ՆԱԹՕ-ի անդամ Թուրքիան 27 Սեպտեմբերի 2020-ին Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների նկատմամբ Ատրպէյճանի սանձազերծած պատերազմի համահեղինակն է, անմիջական հրահրողն ու մասնակիցը:

Թուրքիայի նախաձեռնութեամբ հաւաքագրւում եւ հակամարտութեան գօտի են ուղարկւում ահաբեկչական տարբեր խմբաւորումների հազարաւոր անդամներ` տարածաշրջանը վերածելով միջազգային ահաբեկչութեան նոր օջախի:

Թուրքիայի չդադարող պատերազմական հռետորաբանութիւնն ու պատերազմական գործողութիւններում Ատրպէյճանին ցուցաբերուող ռազմական աջակցութիւնը նպատակաուղղուած է անկայունութեան աշխարհագրութեան ընդլայմանն ու դրանում այլ պետութիւնների ներգրաւմանը:

Թուրքիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, խախտում է Ղարաբաղեան հակամարտութիւնում չէզոքութիւն պահպանելու` իր ստանձնած պարտաւորութիւնը:

Թուրքիան իրականացնում է ՆԱԹՕ-ի կողմից հռչակուած խաղաղասիրական եւ հակաահաբեկչական իր առաքելութեան դէմ ուղղուած գործողութիւններ: Մինչդեռ ղարաբաղեան ընթացող պատերազմի պայմաններում իր պաշտօնական յայտարարութեան մէջ առ այսօր ՆԱԹՕ -ն չի անդրադարձել իր անդամ Թուրքիայի` որպէս պատերազմ հրահրողի յանցաւոր վարքագծին ու չի զսպում նրան:

ՆԱԹՕ -ի հետ Հայաստանի Հանրապետութեան համագործակցութեան փաստաթղթերով` տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու գործընթացում Հայաստանի Հանրապետութեան ստանձնած յանձնառութիւններն անիրագործելի են Թուրքիայի այսպիսի սանձարձակ գործելաոճի պատճառով:

Ելնելով վերը նշուածից`

պահանջում ենք Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններից` դիմել ՆԱԹՕ -ին` ծանուցելով վերջինիս հետ համագործակցութեան շրջանակներում Հայաստանի Հանրապետութեան ստանձնած յանձնառութիւնների` ողջ ծաւալով կատարման անհնարինութեան մասին, քանի դեռ ՆԱԹՕ -ն չի դատապարտել Թուրքիայի անմիջական մասնակցութեամբ տարածաշրջանում պատերազմի սանձազերծումը, չի ձեռնարկել վերջինիս ծաւալապաշտական ձգտումները զսպելու իրական գործողութիւններ:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմին

06.10.2020 թ.