Լուսաբացին սուրճի սարքի մօտ վայելում էի արեւը, երբ ժամկետային ծառայողները սկսեցին արագ իջնել իրենց զօրանոցներից՝ ամբողջական մարտական հագուկապով:
-Գնու՞մ էք:
-Այո:
-Անփորձանք:
-Մերսի, հօբար:
7-8 մեքենայ կանգնեցին շտապի առջեւ: Զօրքը շարուեց, ցրուեց… մի քանի անգամ օրուայ ընթացքում շարուեց, ցրուեց:  Հասկանալի էր՝ ինչ-որ բան այն չէր… խօսակցութիւններ տարածուեցին, որ հրաժարւում են մեկնել, ծնողներն էլ արդէն 2 օր բողոքում էին: Զինուորները խումբ-խումբ հաւաքւում, ինչ-որ բան էին քննարկում…սպաները մօտենում էին, մասնակցում քննարկումներին:
-Իջնենք, տեսնենք ինչով կարող ենք օգնել:
Մօտեցանք զինուորներին ու սպաներին: Ասացին՝ պատրաստւում են գնալ, չթողեցին միջամտել…
Մօտ 4-5 ժամ անց մեքենաներից մէկի շարժիչը աշխատեց: Կրկին իջանք… առաջին մեքենան՝ զինուորներով, մեծ արագութեամբ սլացաւ, դարպասը բացուեց, ծնողները մի կողմ քաշուեցին: Բոլորս, այդ թւում զինուորները, սպաները, ծնողները սկսեցինք ոգեւորիչ բացագանչութիւններով, ծափերով, բռունցքներով, երգելով ոգեւորել զինուորներին, լսուեցին 2-րդ, 3-րդ, 4-րդ… 7-րդ Ուրալների շարժիչի ձայները, բոլորին նոյն ոգեւորութեամբ ճամբեցինք…
-Գնացէք, մենք էլ ենք շուտով միանալու, Աստուած ձեզ օգնական:
Մի խումբ հրաժարուածներ, տեսնելով ոգեւորութիւնը, բարձրացան վերջին մեքենան… նրանց էլ նոյն ոգեւորութեամբ ճամբեցինք:
Բոլորը հասկանում էին պահի դժուարութիւնն ու ողբերգութիւնը… ռազմաճակատից լուրերը յուսադրող չէին, թշնամին հասել էր… ու բոլորի մտքում հարցեր էին առաջացել՝ էդ ինչպէ՞ս ենք յաղթում, որ թշնամին մօտենում է Հայաստանի սահմանին…
Արտակ Սարգսեան
(Շարունակելի)