«Գանձասար» հետեւեալ հարցազրոյցը ունեցաւ Արցախի Երիտասարդական Միութեան Հալէպ գործուղուած ներկայացուցիչներ՝ Վահագն Խաչատրեանի եւ Բենօ Բաբայեանի հետ:
«Գանձասար»- Նախ ծանօթանանք ձեզի: Միութենական գետնի վրայ ինչպիսի՞ աշխատանք վստահուած է ձեզի:
Վահագն Խաչատրեան- Ես Վահագն Խաչատրեանն եմ, ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միութեան ներկայացուցիչ եւ Պատանեկան Միութեան վարիչ: Աշխատում եմ Արցախում հրատարակուող «Ապառաժ» թերթում եւ Park Hotel Artsakh հիւրանոցում, որպէս հաշուապահ: Հիմնականում աշխատում ենք Արցախում երիտասարդութեան հետ, որպէսզի կարողանանք պատերազմից յետոյ իրենց համախմբենք ու պատերազմի հետեւանքով յառաջացած դժուարութիւններին կարողանանք միասին դիմակայել:
Ընկերս Բաբայեան Բենօն նոյնպէս Արցախի Երիտարդական Միութեան Կեդրոնական Վարչութեան անդամ է եւ դաստիարակ Պատանեկան Միութեան մէջ: Նա սովորում է համալսարանում, մենեյճմընթ (կառավարում) բաժնում:
«Գ.»- Ի՞նչ են ձեր նախասիրութիւնները, ինչո՞վ կը սիրէք զբաղիլ ձեր ազատ ժամերուն:
Վ.Խ.- Ճիշդն ասած ես շատ քիչ եմ ազատ ժամանակ ունենում, բայց հիմնականում սիրում եմ մոնթաժով զբաղուել, սիրում եմ նկարել ֆոտոխցիկով, պատանիների հետ շատ եմ սիրում աշխատել: Բենօն սիրում է ֆութպոլ խաղալ,- ֆութպոլի եւ թենիսի մեծ սիրահար է,- հիմնականում մարզական նախասիրութիւններ ունի: Շատ-շատ լաւ ընկերանում է պատանիների հետ, երեխաները միանգամից իր հետ ընկերանում են: Արցախում կազմակերպուած ճամբարներին շատ աշխուժօրէն մասնակցում էր:
«Գ.» Մէկ բառով կրնա՞ք սահմանել այն բանը, որ կ’ատէք:
Վ.Խ.- Ես ամենաշատը ատում եմ թրքասէր հայերին:
Բ.Բ.- Ես նոյնպէս:
«Գ.»- Ո՞րն է ձեր նախասիրած գիրքը, ֆիլմը եւ երգը:
Վ.Խ.-  Ես Րաֆֆու «Սամուէլ» վէպը շատ եմ սիրում, ֆիլմերէն «Դաւիթ Բէկ»ը, նոր ֆիլմերը եւ սերիալները,- հայկականի մասին է խօսքը,- շատ անորակ են, չենք նայում, հին ֆիլմերն են, որ հետաքրքիր են, աւելի պարզ են, ընկալելի են, օրինակ կարող ես պատանիների հետ նայել եւ ոչ մի խնդիր: Այս վերջին շրջանում նոր ստեղծուած երգերից ամէնէն շատ սիրում եմ Շուշան Պետրոսեանի «Անունս Արցախ է» երգը, իսկ ընդհանրապէս սիրում եմ Գարեգին Նժդեհի նուիրուած «Արազի Ափին» երգը:
Բ.Բ.- Շատ սիրում եմ Դերենիկ Դեմիրճեանի «Վարդանանք»-ը, ֆիլմասէր չեմ, երգերից սիրում եմ «Վեհ Գաղափար Դաշնակցութեան»-ն ու Լիզպոնի 5-ի «Ահա Այսպէս Արշաւեցինք» երգերը:
«Գ.»- Նախքան ձեր գալը ծանօ՞թ էիք, կամ լսա՞ծ էիք հալէպահայ գաղութին մասին:
Վ.Խ.- Ես շատ էի լսել, որովհետեւ մայրս 88-ին Երեւանում ուսանում էր, երբ Սպիտակի երկրաշարժը եղաւ, անմիջապէս մեկնեցին որպէս կամաւորներ, աշխատում էին եւ շատ է պատմել, որ յատկապէս Սիրիայի հայ համայնքը այդ ժամանակ շատ զօրաւոր էր եւ բաւականին մեծ օգնութիւն էր հասցրել երկրաշարժի օրերին եւ երբ այստեղ պատերազմ սկսուեց շատ մեծ ափսոսանք էր յայտնում, որ այս զօրաւոր համայնքը պատերազմի հետեւանքով այսպէս քայքայւում է: Յատկապէս շատ էր պատմում Լիբանանի եւ Սիրիայի հայ համայնքների մասին, որոնք թէ՛ Սպիտակի երկրաշարժի եւ թէ Արցախեան առաջին պատերազմի տարիներին շատ մեծ օգնութիւն են հասցրել թէ՛ նիւթապէս օգնելով, թէ՛ կամաւորներ ուղարկելով պատերազմին, նաեւ այս վերջին պատերազմին ականատես եղանք, որ հակառակ դժուարութիւններին՝ տնտեսական ճգնաժամ, պատերազմ, էլի անտարբեր չմնացին եւ կարողացան իրենց օգնութիւնը հասցնել իրենց հայրենակիցներին Հայաստանում եւ Արցախում: Ես շատ զարմացած էի, որ հէնց առաջին օգնութիւնները, որ հասան վրան գրուած էր Սիրիայի հայ համայնքի կողմից, անմիջապէս աչքի զարկեցին:
«Գ.»- Ձեր այցելութիւններուն ընթացքին ո՞ր մարզերուն առաւելաբար կ’ուզէք ծանօթանալ:
