Հայրենիքի Փրկութեան Շարժումի վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեան հայրենիքին ունեցած ընդհանուր հողային կորուստին եւ յատկապէս վերջին օրերուն Շուռնուխի մասին պատահածներուն առնչութեամբ 4 Յունուարին հետեւեալ յայտարարութեամբ հանդէս եկած է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեր կորուստները շարունակւում են: Այժմ հերթը հասել է Շուռնուխին:
1988 թուականի Սումկայիթեան դէպքերից յետոյ, երբ հայ ազգաբնակչութեան նկատմամբ տեղի ունեցաւ սարսափելի կոտորած, եւ մենք ականատես եղանք, որ ո՛չ պետութիւնը, ոչ էլ բանակը (այն ժամանակ` ԽՍՀՄ բանակը) մեր ժողովրդի ֆիզիքական գոյութեան ու անվտանգութեան պաշտպան են հանդիսանում, Հայաստանում մեծ թափով սկսուեցին կազմաւորուել ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք ԽՍՀՄ հսկայական սահմանափակումների պայմաններում կարողացան զինուել եւ իրենց ձեռքը վերցնել հայ բնակչութեան պաշտպանութիւնը:
Դրանից յետոյ մենք անցանք մեծ ճանապարհ. ունեցանք անկախ պետութիւն, ստեղծեցինք մարտունակ բանակ, գրանցեցինք փայլուն յաղթանակներ: Բայց այժմ յայտնուել ենք նոյն վիճակում:
Փաստօրէն այսօրուայ մեր անկախ պետութիւնը` յանձինս կառավարութեան, բանակի, ուժային կառոյցների ղեկավարութեան, չի պաշտպանում մեր երկրի եւ ժողովրդի անվտանգութիւնը, տարածքները, մեր ունեցուածքն ու շահերը:
Չկան այս մասին բացատրութիւններ իշխանութեան կողմից, որը պատերազմի վերսկսման սպառնալիքով նորից փորձում է մոլորութեան մէջ դնել մեր ժողովրդին իր ամուլ իշխանութիւնը երկարաձգելու համար:
Երբ պետութիւնը չի կարողանում ապահովել իր քաղաքացիների անվտանգութեան ու շահերի պաշտպանութիւնը, ժողովրդի բնական իրաւունքն է այդ պաշտպանութիւնը վերցնել իր ձեռքը:
Մենք կը փոխենք այս ապիկար եւ մեր պետութիւնը ոչնչացնող իշխանութիւններին: Այն ռազմական ուժը, որ ձեւաւորուել էր տասնեակ տարիների ընթացքում, նորից կը կարողանայ երաշխաւորը լինել մեր անվտանգութեան: Բայց դա ժամանակ է պահանջում, եւ այդ ընթացքում մենք անընդհատ նոր կորուստներ ենք ունենում, սեղմւում են մեր երկրի սահմանները, անպաշտպան են մնում մեր սահմանամերձ բնակավայրերն ու բնակիչները:
Այս պայմաններում կարեւորում եմ, որ մեր երիտասարդները, սահմանամերձ բնակավայրերի բնակչութիւնը, ծանր պատերազմների միջով անցած մեր վետերանները նորից կազմեն պաշտպանական ջոկատներ, բանակցեն եւ համագործակցեն խաղաղապահ զօրքերի հետ 9 Նոյեմբերի եռակողմ յայտարարութեան փաստաթղթի մեկնաբանութիւնների ու իրականացման շրջանակներում (այն, ինչ չեն անում ՀՀ պետական կառոյցները) եւ պաշտպան կանգնեն մեր երկրի սահմաններին եւ մեր ժողովրդի անվտանգութեանը:

Հայրենիքի Փրկութեան Շարժման վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեան
04.01.2021»