Յարգելի´ հայրենակիցներ,

Վաղը` Սեպտեմբերի 9-ին, Արցախի Հանրապետութեան Սահմանադրութեան համաձայն՝ Ազգային ժողովն ընտրելու է Հանրապետութեան նախագահ: Ստեղծուած ոչ սովորական իրավիճակում այս քայլին ենք գնում ամէն օր աւելացող մարտահրաւէրներին արագ արձագանգելու, երկրի ներքին կեանքն արդյիւնաւէտօրէն կազմակերպելու և արտաքին մարտահրաւէրներին յաւուր պատշաճի դիմագրաւելու նպատակով:

Երկրի ղեկավար ընտրելու իրաւունքն ու պարտականութիւնը Սահմանադրությամբ դրուած է ձեր կողմից ընտրուած խորհրդարանի վրայ: Բացառապէս Արցախի Ազգային ժողովի խմբակցութիւններին է վերապահուած հանրապետութեան նախագահի թեկնածու առաջադրելու լիազօրութիւնը, ինչն էլ իրականացուել է սահմանուած կարգով: Առ այսօր Հանրապետութեան նախագահի հրաժարականի և նոր նախագահի ընտրութեան համար նախապատրաստական բոլոր գործընթացները կազմակերպուել են Սահմանադրութեանն ու օրէնսդրութեանը համապատասխան՝ հաշուի առնելով առկա յսուր ճգնաժամային իրավիճակը:

Նկատի ունենալով վերջին օրերին հանրային տրամադրութիւններում զարգացող որոշակի վտանգաւոր միտումները՝ այս պատասխանատու պահին, ինձ վերապահուած իրաւունքով, սթափութեան կոչ եմ անում բոլորին ու յորդորում չտրուել ժողովրդին պառակտող սադրանքներին, չենթարկուել նեղ խմբային շահերին և յանուն ընդհանուր շահի մի կողմ թողնել անձնական նախապատուութիւնները: Ոչ ոք իրաւունք չունի մեր հանրութեանը, նրա առանձին խմբերի տանել արկածախնդրութեան մեզ համար ճակատագրական այս ժամանակահատուածում: Ուզում եմ յատուկ ընդգծել և վստահեցնել ձեզ, որ ներքին կայունութիւնը խաթարող բոլոր գործողութիւնները կը կասեցուեն օրէնքի ուժով:

Մենք ունենք բոլոր հնարաւորութիւնները՝ ի չիք դարձնելու Արցախի Հանրապետութեան պետական ինստիտուտները կազմալուծելու Ատրպէյճանի ցանկութիւնը և որևէ գործողութեամբ չպէտք է նպաստենք ատրպէյճանական յանցաւոր նպատակների իրագործմանը:

Մենք յանձնառու ենք պաշտպանելու և ամրապնդելու երեք տասնամեակ կերտած պետականութեան հիմքերը: Դա մեր ժողովրդի ցանկութիւնն է, կամքը, և մենք պարտաւոր ենք առաջնորդվել այդ պատգամներով:

Յաջողութիւն եմ մաղթում բոլորիս՝ այս յոյժ կարևոր քաղաքական գործընթացն իրականացնելու ճանապարհին:

Հաւատացած եղէ´ք՝ միասին անհնարը հնարաւոր կը դարձնենք: