Արցախի հանրապետութեան Ազգային ժողովը յայտարարութիւն  տարածած է Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցին առնչութեամբ:

Յայտարարութիւնը կը ներկայացնենք ստորեւ․

«24 Ապրիլին աշխարհի բոլոր ծագերում հայ ժողովուրդը եւ բարի կամքի տէր մարդիկ ոգեկոչելու են մեր 1,5 մլն. սուրբ նահատակների յիշատակը:

Հայ ժողովրդին իր պատմական հայրենիքում բնաջնջելու Թուրքիայի յանցաւոր քաղաքականութիւնը հանդիսացաւ 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնը:

Այդ ամէնը կատարուեց աշխարհի լուռ եւ շահանկատ հայեացքի ներքոյ: Մեր ժողովրդի միլիոնաւոր զաւակներ ցեղասպանուեցին, հայրենազրկուեցին:

Պետականօրէն կազմակերպուած, այլատեացութեան ծնունդ այդ յանցագործութիւնը չունի վաղեմութեան ժամկէտ:

Ոճրագործին չպատժելը նրան մղում է նոր յանցագործութեան: Այս ճշմարտութիւնը դարձնելով գործելաոճ, աւելի քան մէկ դար անց, Թուրքիայի ղեկավարութիւնը շարունակում է հետապնդել հայ ժողովրդին:

Այսօր Թուրքիայի կողմից ցեղասպանութեան ժխտողականութեան եւ արդարացման քաղաքականութիւնը որդեգրել է նրա հոգեզաւակ Ադրբեջանը: Բաքւում, Սումգայիթում, Գանձակում, Գետաշէնում եւ Մարաղայում կին, ծեր ու մանուկ սպանուեցին, հազարաւոր մարդիկ էլ տեղահանուեցին հայ լինելու պատճառով:

2020թ. Արցախեան 3-րդ պատերազմը, բազմահազար անմեղ զոհերը, հայրենի երկրի մեծ մասի կորուստը, յետպատերազմեան շրջանում հայկական ազգային, քրիստոնէական յուշարձանների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքը նորից եւ նորից յուշում են, որ Թուրքիան եւ Ատրպէյճանը իրենց քաղաքական օրակարգից հայասպանութեան ծրագիրը չեն հանել:

Ոգեկոչելով մեր սրբադասուած նահատակներին` հայ ժողովրդի արժանապատուութիւնը եւ գերագոյն արժէք պետականութիւնը պահպանելու համար, մենք ազգովի առաւել քան պատասխանատու պէտք է վերաբերուենք ներքին եւ արտաքին առկայ մարտահրաւէրներին: Մենք պէտք է շարունակենք ապրել ու արարել հայրենի հողում: Դա կը լինի լաւագոյն յաղթաթուղթը Հայոց Ցեղասպանութեան համընդհանուր ճանաչման ու դատապարտման ճանապարհին»: