Հայրենիքի փրկութեան շարժումը յայտարարութեամբ մը ողջունեց Հայաստանի զինուած ուժերու ընդհանուր հրամանատարութեան կողմէ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջքը՝ կոչ ուղղելով քաղաքացիներուն չտարուելու այս վարչախումբի սադրանքներուն, պահպանելու զսպուածութիւնը, սառնասրտութիւնը ու համախմբուելու բանակին շուրջ։ Ստորեւ՝ Շարժումի յայտարարութիւնը։ «Հայրենիքի փրկութեան շարժումը ողջունում է ՀՀ ԶՈՒ բարձրագոյն հրամանատարական կազմի յայտարարութիւնը, դրանում արձանագրուած բոլոր հաստատումները եւ իր զօրակցութիւնն է յայտնում մեր երկրի միակ ու անշահախնդիր երաշխաւոր մեր զինուած ուժերին: Այլեւս աւելորդ ենք համարում կրկնել այս իշխանութիւնների եւ վարչապետի պաշտօնը զբաղեցնողի ազգակործան գործողութիւնների եւ դրանց հետեւանքների մասին գնահատականներ տալը: Փաշինեանը, կառչելով փրփուրներից, այժմ փորձում է մեր ժողովրդին դրդել քաղաքացիական բախումների ու արիւնահեղութեան: Կո՛չ ենք անում Հայաստանի Հանրապետութեան բոլոր քաղաքացիներին չտրուել այս վարչախմբի սադրանքներին, պահպանել զսպուածութիւն, սառնասրտութիւն ու համախմբուել մեր երկրի անվտանգութեան, միասնականութեան միակ երաշխաւոր ՀՀ զինուած ուժերի եւ հայոց բանակի հրամանատարական բարձրագոյն կազմի շուրջ: Կոչ ենք անում մեր ժողովրդին, Հայրենիքի փրկութեան համար մտահոգ բոլոր քաղաքացիներին ժամը 15:00ից հաւաքուել Ազատութեան հրապարակում մեր զօրակցութիւնը յայտնելու մեր զինուած ուժերին, մեր հայոց բանակին ու աւարտին հասցնել հայրենադաւ կառավարութեան ու Փաշինեանի հեռացման գործը: ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹԵԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՎԱԶԳԷՆ ՄԱՆՈՒԿԵԱՆ