ՓԱՆԹՈՒՐՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԸ
Թուրք-ատրպէյճանական զօրքի յառաջխաղացքն Արաքսի հովտով դէպի Մեղրի եւ հայկական սահմանի նկատմամբ ռազմական ոտնձգութեան առաջին փորձերն արթնացրին մօտ երեսուն տարուայ վաղեմութեան յիշողութիւններ, որոնք վերաբերում էին Մեղրին Լաչինի հետ փոխանակելու ծրագրին: Դա Թուրքիայի եւ ԱՄՆ-ի համար այնքան կարեւոր նշանակութիւն ունէր, որ նրանք անգամ պատրաստ էին ԼՂԻՄ-ի անկախութեան ճանաչման կամ Հայաստանի միանալուն:
Վերլուծական-փորձագիտական շրջանակներն այն համոզիչ տեսակէտին էին, որ ԱՄՆ-ը, իր դաշնակից Թուրքիայի փանթուրքական այս յաւակնութիւններին բաւարարութիւն տալով, ձգտում էր իր ազդեցութիւնը տարածել Կեդրոնական Ասիայում:
Այսօր այդ ծրագրի ռազմավարական պարունակը մի փոքր ընդլայնուել է:
Այդ «մի փոքր»ի բովանդակութիւնը պայմանաւորուած է ծրագրի հեղինակների եւ այն իրականացնողների յաւակնութիւններով, որը յանգում է հետեւեալին.
1.Թուրքիան փորձում է առարկայական եւ շօշափելի տեսք տալ փանթուրանիզմի վաղեմի երազանքին՝ հնարաւորինս լայն ընդգրկումներով, ինչը Էրտողանի համար խիստ կարեւոր է նաեւ ներքին բազում խնդիրները մեղմելու կամ վերացնելու համար: Այդ նպատակով նա կուալիցիա (համախոհութիւն-«Գ.») կազմեց «ազգային շարժում» ազգայնամոլական կուսակցութեան հետ, որի անդամներն իրենց այլ կերպ կոչում են գորշ գայլեր:
2.Անկլոսաքսոնական դաշինքը Փանթուրքիզմի այս նիզակը փորձում է խրել իր ՀԶՕՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑ Ռուսաստանի կողը՝ Կեդրոնական Ասիայից դէպի հիւսիս ուղղութեամբ: Ռուսաստանի մասնատման ծրագրում վճռական դերակատարներ են դառնալու երկրի իսլամադաւան եւ թուրքալեզու ժողովուրդները: Դրա հեռանկարում ենթադրւում է հետեւեալ պատկերը (քարտէզ 1):
Ինչպէս տեսնում ենք, ի տարբերութիւն այլ փանթուրքական քարտէզների, այս մէկում չեն անտեսուած ԱՄՆ-ի եւ, հաւանական է, նաեւ Ճափոնիայի շահերը Ռուսաստանի հեռաւոր արեւելքում եւ հիւսիսարեւելքում:
3.Կեդրոնական Ասիայից դէպի արեւելք այդ նիզակը, ի դէմս այստեղ բնակուող բազմամիլիոն թուրքական ցեղերից մէկի՝ Ույղուրների, ուղղուած է անկլոսաքսոնական դաշինքի ՀԶՕՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑ Չինաստանի կրծքին:
Արցախի դէմ սանձազերծուած պատերազմում Մեծ Բրիտանիայի բացայայտ աջակցութիւնը թուրք-ատրպէյճանական դաշինքին ու ամերիկեան երեսպաշտ կեցուածքն այս տեսակէտի հաստատումն են: Դարձեալ Թուրքիայում կազմուած հետեւեալ քարտէզի վրայ այդ նիզակը կարմիր գծի տեսքով ուղղուած է դէպի Չինաստանի ույղուրական նահանգներ (քարտէզ 2):
