«Արմէնփրէս».- Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութիւնը յայտարարութիւն  տարածած է արտերկրի մէջ գտնուող ՀՀ քաղաքացիներուն վերադարձի կազմակերպման մասին:

ՀՀ ԱԳ նախարարութեան յայտարարութիւնը․

«Եւս մէկ անգամ յիշեցնում ենք, որ Վերին Լարսի անցակէտը շարունակում է փակուած մնալ օտարերկրեայ, այդ թւում` ՀՀ քաղաքացիների համար: Ներկայումս անցակէտում գտնուող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում վերադառնալ մինչ օրս իրենց բնակութեան վայրեր, հերթագրուել արտերկրում ՀՀ դիւանագիտական ներկայացուցչութիւններում, որոնց կողմից էլ համակարգւում է վերադարձը Հայաստան:

Յայտնում ենք, որ նոր տիպի կորոնաւիրուսով պայմանաւորուած իրադրութիւնում արտերկրում յայտնուած ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան իրականացւում է բացառապէս պարէտատան եւ ՀՀ ԱԳՆ համակարգմամբ` ըստ մշակուած ժամանակացոյցի եւ գործողութիւնների ծրագրի: Նման համակարգուած աշխատանքը հնարաւորութիւն է տալիս ապահովել մեր քաղաքացիների տեղափոխման առողջապահական անվտանգութիւնը եւ Հայաստանի առողջապահական համակարգի անխափան աշխատանքը: Այս առումով նշենք, որ տարբեր երկրներից մեր քաղաքացիների վերադարձի կազմակերպումը կրում է շարունակական եւ ծրագրուած բնոյթ:

Պարէտատան եւ ԱԳՆ համակարգումից դուրս անհատական նախաձեռնութիւնները, որոնք իրականացւում են տարբեր երկրների կողմից ներդրուած սահմանափակումների խախտմամբ, կարող են յանգեցնել անուերահսկելի հետեւանքների եւ խաթարել քաղաքացիների տեղափոխման աշխատանքները: Ուստի կոչ ենք անում արտերկրում գտնուող մեր քաղաքացիներին Հայաստան վերադարձը իրականացնել բացառապէս պարէտատան եւ ԱԳՆ համակարգմամբ գործող սխեմայով եւ ձեռնպահ մնալ անհատական նախաձեռնութիւններից»: