ՀՅԴ Նիկոլ Աղբալեան Ուսանողական Միութիւնը դատապարտում է այսօր ոստիկանութեան կողմից իրականացուած գործողութիւնները ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դաւիթ Ափոյեանի նկատմամբ: Անընդունելի ենք համարում գիտակրթական հաստատութիւնում ուսանողութեան ընտրուած ներկայացուցչի, ԲՈՒՀ-ի կառավարման խորհրդի անդամի նկատմամբ, առանց որեւէ հիմնաւորման, ուժի չպատճառաբանուած կիրառումը:

Մեր համոզմամբ այս գործողութիւնը նպատակ ունի վախի մթնոլորտ ստեղծել ուսանողական եւ երիտասարդական շրջանակներում եւ եւս մէկ ապացոյց է, որ իշխանութիւնների քաղաքականութեան, գործողութիւնների նկատմամբ ուսանողական շրջանակներում դժգոհութիւնների աճը փորձ է արւում կանխել իրաւապահ մարմինների ոչ համաչափ գործողութիւններով: Իշխող կուսակցութեան կողմից յայտարարուած «ԲՈՒՀ-ական ինքնուրոյնութեան» մակարդակի բարձրացման փոխարէն փորձ է արւում ոստիկանութեան կողմից ուժի կիրառմամբ ամբողջական վերահսկողութիւն սահմանել ԲՈՒՀ-երի ուսանողական ինքնավարութեան մարմինների, ինչպէս նաեւ կառավարման խորհուրդների նկատմամբ:

ՀՅԴ ՆԱՈՄ-ը պահանջում է ԲՈՒՀ-երի ղեկավարներից ապահովել ուսումնական հաստատութիւնների` օրէնքով սահմանուած բոլոր իրաւունքների եւ ազատութիւնների անվերապահ իրացումը, թոյլ չտալ ուժային կառոյցների ներկայացուցիչների ապօրինի գործողութիւնների իրականացումը ԲՈՒՀ-երի տարածքներում: Մենք կոչ ենք անում նաեւ իրաւապահ եւ ուժային կառոյցների ներկայացուցիչներին բացառապէս գործել օրէնքի շրջանակներում` զերծ մնալով քաղաքական գործընթացներում մասնակից դառնալուց:

ՀՅԴ Նիկոլ Աղբալեան Ուսանողական Միութիւն
24.12.2019