ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինը յայտարարութիւն տարածած է, որ կը ներկայացնենք ստորեւ.
«Հայրենակիցներ,
Երկրում արտակարգ դրութիւն է, որը ենթադրում է համարժէք կեցուածք բոլորի` թէ՛ իշխանութիւնների, թէ՛ քաղաքական դաշտի, թէ՛ հասարակութեան կողմից: Համաճարակի, դրա հետեւանքով առաջացած բազմաթիւ առկայ ու սպասելի առողջապահական, տնտեսական, սոցիալական եւ այլ մարտահրաւէրների լուծումը պահանջում է բոլոր ուժերի ու կարելիութիւնների համախմբում: Միայն համախմբման ու փոխօգնութեան ճանապարհով մենք` որպէս պետութիւն ու ժողովուրդ, կը կարողանանք յաղթահարել այս տագնապը:
Այս գիտակցութեամբ ու համոզմունքով է Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը արտակարգ պայմաններում գործում արտակարգ ռեժիմով` հնարաւորին օգնութիւնը ցուցաբերելով մեր հայրենակիցներին եւ իրավիճակի յաղթահարման իր առաջարկները ներկայացնելով կառավարութեանը:
Ցաւօք, համախմբուելու եւ հիմնախնդիրները միասնաբար յաղթահարելու այս գիտակցութիւնն իշխանութեան կողմից առայժմ ոչ միայն չի կարեւորւում ու չի կազմակերպւում, այլեւ հակառակը` շարունակւում է հասարակութիւնը պառակտելու հին, արատաւոր ու խիստ վտանգաւոր գործելաոճը: Իշխանութեան քաղաքական շահախնդրութիւններն արդէն անցնում են զուտ մարդկային, բարոյական ու արժեհամակարգային բոլոր սահմանները:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդէս եկաւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի խափանման միջոցը համաճարակի այս պայմաններում փոխելու` զուտ մարդկային, բարեսիրական, բարոյական ու միանգամայն արդարացուած յորդորով: Ցաւօք, այդ մարդասիրական յորդորը դեռեւս ոչ միայն պաշտօնական պատասխանի չի արժանացել, այլեւ կազմակերպուած կերպով սանձազերծուել է տգեղ ու անբարոյական քարոզարշաւ Հայոց Հայրապետի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ:
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը յայտարարում է.
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ հերթական այս արշաւը անթոյլատրելի է ու խիստ վտանգաւոր` դա նենգ ու թշնամական հարուած է պետութեանն ու ժողովրդին:
Իշխանութիւններից պահանջում ենք յստակ դիրքորոշում յայտնել այս կապակցութեամբ եւ համապատասխան վերաբերմունք դրսեւորել նմանօրինակ կեցուածք ցուցաբերած քաղաքական, պետական, հանրային գործիչների հանդէպ:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ ազգային արժէքների դէմ ցանկացած ոտնձգութիւն մեր կողմից արժանանալու է համարժէք պատասխանի»:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին
15.04.2020 թ.