ՁԱՅՆԵՐԸ
Ձայները գուցէ չե՜ն մեռնում բնաւ,
Ձայները գուցէ բարձրանում են վեր,
Մանուկների պէս
Խաղում են փափուկ ամպերի վրայ,
Յետոյ դառնում են աստղային հովեր:
Եւ ազատուելով մարդու կապանքից,
Երջանկանում են տխուր հրճուանքով,
Մարդն ազատւում է իր տառապանքից,
Եւ տիեզերքը լցւում է կեանքով:
Ձայները գուցէ չե՜ն մեռնում բնաւ,
Գուցէ պահւում են ջրերի խորքում,
Գուցէ մտնում են խեցիների մէջ
Մարգարտանալու տենչանքով զնգուն:
Եւ կախարդական ձկների տեսքով
Գուցէ աշխարհ են գալիս վերստին,
Ապրում են դարձեալ, կորչում են դարձեալ՝
Կեանք տալով այս նոր խաբկանքին, ստին:
Եթէ ձայները չեն մեռնում բնաւ
Ապրում են ու դեռ
Ապրելու տենչ են տալիս օրերին,
Հազար օրհնութիւն, հազար երանի
Եղեգների մէջ հնչող ձայներին:
Հազար օրհնութիւ՜ն, հազար երանի՜
Շուշանների մէջ շնչող ձայներին,
Եւ հազար թախիծ ու հազար տագնապ
Գուժկանների մեջ ննջող ձայներին:
Եւ քանի որ դու շուշան ես կապոյտ,
Եւ քանի որ դու եղեգ ես, օ, քոյր,
Եւ եթե ես ձայն ունեմ ապրելու
Թող քո մէջ զնգայ իմ ձայնը մաքուր:
Թող քո մէջ ննջի, քո մէջ շնկշնկայ,
Թող քեզ աստղային հովերով լցնի,
Գուցէ մոլորուի, գուցէ հեկեկայ՝
Թէ մէկը քեզնից հառաչանք փրցնի:
Ձայները գուցե չե՜ն մեռնում բնաւ,
Ձայները գուցէ ծաղկում են անվերջ,
Երբ մենք բոլորս ձայնել ենք արդէն
Տիեզերական խաղաղութեան մէջ:
Ձայնել ենք: Եւ էլ ոչ մէկս չկանք,
Եւ ողջ աշխարհը դարձել է ահա
Աւեր ձայների ծաղկավառ մի գորգ.-
Թէեւ ձայները չեն մեռնում բնաւ,
Բայց նրանց կեանքն էլ ակնթարթ է լոկ:
                   ***
ԿԵՂԵՒԴ ԲԱՑ ԱՐԱ
Բաց քո կեղեւը, ծա՛ռ,
Առ ինձ կեղեւիդ մէջ…
Անցան օրեր մէկ-մէկ,
Անցան օրեր զոյգ-զոյգ,
Ճաշակեցինք եւ սէր,
Եւ տառապանք, եւ սուգ:
Յոգնեցրին ինձ արդէն
Օրերը լայն ու նեղ,
Յոգնեցրին ինձ արդէն
Մեղաւոր ու անմեղ,
Յոգնեցրին ինձ արդէն
Տխրութիւնն այս ցանցառ
Եւ կարօտներն այս խեղճ,
Դեհ բա՛ց կեղեւդ, ծա՛ռ,
Ա՛ռ ինձ կեղեւիդ մէջ:
Ա՛ռ ինձ կեղեւիդ մէջ.-
Այս անծաղիկ դարում
Ես կը ձուլուեմ քեզ հետ՝
Որպէս փոքրիկ գարուն:
Որպէս թաքուն թախիծ,
Տերեւներիդ խորքում
Ես կը փայլեմ տխուր
Ու կը մտնեմ խոր քուն:
Ու հողմերը թէ գան՝
Ինձ խլեն քո ձեռքից,
Ես կ’արթնանամ, ծա՛ռ իմ,
Կ’որոտանք մէկից:
Ես կը ձգուեմ քեզ հետ,
Ես կը ճկուեմ քեզ հետ
Ու հողմերի ձեռքից
Ես կը փրկուեմ քեզ հետ:
Ու մի թաքուն գիշեր,
Երբ բոլորը քնեն,
Ես քեզ կախարդական
Բառեր կը կրկնեմ.
Կ’երթանք կամաց-կամաց
Կ’ելնենք թաքուն-թաքուն,
Ու քնի մէջ նրան
Կը դարձնենք անքուն:
Նրա երազի մէջ
Կախարդական մի ծառ
Մարդկային ձեւ կ’առնի,
Կը շնկշնկայ կամաց
Եւ մարդկային լեզուով,
Որպէս լեգենտ պայծառ,
Կը բարբառի նրան
Անհու՜ն, կորած մի սէր
Եւ մի կարօտ անծայր:
Յետոյ կամաց-կամաց,
Ցաւով մեր շողշողուն,
Որպէս կոփրած տեսիլք,
Մենք կը թաղուենք հողում:
                     ***
ԲԱՌԸ
Ինչպէս արեւի շողը բռնելով,
Կենդանանում է թրթուրը քնած
Եւ խլրտում է տաքուկ փոշու մէջ,
Այդպէս Հանճարի ճառագայթի տակ
Արթնանում Բառը
Եւ տաք խլիրտով
Շարժւում է դէպի յաւիտենութիւն:
Զգացմունքների խեղդող ալիքից
Բառն ինքը, ահա,
Խոստովանանքի համար է ծնւում,
Ու թէեւ նրան մանրում են մարդիկ
Շահատակութեան շուկաների մէջ,
Սակայն ինչ-որ տեղ՝
Հոգու ծալքերում իմաստունների,
Ապրում է Բառը եւ անվերջ թրծւում:
Հաատամքը – Սէր,
Տառապանքը – Սէր…
Ես նստել էի
Բառի մենաւոր քարանձաւի մէջ,
Եւ Բառը հազար տխուր աչքերով
Լալիս էր վրաս, –
Ես չգիտէի,
Որ դու մոմերդ կը վառես մի օր՝
Բառի խորքերը լուսաւորելու,
Եւ լռութեան մէջ կը թողնես, գնաս:
Ես չգիտէի…
Եւ Բառը հիմա քայլում է յոգնած
Բառերի անծայր քարաւանի մէջ,
Եւ տխուր է նա, ձանձրացած մի քիչ
Եւ աննուաճ է, եւ քնքշօրէն խեղճ:
Եւ ինձ թւում է՝ նրա ստուերը
Բոլոր կողմերից
Քշում են վայրի ուրուրներ հազար.-
Գիշակերների՜, անտաղանդների՜ ստրուկն է Բառը,
Նա Հանճարին է միայն հաւասար:
Եւ քանի դու կաս, ամէն գարնան հետ,
Ինչպէս արեւի շողը բռնելով
Կենդանանում է թրթուրը քնած,
Եւ խլրտում է տաքուկ փոշու մէջ,
Այդպէս Կարօտիս ճառագայթի տակ
Արթնանում Բառը
Եւ տաք խլիրտով
Շարժւում է դէպի յաւիտենութիւն:
             ***
ԵՐԷԿ ԵՒ ԱՅՍՕՐ
Երէկ տխուր, այսօր ուրախ
Ալիքի պէս ծափ եմ տալիս,
Երէկ դէպի անյայտութիւն,
Այսօր դէպի ափ եմ գալիս:
Լուռ ժպտում եմ փոքր ու մեծին,
Կամ ծիծաղում խենթի նման,
Նուիրւում եմ աւազներին՝
Անապատի գետի նման:
Նուիրւում եմ անմնացորդ,
Ինձ ժպիտներն ո՞ւր են տանում
Ծիծաղիս մէջ ամէն անցորդ
Յոգնած հոգին է լուանում:
Վաղը, երբ որ մշուշ լինի
Եւ արցունքներ ծնուեն ցաւից,
Գուցէ մէկը, փոքրիկ մի կայծ
Ետ բերի ինձ իմ ծիծաղից:
Երէկ տխուր, այսօր ուրախ
Ալիքի պէս ծափ եմ տալիս,
Երէկ դէպի անյայտութիւն,
Այսօր դէպի ափ եմ գալիս: