ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի Մասնագիտական ոլորտային յանձնախումբերու գրասենեակը խստօրէն կը դատապարտէ 11 մայիսին Ազգային ժողովի քաղաքական մեծամասնութեան կողմէ Լանզարոտի համաձայնագիրի վաւերացման իրողութիւնը:

Հրապարակուած յայտարարութեան մէջ նշուած է.

«Սեռական շահագործումից եւ սեռական բնոյթի բռնութիւններից երեխաների պաշտպանութեան մասին» Եւրոխորհուրդի համաձայնագիրը վաւերացուեց առանց հանրային քննարկումների, առանց մասնագիտական` մանկավարժական, իրաւաբանական, հոգեբանական հանրոյթի կարծիքն ու մօտեցումները հաշուի առնելու, մինչդեռ այն անմիջականօրէն վերաբերում է հանրային բացառիկ շահերի, առնչւում ազգային արժէքների հետ:
Վտանգաւոր եւ խիստ վիճահարոյց ենթատեքստ պարունակող այս համաձայնագիրը առանձնապէս ուղղուած է մեր հասարակութեան ապագային` երեխաներին:
Համաձայնագիրը ինքնին իրաւական փաստաթուղթ է` յանձնառութիւնների եւ պարտաւորութիւնների ստանձնմամբ, որին յաջորդելու են համապատասխան գործողութիւններ եւ միջոցառումներ: Չի բացառւում, որ Կրթական եւ Կանխարգելիչ Միջամտութեան ծրագրերի քօղի ներքոյ ՏԱՐՐԱԿԱՆ եւ ՄԻՋՆԱԿԱՐԳ կրթութիւն ստացող մեր երեխաները` սկսած վեց տարեկանից, սեռական «կրթութիւն» ստանան, ներառուեն իրազեկման եւ լուսաբանման ծրագրերում, որոնք տարիքային այդ խմբի երեխաների համար կարող են ծանր բարոյահոգեբանական եւ արժեհամակարգային կորստաբեր հետեւանքներ ունենալ:
Մի շարք երկրներում (Ֆինլանտիա, Պելճիքա, Հոլլանտա, Փորթուկալ, Շուէտ, Նորվէյճ)այդ համաձայնագրի կիրարկումը ոչ միայն չի մեղմել երեխաների նկատմամբ սեռական բռնութիւնները, այլեւ իրավիճակի վատթարացման արդիւնքներ են արձանագրուել:
Նկատի առնելով այն բոլոր բացայայտ եւ թաքնուած վտանգները, հնարաւոր հետեւանքները, որ պարունակում է համաձայնագրի գործադրումը, այն գնահատում ենք որպէս ուղիղ սպառնալիք մեր ազգային արժեհամակարգին, ընտանեկան աւանդոյթներին, մեր ժողովրդի հոգեբարոյական նկարագրին:
Կոչ ենք անում ընդդիմանալ բացասական հետեւանքների յանգեցնող համաձայնագրի գործադրման շրջանակներում բոլոր մակարդակներում ձեռնարկուող գործողութիւններին:
Երեխաների իրաւունքների պաշտպանութիւնն ապահովելու եւ նրանց հնարաւոր բոլոր տեսակի բռնութիւններից զերծ պահելու համար` պահանջում ենք պատկան մարմիններից ու անձանցից կատարելագործել Հայաստանի օրէնսդրութիւնն ու մաքրել երկրի բարոյահոգեբանական եւ արժէքային դաշտը»:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի
մասնագիտական ոլորտային յանձնախմբերի գրասենեակ

13.05. 2020թ.