Երեքշաբթի, 26 Նոյեմբեր 2019-ին, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միութիւնը Հայաստանի կրթական համակարգին զարգացման առնչուող միութեան պահանջներուն եւ տեսլականներուն մասին հետեւեալ յայտարարութիւնը հրապարակեց.
«Վերահաստատելով յառաջադէմ եւ ազգային արժեհամակարգի վրայ հիմնուած հասարակութիւն ունենալու պայքարում մեր վճռականութիւնը` ստորեւ ներկայացնում ենք մեր պահանջները.
1․ Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարմնամարզի ոլորտներում արդիական պահանջներից եւ ազգային պետութիւն ունենալու հրամայականից բխող համապատասխան ռազմավարութիւնների մշակում եւ հրապարակում:
2․ Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարմնամարզի ոլորտների պետական ֆինանսաւորման էական աւելացում:
Յառաջիկայ տարիների համար անհրաժեշտ է ռազմավարական նպատակ ունենալ կրթութեան յատկացուող միջոցների ծաւալը մեծացնելու այնպէս, որ այդ միջոցները կազմեն ՀՆԱ 3-4 տոկոսը, իսկ գիտութեան պարագայում` այդ թիւը պէտք է գերազանցի ՀՆԱ 1 տոկոսը:
3․ Ապահովելով «Հայոց լեզու» եւ «Հայոց Պատմութիւն» առարկաների` բուհերում դասաւանդման պարտադիր սկզբունքը` ձեռնամուխ լինել համապատասխան հայեցակարգերի ու մասնագիտական ծրագրերի մշակմանը:
«Հայոց Լեզու» առարկայի դասաւանդման շրջանակներում պէտք է ձեռք բերուեն հիմնաւոր գիտելիքներ, որոնք թոյլ կը տան բուհի շրջանաւարտներին տիրապետել մասնագիտական տերմինաբանութեանը: «Հայոց Պատմութիւն» առարկայի պարագայում ուսանողների շրջանում պէտք է ձեւաւորել քննական մտածողութիւն եւ սեփական հայրենիքի առջեւ ծառացած մարտահրաւէրների խորքային ընկալում:
4․Ապահովելով «Հայոց Եկեղեցու Պատմութիւն» առարկայի պարտադիր դասաւանդումը դպրոցներում` ուշադրութիւն դարձնել առարկայի շրջանակներում ազգային ինքնութեան անքակտելի մասը կազմող Հայ Առաքելական եկեղեցու էութեան ներկայացմանը, աշակերտների շրջանում պետականամէտ եւ հայաստանակեդրոն մտածելակերպի ամրապնդմանը:
5․ Շրջանառութիւնից հանել կամ արմատապէս վերանայել Բարձրագոյն կրթութեան եւ գիտութեան մասին օրէնքի նախագիծը:
Ձեռնամուխ լինել բուհերի իրական ակադեմական ազատութեան եւ կառավարման ինքնավարութեանը նպաստող նախագծի ներկայացմանը, որը նպատակ պէտք է ունենայ ապահովելու բուհ-գիտութիւն-աշխատաշուկայ կապը:
Նախագծում պէտք է որոշակի լինի նաեւ գիտութեան զարգացման գործում Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի դերը:
6. Այս փոփոխութիւնների կարեւորութիւնը անտեսող կամ ազգային օրակարգը հեգնող ցանկացած պաշտօնեայ պէտք է օր առաջ ազատուի զբաղեցրած պաշտօնից:
Մեր գործողութիւնները շարունակելու են բխել վերը նշուած պահանջների կեանքի կոչման հրամայականի տրամաբանութիւնից»: