ՀՀ կառավարութեան կողմից մշակուող Արցախից բռնի տեղահանուած հայրենակիցների աջակցութեան ծրագրերուն կապակցութեամբ

Սոյն թուականի Փետրուարի 27-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերութեան եթերում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրեանն անդրադարձել է ցեղասպանութեան և նրա սպառնալիքի տակ Արցախից բռնի տեղահանուած մեր հայրենակիցների համար ՀՀ կառավարութեան կողմից առաջարկուող աջակցութեան ծրագրերին։
Մեր գնահատմամբ՝ փոխվարչապետի միջոցով արցախեան հանրութեանը մատուցուող ՀՀ կառավարութեան կողմից նախատեսուող ծրագրերը համարժէք չեն տիրող իրավիճակին:
Հարկ ենք համարում շեշտել, որ մինչ այժմ իրականացուած որևէ ծրագիր չի քննարկուել Արցախի Հանրապետութեան ժողովրդի կողմից օրինական մանդատ ունեցող որևէ կառոյցի, այդ թւում ժողովրդի ուղղակի քուէով ընտրուած Ազգային ժողովի հետ։ Իսկ զանազան միջոցներով մեր կողմից ներկայացուած առաջարկներն անտեսուել են։
Յատկապէս անընդունելի է Արցախից տեղահանուած ժողովրդի համար բնակարաններ ձեռք բերելու կապակցութեամբ դեռևս քննարկուող ծրագիրը, որը, հարցի քաղաքական և սոցիալական համակողմանի քննարկման արդիւնքում, ակնյայտօրէն, չի բաւարարելու բռնի տեղահանուած մեր հայրենակիցների նուազագոյն սպասելիքներն ու ակնկալիքները։ Նման որոշումների կայացումը հանգեցնելու է մեր հայրենակիցների հիասթափութեանն ու դժգոհութեանը, որի արդիւնքում կը խթանուի արտագաղթը և բողոքների ալիքը, կը խաթարուի մեզ համար օրախնդիր՝ հաւաքական վերադարձի ակնկալիքը։
Կոչ ենք անում զերծ մնալ չկշռադատուած ոչ համարժէք քայլերից։ Միաժամանակ, վերահաստատում ենք փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող խնդրայարոյց հարցերի շուրջ կառուցողական քննարկումներ իրականացնելու մեր պատրաստակամութիւնը՝ ողջախոհ, արժանապատւութիւնը չնսեմացնող որոշումների հանգելու համար։

«Ազատ հայրենիք» խմբակցութիւն
«Միասնական հայրենիք» խմբակցութիւն
«Արդարութիւն» խմբակցութիւն
«ՀՅ Դաշնակցութիւն» խմբակցութիւն
«Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն» խմբակցութիւն

Երևան
28 Փետրուար 2024