ԳՈՓԼԻ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ
Այս ամէնը, սակայն, կարող է իրականութիւն դառնալ, եթէ կեանքի կոչուի, այսպէս կոչուած, Գոփլի ծրագիրը՝ Մեղրին որեւէ տարբերակով Ատրպէյճանին յանձնելը: Ով մի փոքր պատկերացում ունի յատկապէս աշխարհաքաղաքական նման ծրագրեր իրականացնելու անգլոսաքսոնական հետեւողական ու համբերատար մեթոտաբանութեան մասին, չի կասկածի, որ մօտ 30 տարուայ վաղեմութիւն ունեցող այս ծրագիրը դարձեալ օրակարգում է՝ արդէն այդ տարիների ընթացքում ամենայն բծախնդրութեամբ պատրաստած եւ ՀՀ-ում իշխանութեան բերուած ուժերի կատարմամբ:
Թերահաւատներին կարող ենք խորհուրդ տալ կարդալ Ն.Փաշինեանի՝ դեռեւս 2001թ. գրած մէկ յօդուածը, որից մէջբերենք հետեւեալ առանցքային գաղափարը. «այն, որ Մեղրին պէտք է թուրքերին ու ԱՄՆ-ին, ուղղակի հոյակապ է, որովհետեւ այս դէպքում Մեղրին սովորական տարածքից վերածւում է յաղթաթուղթի, ու դա մեր յաղթաթուղթն է: Ինձ համար անհասկանալի են տեսակէտներն այն մասին, որ մեր յաղթաթուղթը մեր կրծքին սեղմած պէտք է պահենք: Սա մանկամիտ մօտեցում է: Հայաստանի դիրքորոշումը այս հարցում մէկը պէտք է լինի. եթէ Թուրքիան կամ Ատրպէյճանը ուզում են հաղորդակցուել Մեղրիով, թող հաղորդակցուեն. թող օգտագործեն մեր տարածքը, թող օգտագործեն մեր երկաթուղին ու վճարեն դրա համար, ինչպէս ընդունուած է աշխարհում (յօդուածը տե՛ս https://armtimes.com/hy/article/105002.fbclid=IwAR3ewR1oLFpN0j8ExsOAXOppzZpV5Zj_5UZM13eFSOziTVrWAhALflqxIig)։
Հասկանալի է, որ վճարի մասին միտքը հիմնական գաղափարի մերկութիւնը ծածկելու, այսինքն՝ Մեղրիից աստիճանաբար հրաժարուելու փորձ է:
Փակագծում նշենք, որ 1918-ին Երեւանում հանդիպելով Արամ Մանուկեանի հետ, թուրք զօրավար Խալիլ փաշան առաջարկում է Հայաստանի կազմի մէջ մտցնել ամբողջ Արցախը՝ անհամեմատ փոքր Մեղրու շրջանը Ատրպէյճանին զիջելու պայմանով:
Այդ տարիներին Մեծն Բրիտանիան նոյնպէս ամէն ջանք գործադրեց, բազում ճնշումներ բանեցրեց Հայաստանի կառավարութեան վրայ՝ Նախիջեւանը, Զանգեզուրն ու Արցախը Ատրպէյճանի կազմին մէջ մտցնելու համար:
Ինչպէս տեսնում ենք, փանթուրքական ծրագիրը 100 տարի առաջ էլ օրակարգային էր անկլոսաքսոնական աշխարհաքաղաքական հաշուարկներում:
Արդեօ՞ք պատահականութիւն է, որ այս ծրագրի հետեւողական պաշտպաններն են ՀՀ-ում եկել իշխանութեան, որոնք «ցաւոտ փոխզիջումների» մասին են յայտարարում՝ առանց դրա իրական բովանդակութիւնը բացայայտելու: Ակնյայտ է, որ դա ծրագրւում է որպէս «ցաւոտ զիջում», որի ծաւալների եւ ընդգրկումների մասին կարելի է ենթադրութիւններ անել…
Ի դէպ, թէ՛ Հայաստանում, թէ՛ Հայաստանից դուրս բոլոր նրանք, ովքեր խօսում են փանթուրքականութեան գաղափարի սնանկութեան մասին, ըստ էութեան բաժանւում են երեք խմբի. առաջին խմբում այս ծրագիրն իրականացնողներն են, երկրորդում՝ այդ ծրագրի պատմութեամբ հետաքրքրուողները, երրորդում՝ ծրագրից ոչինչ չհասկացողները:
ՊԱՏՄԱԿԱՆ ԿԱՂԱՊԱՐՆԵՐԸ
1.հայ-ռուսական յարաբերութիւններ, 
2.հայ չինական յարաբերութիւններ
Վերեւում նշեցի, որ փանթուրքիզմի անկլոսաքսոնական նիզակն ուղղուած է Ռուսաստանի եւ Չինաստանի դէմ: Իշխանութեան գալուց յետոյ Ն. Փաշինեանն անհաւանական արագութեամբ փճացրեց յարաբերութիւնները հէնց այս գերտէրութիւնների հետ: Նրա պարզունակ քննադատները շտապեցին եզրակացնել, թէ նա քաղաքականութիւնից բան չի հասկանում: Ես չգիտեմ, թէ նա որքան է հասկանում քաղաքականութիւնից, բայց մի բան պարզ է՝ յստակ գիտի, թէ ինչ է անում: Նոյն յօդուածում Ն. Փաշինեանն, անդրադառնալով Մեղրիի վրայով Թուրքիայի՝ Կեդրոնական Ասիա դուրս գալու ծրագրին, համոզուած է որ «Թուրքիայի Կեդրոնական Ասիա դուրս գալը մեր շահերին ոչնչով չի հակասում, այլ կրկնենք, հակասում է Ռուսաստանի ու Չինաստանի շահերին»:
Պարզ է, չէ՞, որ նա այս պետութիւնների հետ յարաբերութիւնները «քաղաքականութիւնից բան չհասկանալու» պատճառով չէ, որ փճացնում է, այլ իրականացնում է այն ծրագիրը, որի համար բերուել է իշխանութեան: Դրա բուն բովանդակութիւնը 2018 թ. Հոկտեմբերին Երեւանում ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Պոլթընը ձեւակերպեց այսպէս. «Հայաստանը պէտք է ազատուի իր «պատմական կ’աղապարներից»»:
Մեզանում շատերը գիտեն, թէ ՀՀ նոր իշխանութիւնները Ռուսաստանի հետ յարաբերութիւններում ինչպէս են ազատւում «պատմական կաղապարներից»:
Փաշինեանի ձեւակերպմամբ՝ «նորերս մեր բարեկամը դարձած Չինաստանի» հետ յարաբերութիւնների վատթարացման մէջ պէտք է նշել նաեւ այն, որ Հայաստանը միացել է ԱՄՆ-ի կողմից Չինաստանի առաջընթացը զսպող եւս մի կազմակերպութեան՝ հակաչինական, կրօնական ազատութեան ալեանսին, ինչը շատերի զարմանքը կամ զայրոյթն է յարուցել:
Բանն այն է, որ, Չինաստանին հռչակելով կրօնների թշնամի, ԱՄՆ նրան առաւելապէս մեղադրում է հակաիսլամականութեան մէջ: Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփէոն, ելոյթ ունենալով Ինտոնեզիայում, Չինաստանն անուանել է «կրօնական ազատութեան ապագայի ամենալուրջ սպառնալիքը»: Նա յատկապէս շեշտել է Սինցզեան քաղաքում չինական իշխանութիւնների «դաժան վերաբերմունքը» մահմետական ույղուրների նկատմամբ:
Կարծես ամէն ինչ պարզ է…
3. ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ
