Սիրիայում Յուլիսի 19-ին տեղի ունեցան խորհրդարանական ընտրութիւններ։ Ազատագրւած տարածքներում գործում էր աւելի քան 7000 ընտրատեղամաս: Հակամարտութեան սկսուելուց յետոյ սա առաջին ընտրութիւնը չէր, բայց առաջինն էր, որ տեղի ունեցաւ գրեթէ ամբողջ Սիրիայում:
Ժողովրդական խորհուրդը (խորհրդարան) ունէր 250 տեղ: Ընտրութեան համար պայքարում էին 1656 թեկնածու, այդ թւում՝ 200 կին: Եւ Սիրիայում այս ընտրութիւնների հետ կապուած, հայ համայնքի մասնակցութեան եւ յատկապէս հայ պատգամաւորների ընտրութեան եւ խորհրդարանում ներկայութեան խնդրով «Ալիք»ը դիմել է ՀՅԴ Բիւրոյի անդամ ճրտգ. Վիգէն Բաղումեանին:
Վ. Բ. – Մենք վերջին շրջանում Սիրիայի խորհրդարանում ունեցել ենք երկու պատգամաւոր, որոնք ընտրուել են մէկը՝ Դամասկոսից, միւսը՝ Հալէպից: Այս անգամ, քանի որ մեծ թւով թեկնածուներ էին գրանցուել եւ ոչ միայն հայ, այլ ընդհանուր առմամբ թեկնածուներ, հետեւաբար խնդիրը մի քիչ աւելի բարդ էր եւ անհրաժեշտ էր, որպէսզի համապատասխան գործունէութիւն ծաւալուի՝ քարոզչական եւ այլ միջոցներով, որպէսզի սիրիահայ համայնքը չկորցնի խորհրդարանում այդ երկու տեղերը:
Նշեմ նաեւ՝ քանի որ նախավերջին ընտրութիւնները տեղի էին ունեցել 2016-ին, ուստի նոր խորհրդարանի ընտրութիւնները պէտք է տեղի ունենային Ապրիլին, բայց պսակաձեւ համաճարակի պատճառով յետաձգուեց եւ վերջապէս Յուլիսի 19-ին կայացան Սիրիայի խորհրդարանական ընտրութիւնները:
Պէտք է ասել, որ Սիրիայում հայերի մասնակցութիւնը ընտրութիւններին դա առանձին քւոտաների վրայ չի հիմնւում, այսինքն՝ Իրանի նման չէ. իրենք չունեն երկու տեղ, որոնց ընտրում են հայերը: Այնտեղ թեկնածուները ընդհանուր քուէներով են ընտրւում եւ ընտրատարածքների բաժանումների հիման վրայ թեկնածու են լինում: Մի խօսքով՝ հայերի լիարժէք թուաքանակ այնտեղ գոյութիւն չունի որպէս այդպիսին եւ նրանք պէտք է ընտրուեն նաեւ արաբների եւ միւսների տւած քուէների հաշուին, քանի որ զուտ հայկական քուէն չի բերում ցանկացած արդիւնքի: Ընդհանուր թեկնածուներ են եւ հետեւաբար այդ առումով մի քիչ բարդութիւններ կարող են լինել:
Բարեբախտաբար, ընտրութիւնների արդիւնքը կարող եմ ասել՝ գոհացուցիչ էր. երեք հայ թեկնածուներն էլ ընտրուեցին եւ նշեմ, որ խոր- հրդարանի պատգամաւորների թիւը խորհրդարանում 250-ն է, որտեղ մենք 1949-էն վերջ առաջին անգամ երեք թեկնածուներ ունեցանք եւ երեքն էլ յաղթեցին եւ ստացան խորհրդարանական մանդատ:
Հայ պատգամաւորներից երկուսը արդէն նախկին խորհրդարանում կային՝ Ժիրայր Րէիսեանը եւ դոկտ. Նորա Արիսեանը: Երրորդը, ով այս ընտրութիւններում յաջողեց անցնել խորհրդարան առաջին անգամ՝ իրաւաբան Լիւսի Իսկէնեանն է: Երեքն էլ սիրիահայութեան ազգային գաղափարախօսութեան հետեւորդ գործիչներ:
Ժիրայր Ռէիսեանը եւ Լիւսի Իսկէնեանը ընտրուել են Հալէպից, իսկ Նորա Արիսեանը Դամասկոսի շրջանից է ընտրուել:
Որքանով է կարեւոր այսօր ընտրութիւնների նման պատկերը մեզ համար հարցին, պարոն Բաղումեանը պատասխանեց. «Չափազանց կարեւոր է այս ընտրութիւնների նման պատկերը մեզ համար, քանի որ, գիտէք, այսօր քաղաքական իրավիճակը՝ Թուրքիայի հետ, Սիրիայի ներքին կեանքի հետ կապուած եւ բազմաթիւ այլ պատճառներով, մեզ հնարաւորութիւն է ընձեռում, որ բարեկամ երկիր Սիրիայում քաղաքական եւ հասարակական գործունէութիւն ծաւալել, երկրի անկախութիւնը, ամբողջականութիւնը պաշտպանելու ամրապնդմամբ: Ինչպէս նաեւ միջազգային հարթակներում, որտեղ մենք՝ հայերս հակառակ հակասիրիական չարախօս շրջանակների գործունէութեան եւ տարածած մտքերի, ինչպէս միշտ այժմ եւս կը կանգնենք սիրիական պետութեան եւ ժողովրդի կողքին, ընդդէմ բոլոր այդ հիւանդագին քաղաքակնութեան, որը բերեց երկրի քայքայմանը, բերեց ահաբեկչական շրջանակաների կառոյցների տեղակայմանը, որոնք հովանաւորւում էին Թուրքիայի կողմից: Սրանց դէմ պայքարում, մենք էլ մեր բաժին դերակատարութիւնը պէտք է ունենանք, որպէսզի կարողանանք հասցնել նպատակայարմար տեղ»:
Նաեւ պէտք է շեշտել, որ ՀՀ-ի համար Սիրիան որպէս բարեկամ երկիր, անչափ կարեւոր է, որ այս յաջողութիւնը մենք պէտք է կարողանանաք կեանքի մէջ վերածել նաեւ քաղաքական յաջողութեան:
Ա. Է.
«Ալիք»