ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի Մասնագիտական ոլորտային յանձնախումբերու գրասենեակը յայտարարութիւն տարածած է, ուր անդրադարձած է ՀՀ կառավարութեան ընդունած եւ 15 Յունուար 2020-ին գործադրած որոշումին, որուն համաձայն ՀՀ ողջ տարածքին մէջ վաճառուող միսը պէտք է ունենայ սպանդանոցէն մորթուած ըլլալը հաւաստող փաստաթուղթ: Ստորեւ կը ներկայացնենք յայտարարութիւնը ամբողջութեամբ. «Հանրութեան շրջանում մեծ դժգոհութիւն է առաջացրել բացառապէս սպանդանոցների միջոցով անասունների մորթի կազմակերպման կառավարութեան որդեգրած դիրքորոշումը: Գիւղատնտեսութիւնը եւ մասնաւորապէս անասնապահութիւնը հանդիսանում են Հայաստանի տասնեակ հազարաւոր ընտանիքների եկամտի եթէ ոչ միակ, ապա հիմնական աղբիւրը: Ուստի, այս ոլորտում կառավարութեան ձեռնարկած ցանկացած քայլ պէտք է միտուած լինի ոլորտի զարգացմանը, դիւրացնի անասնապահութեամբ զբաղուելը եւ բարձրացնի անասնապահութեամբ զբաղուող տնային տնտեսութիւնների ու ձեռներէցների եկամուտը: Մինչդեռ, հերթական անգամ կառավարութիւնը խնդրի լուծումը պատկերացնում է ոչ թէ ամբողջական, այլ հատուածային եւ չկշռադատուած: Խնդիրն այն է, որ թէեւ սննդի անվտանգութեան ապահովման կարեւոր մեխանիզմներից մէկը սպանդանոցային եղանակով մորթի կազմակերպումն է, սակայն այն ենթադրում է բոլոր անհրաժեշտ եւ բաւարար պայմանների առկայութիւն, որոնք ներկայումս բացակայում են: Ուստի, դրական արդիւնք ապահովելու փոխարէն առաջանում են բարդութիւններ թէ՛ անասնապահութեամբ զբաղուողների, թէ՛ անասունների մորթով զբաղուողների, թէ՛ սպառողների համար: Մասնաւորապէս. 1. Չկայ սպանդանոցային մորթի անհրաժեշտութեան հանրային լայն ընկալում: Աւելին` այս վիճակում նշուած պահանջի կիրառումը յանգեցնելու է մսամթերքի գների անուերահսկելի բարձրացմանը, ցածրորակ մսամթերքի ներմուծմանը` վնասելով տեղական արտադրութեանը: 2. Հայաստանի մարզերում բացակայում են որակեալ եւ բաւարար մրցակցութիւն ապահովող անհրաժեշտ քանակի սպանդանոցներ: Անհրաժեշտութեան դէպքում պետութիւնը պէտք է ստեղծի այդպիսի համակարգ` ամբողջութեամբ պետական կամ մասնաւորի հետ համատեղ (այդ թւում` ֆերմերների եւ գիւղացիական տնտեսութիւնների մասնակցութեամբ): 3. Ֆինանսական լրացուցիչ բեռ է դրւում գիւղացու (անասուն ունեցողի) վրայ: 4. Սպանդանոցային եղանակով մորթի կազմակերպումը պէտք է տնտեսապէս շահաւէտ լինի թէ գիւղացու, թէ սպանդանոցը գործարկողի եւ թէ սպառողի համար: 5. Անասունների մորթի գործում մասնագիտացած անձինք չպէտք է յայտնուեն գործազուրկի կարգավիճակում, այլ պէտք է հնարաւորութիւն ունենան իրենց մասնագիտական որակներն օգտագործել սպանդանոցային մորթի բնագաւառում` ապահովելով աճող եկամուտ իրենց ընտանիքների համար: 6. Պէտք է ընդլայնել եւ բարձրացնել անասնաբուժական ծառայութիւնների հասանելիութիւնն ու որակը` անհրաժեշտ դեղորայքը ժամանակին ապահովելու եւ բարձրակարգ անասնաբոյժների համակարգի ստեղծման միջոցով: 7. Հանրային, համայնքային եւ պետական պատշաճ հսկողութիւն ապահովելու նպատակով յարկ է վերանայել ոլորտը կարգաւորող օրէնսդրութիւնը: վերը նշուած պայմաններն ապահովելու համար անհրաժեշտ է հաստատել եւ գործադրել գործողութիւնների յստակ ծրագիր եւ ժամանակացոյց, ոլորտի խրախուսման եւ պետական աջակցութեան նոր փաթեթի ընդունում` ի յաւելումն աջակցութեան գործող մեխանիզմների:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՅԱՆՁՆԱԽՄԲԵՐԻ ԳՐԱՍԵՆԵԱԿ
21 Յունուարի 2020 թ.»: