Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեան 27 Օգոստոսին կատարեց հետեւեալ յայտարարութիւնը. «Սիրելի՛ հայրենակիցներ Թուրք-ատրպէյճանական դաշինքը Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը խախտելուց յետոյ հայ ժողովրդի նկատմամբ սանձազերծել է հերթական յանցագործութիւնը` փակելով կենսական նշանակութեան ճանապարհները` Հայաստանի հարաւում ստեղծելով մարդկային-մարդասիրական ճգնաժամ: Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների պարտուողական քաղաքականութիւնը, տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու, բայց իրականում նոր յանձնուողական համաձայնագրի գնալու ցանկութիւնը, ինչպէս նաեւ խաղաղութեան միակողմանի քարոզը մեզ կանգնեցրել են հերթական դժբախտութեան շեմին: Գործադիր իշխանութիւնն` իր ղեկավարով հանդերձ, շարունակում է չհասկանալ, որ տարածաշրջանային խաղաղութեան հաստատումը ենթադրում է երկկողմանի կամք ու ցանկութիւն, ինչն ատրպէյճանական կողմում ի սպառ բացակայում է: Ատրպէյճանի կողմից Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ տարածքային պահանջների պայմաններում ի պաշտօնէ Հայաստանի շահերի պաշտպանութեանը կոչուած անձը Սիւնիքի հայկական տարածքները խայտառակ կերպով կոչում է ատրպէյճանական անուանումներով` տուրք տալով Ալիեւի շնական պահանջներին: Սիրելի՛ հայրենակիցներ, Ինչպէս պնդում էինք նախընթաց ամիսներին` մեր երկիրը վտանգի տակ է, ճգնաժամը` չյաղթահարուած: Փաստ է, որ գործող իշխանութիւնը ո՛չ ցանկութիւն, ո՛չ էլ, առաւել եւս, կարողութիւն ունի համախմբելու մեր հասարակութիւնը եւ պաշտպանելու մեր ժողովրդին ու պետականութիւնը: Թշնամին օր օրի աւելի է լկտիանում` փորձելով հասնել մեր պետութեան անվտանգային համակարգի ամբողջական կազմաքանդմանը, տարածքի մի կարեւոր հատուածի նուաճմանը եւ ցեղային զտմանը: Այս պայմաններում, գործող իշխանութիւնը յայտարարում է Թուրքիայից դրական ազդակների մասին: Փաստօրէն, թուրք-ատրպէյճանական ծաւալապաշտական քայլերի ու գործողութիւնների իշխանական ընկալումն այդպիսին էր: Սիրելի՛ ժողովուրդ, համախմբուելու, մեր երկիրն ու պետականութիւնը ոչնչացման վտանգից փրկելու հրամայականը կենսական անհրաժեշտութիւն է: Ալիեւին վերստին զգուշացնում ենք` հայ ժողովուրդը չի՛ հանդուրժել եւ չի՛ հանդուրժելու եւս մէկ յանձնուողական համաձայնագիր, իսկ իր եւ Նիկոլի պայմանաւորուածութիւնները մնալու են իբրեւ իրենց անձնական յարաբերութիւնների վերյուշ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ, ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԷԼԵԱՆ