ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, և վերականգնուի բնականոն կեանքը Արցախի Հանրապետութիւնում:

Հարկ է, որ միջազգային հանրութիւնը առաւել գործնական քայլերով դատապարտի Ատրպէյճանի անմարդկային և թշնամական քաղաքականութիւնը՝ ուղղուած Արցախի ժողովրդի դէմ։ Հարկադրանքի և հաշուեհարդարի սպառնալիքների ներքոյ Արցախում չի կարող հաստատուել խաղաղութիւն:

Մեր յորդորն ենք ուղղում Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններին՝ հրաժարուել զիջողական կեցուածքներից, դրսևորել վճռականութիւն և մարդու հիմնարար իրաւունքների համապարփակ կիրառմամբ ապահովել իրավիճակի այնպիսի հանգուցալուծում, որը երաշխիք կը դառնայ հայրենի հողի վրա Արցախի ժողովրդի անկախ, անվտանգ ու արժանապատիւ կեանքի։

Յորդորում ենք համայն մեր ժողովրդին ի Հայաստան և ի Սփիւռս՝ աննուազ հետևողականութեամբ շարունակել ջանքեր ներդնել՝ ի զօրակցութիւն Արցախ աշխարհի և նրա հաւատաւոր ու հերոսական ժողովրդի:

Թող Աստուած օրհնի Հայաստան և Արցախ մեր երկիրը և աշխարհասփիւռ մեր ժողովրդին. ամէն»: