Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեան շնորհաւորական ուղերձ  յղած է Գիտելիքի եւ դպրութեան օրուան առիթով:

ՀՀ նախագահի ուղերձին մէջ յատկապէս յիշուած է.

«Սիրելինե՛րս, այսօր սեպտեմբերի 1-ն է` Գիտելիքի եւ դպրութեան օրը, ինչի առթիւ ջերմօրէն շնորհաւորում եմ բոլորիդ:

1902 թուականի սեպտեմբերի 1-ին Ֆրանսիայում տեղի ունեցաւ «ճանապարհորդութիւն դէպի Լուսին» համր ֆիլմի պրեմիերան (ծանուցումը«Գ.»), որը ֆանտաստիկ (հետաքրքրական«Գ.») պատմութիւն էր մի խումբ տիեզերագնացների` դէպի Լուսին ճանապարհորդութեան մասին: Այն յեղափոխական էր ոչ միայն ամբողջ ֆիլմարտադրութեան, այլեւ մարդկային մտածողութեան մէջ` որպէս անիրականալի երազանք: Տասնեակ տարիներ անց թռիչքը դէպի Լուսին դարձաւ իրականութիւն, որովհետեւ ռեժիսոր Ժորժ Մելիեսի ֆիլմը ստիպել էր մտածել ոչ միայն կինոռեժիսորներին: Սա պատմութիւն է այն մասին, թէ ինչպէս մէկ մարդը, մէկ գաղափարը կարող են մեծ գործ անել եւ զարգացնել աշխարհը, ինչպէս պէտք է երազել եւ հաւատալ երազանքին:

Սիրելի՛ երեխաներ, աշակերտներ, ուսանողներ, Ձեզնից իւրաքանչիւրը հնարաւորութիւն ունի դա անել` թէ՛ նրանք, ովքեր այսօր ոտք դնելով դպրոց կամ այլ կրթական հաստատութիւն` հանդիպեցին հին ընկերների, եւ թէ՛ նրանք, ովքեր առաջին անգամ երկիւղած մտել են դպրոց ու յայտնուել զարմանքի ու ինչ-որ տեղ դեռեւս անորոշութեան աշխարհում: Երկու դէպքում էլ, դուք, սիրելիներս, գիտելիքի ձեռքբերման ճանապարհին էք: Ձեզնից ոմանք արդէն անցել են որոշակի հատուած, միւսները դեռ առաջին քայլն են անում, ոմանք արդէն մասնագիտական կողմնորոշման որոնումների մէջ են, ոմանք էլ գրեթէ մասնագէտ են:

Ամէն ինչ առջեւում է, անգամ եթէ դուք մտածում էք, թէ արդէն շատ բան կամ նոյնիսկ ամէն ինչ գիտէք: Հաւատացէք, որ սովորելու բան միշտ էլ կայ, որովհետեւ աշխարհում ամէն պահ մի նոր բան է ծնուում, որովհետեւ մարդն անընդհատ մտածում է` անկախ տարիքից եւ ունեցած գիտելիքից: Միտքը մեր բնական ռեսուրսն է, որը դպրոցում կամ բուհում վերածում ենք գիտելիքի կամ համադրում գիտելիքի հետ, եւ որքան շատ զարգացնենք մեր միտքը, որքան շատ գիտելիք ձեռք բերենք ու արտահանենք արդիւնքը, այնքան կը զարգանանք մենք եւ մեր երկիրը: Կը հզօրանանք բոլորս միասին` իւրաքանչիւրիս ջանքի, գիտելիքի, աշխատանքի ու նուիրումի միջոցով, նրանց շնորհիւ, ովքեր աշակերտ եւ ուսանող են, ովքեր մանկավարժ են` հաւատարիմ Ուսուցչի բարձր կոչմանը, ովքեր չեն զլանում սովորել ու սովորեցնել, ովքեր գիտեն գիտելիքի արժէքը, գիտելիքի ուժը:

Մաղթում եմ ձեզ յաջողութիւն եւ ձեր բոլոր իղձերի ու երազանքների իրականացում»: