Իրանի Իսլամական Հանրապետութիւնում
Հայաստանի Հանրապետութեան արտակարգ և լիազօր դեսպան՝
Մեծարգոյ Տիար Արտաշէս Թումանեան
Մեծարգոյ պրն. Դեսպան

Ինչպէս Հայաստանը, Արցախը, Սփիւռքը, այնպէս էլ իրանահայութիւնը խորը ցնցում ապրեց, ի հետեւումն 10 Նոյեմբեր 2020-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմից, Արցախեան 44 օրեայ պատերազմը դադարեցնելու նպատակով, եռակողմ (Հայաստան-Ռուսաստան-Ատրպէյճան) համաձայնագրի ստորագրումի:

Համաձայնագրի բովանդակութիւնը ի նկատի ունենալով, ակնյայտ է դառնում, որ այն ստորագրուել է պարտւողական եւ չափազանց նուաստացուցիչ պայմաններում, որն անընդունելի է՝ հայ ժողովրդի իւրաքանչիւր զաւակի համար: Այդ չարաբաստիկ փաստաթղթի ստորագրման պատճառով, ողջ հայութեան մօտ առաջացել է ցասման և ընդվզման անասելի զգացում:
Հայաստանեան վերջին օրերի իրադարձութիւնները եկան վկայելու, որ դաւաճանական այդ փաստաթղթի ստորագրումով, մեծագոյն յանցագործութիւն է իրագործուել հայ ժողովրդի թիկունքում, Արցախցուն դարձնելով տնաւեր ու վտարանդի:
Ստեղծուած իրավիճակում, Հայաստանին սպասուում է դիւանագիտական բարդ եւ լրջագոյն բանակցութիւններ: Կարելի է արձանագրել, որ վերջին տարիների բանակցութիւնները, հանդիպել են փակուղիների, որի արդիւնքը եղել է այն ինչ ականատեսն ենք այսօր, ուստի բանակցութիւնների նոր որակ է պահանջւում, նոր մօտեցումներ, որի շնորհիւ, հայոց աշխարհի համար կը բացուեն նոր հորիզոններ, նոր յոյսեր:
Ցաւօք այս օրերին, բոլորս ապրում ենք մղձաւանջային դաժան վիճակում: Ժողովրդական ընդվզումն սպասելի էր եւ արդար, քանզի իրադրութիւնները մարտահրաւէր է հայոց պետականութեան վաղուայ օրուայ եւ գոյատեւման նկատմամբ:
Մենք եւս հաստատում ենք, որ ստեղծուած բարդագոյն իրավիճակի գլխաւոր մեղաւորը՝ Հայաստանի Հանրապետութեան գործող իշխանութիւններն են, որդեգրած իրենց սխալ քաղաքականութեամբ եւ պատերազմը վերահսկելու անկարողականութեամբ:
Երեւանում՝ այս օրերում լայնածաւալ բողոքի հանրահաւաքներ են տեղի ունենում, ուստի սոյնով, մեր զօրակցութիւնն ենք յայտնում եւ բողոքի ձայնն ենք միացնում՝ հայրենաբնակ մեր քոյրերի եւ եղբայրների արդարացուած բողոքի ձայնին եւ պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականը եւ անցնցում հեռացումը իշխանութիւնից:

ՅԱՐԳԱՆՕՔ՝
Նոր Ջուղայի Հայ ՄՄ «Արարատ» միութիւն՝ Ժորժիկ Աղազարեան
Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութիւն՝ Արմինէ Սիմոնեան
Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական
ընկերութիւն՝ Սանդրա Խաչատրեան
Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի
Մասնաճիւղ՝ Աւօ Խուդաբախշեան
14 Նոյեմբեր 2020
Նոր Ջուղա (Սպահան),
Իրան