Իրանի հետ ՀՀ աւելի քան բարի դրացական յարաբերութիւններն ունեն էթնոկրօնական եւ աշխարհաքաղաքական լուրջ բովանդակութիւն: Իրանի նկատմամբ թուրք-ատրպէյճանական տարածքային յաւակնութիւնները խարսխւում են Իրանի հիւսիսային շրջաններում բնակուող 20 միլիոնից աւելի թուրքական ցեղերի նկատմամբ ունեցած քաղաքական մօտեցումների ընդհանրութիւնների վրայ: Հայաստանի հանրապետութիւնն իր աշխարհագրական դիրքով՝ թուրքական երկու պետութիւնների միջեւ Սիւնիքի սեպով, եւ քաղաքական կողմնորոշմամբ բնական անփոխարինելի դաշնակից է Իրանի համար: Այդ դաշինքն առաւել կայունացաւ արցախեան հատուածում հայկական սեպի ընդլայնումով եւ ատրպէյճանաիրանական սահմանի կրճատումով:
ՀՀ իշխանութիւնների այսօրուայ ռազմաքաղաքական նահանջը ձեւաւորուած ստատուս քուոյից սպառնում է Իրանի անվտանգութեանը՝ հարուածի տակ դնելով նաեւ հայ-իրանական դաշնակցային յարաբերութիւնները:
4. ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ
Պատմական կաղապարներից կարեւորագոյնը, բնականաբար, հայ թուրքական յարաբերութիւններն են, որոնց առանցքը Հայոց Ցեղասպանութեան հարցն է: Ուշագրաւ է, որ մինչեւ Թրամփի նախագահ ընտրուելը ԱՄՆ-ի քոնկրէսում բանաձեւ են ընդունուել Հայոց Ցեղասպանութեան մասին, իսկ նախագահներից մէկը՝ Ռ. Ռեյկընը, իր ապրիլքսանչորսեան մի խօսքում երեւոյթն այդպէս էլ անուանել է՝ Հայոց Ցեղասպանութիւն: Սակայն Թրամփը եւ իր քաղաքական թիմը նենգափոխեցին երեւոյթը՝ ասպարէզ նետելով «Մեծ եղեռն» եզրոյթը, որը միջազգային իրաւունքի տեսակէտից հետեւանքներ չի ենթադրում: Սրան շատ մօտ է Էրտողանի գործածած «ողբերգական դէպքեր» եզրոյթը:
Առաւել ուշագրաւն այն է, որ թաւշեայ կառավարիչների օրօք «Հայոց Ցեղասպանութիւն» գիտական-քաղաքական եզրոյթը փորձում են ջնջել ՀՀ Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի գիտական բառապաշարից:
Երբ ՀՀ նոր իշխանութիւնները խօսում են Թուրքիային արուելիք զիջումներից, առաջին հերթին նկատի ունեն Հայոց Ցեղասպանութեան բովանդակութեան այլասերումն ու երեւոյթի անուանափոխումը, առանց որի Հայաստանը երբեք Թուրքիայի համար չի դառնայ Կեդրոնական Ասիա ելումուտի ճանապարհ, իսկ իրականում՝ փանթուրքականութեան զոհ:
Յ.Գ. Եթէ ՀՀ թաւշեայ իշխանութիւնները կարծում են, որ Հայաստանի որեւէ տարածք կարելի է վարձակալութեամբ տալ Թուրքիային կամ «ցաւոտ փոխզիջում» նենգամիտ ձեւակերպմամբ զիջել նորօրեայ փանթուրքիստներին, խորապէս սխալւում են, քանզի դրանից յետոյ Հանրապետութիւնը, էականօրէն թուլանալով, դաշնակիցներ Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի համար կորցնելով աշխարհաքաղաքական նշանակութիւնը, կարճ ժամանակում կը կորցնի նաեւ տեղը քաղաքական քարտէզի վրայ:
Հայկազուն Ալվրցեան