Վ.Խ.- Ճիշդն ասած լռիւ այլ պատկերացումներ ունէինք այստեղի մասին եւ շատ զարմացած ենք, որ բաւականին հայութիւն կայ փողոցներում, ամէն տեղ հայերէն խօսք ենք լսում, օրինակ Երեւանում քայլելուց աւելի շատ ոչ-հայերէն ենք լսում, քան հայերէն: Գիտէինք, որ պատերազմից յետոյ բաւական տուժած է այս համայնքը, այստեղ աղքատութիւնն է շատ, բայց ինչպէս տեսնում ենք կեանքը շարունակւում է եւ յոյս ունենք, որ աւելի կը լաւանայ վիճակը, մարդիկ ետ կը գան, քանի որ Սփիւռքում մեր համայնքների զօրաւոր լինելը Հայաստանի եւ հայութեանն է շատ անհրաժեշտ. յուսանք, որ ամէն ինչ լաւ կը լինի եւ հայութիւնը կը վերադառնայ եւ կը լինի առաջուան նոյն այդ զօրաւոր համայնքը, որ կար մինչեւ պատերազմը:
«Գ.»- Շատերուս համար 44-օրեայ պատերազմն ու Արցախի կորուստը մութ անկիւններ ունին: Ի՞նչ լուսանցքներ կրնաք բանալ եւ պատմել այդ օրերուն մասին:
Վ.Խ.- Պատերազմում պարտուեցինք, որովհետեւ անկազմակերպուածութիւն էր տիրում եւ չկար իշխանութիւնների կողմից միակ նպատակ,- անշուշտ Հայաստանի իշխանութիւնների մասին եմ խօսում,- որպէսզի պատերազմին իրենց ողջ ջանքերը ներդնեն եւ կեդրոնացնեն մեր ողջ ներուժը պատերազմին յաղթանակի հասնելու համար, ռազմական դաշտում անկազմակերպուածութիւն էր տիրում, չկար փոխհամաձայնեցուած գործողութիւնների շարք եւ դա պատճառներից մէկն էր, որ պատերազմում նահանջներ ունեցանք եւ ի վերջոյ պարտուեցինք:
Պատերազմում ժողովուրդը առաջին իսկ վայրկեանից ոտքի կանգնեց, մեր տղաները հէնց առաջին իսկ վայրկեաններից, որպէս կամաւորներ, չսպասելով զինկոմիսարիատների կանչին, իրենք ներկայացան, ամէնքը կամաւոր մեքենաներ նստեցին եւ շտապեցին ամէն մէկը իր շրջկեդրոն, այսինքն՝ կառավարման կէտեր, որտեղից արդէն իրենց բաժանում էին տարբեր ուղղութիւններով, զէնք ստացան եւ մեկնեցին ռազմաճակատ եւ ամբողջ 44 օրուայ ընթացքում մարդիկ կային, որոնք նոյնիսկ տանը չէին եղել, այսինքն հերթափոխ չէին արել, ամբողջ 44 օրուայ ընթացքին պատերազմի դաշտում էին։ Հայաստանից մեքենաներով կամաւորներ ժամանեցին, Սփիւռքից եկան մեր ընկերները տարբեր շրջաններից եւ որպէս զինուորներ գնացին, զէնք առան եւ յետոյ մեկնեցին սահման, կամ որպէս կամաւորներ, այսինքն՝ թիկունքային աշխատանքներում օժանդակելու համար: Մի մասը, որ հնարաւորութիւն չունէր տուեալ պահին իր նիւթական օժանդակութիւնը հասցնելու, առարկայական առաջին անհրաժեշտ պարագաները՝ սնունդ, քնապարկեր, դեղորայք, հաւաքեց եւ ուղարկեց Արցախ, մի մասը, որ փորձում էր այսպէս կոչուած Social Media-ի հարթակում ատրպէյճանական ապատեղեկատուութեան դէմ աշխատել, մի խօսքով իւրաքանչիւրը իր ներածին չափով փորձեց իր ներդրումը եւ օժանդակութիւնը ունենալ մեր պատերազմին մէջ: Ի հարկէ մենք չտեսանք այդ համախմբումը իշխանութեան կողմից եւ  Սփիւռքի, Արցախի եւ Հայաստանի հայերին մէկ շրջանակից չկար ուղղորդուած պայքար եւ անընդհատ ապատեղեկատուութիւն հրամցնելով ժողովրդի մօտ այսպէս էյֆորիկ իրավիճակ  ստեղծեցին, որ հանգիստ եղէք, «յաղթում ենք»  եւ շատերն էլ էդ մտքով, որ «յաղթում ենք» այլեւս պէտք չունենք յաւելեալ բան անելու, անմասն մնացին:
«Գ.»- Ի՞նչ տպաւորութիւններ ունեցաք ձեր հանդիպումներուն ընթացքին: 
Վ.Խ.- Շատ տպաւորուած ենք, չէինք սպասում այսպիսի համայնք տեսնել, որ այսպիսի պատերազմից յետոյ չի կորցրել իր զօրութիւնը եւ ամէն կերպ օժանդակում է համայնքի ներսում դժուարին կացութեան մէջ գտնուողներին: Այստեղի հայ դպրոցները տեսանք բաւական լաւ վիճակում, ցաւօք սրտի աշակերտների թիւը իմացանք, որ պակասել է, յոյս ունենք, որ անպայման նպաստաւոր պայմաններ կը ստեղծուեն իրենց վերադարձի համար: Հայապահպանման գործում մեծ կարեւորութիւն ունի նաեւ երեխաների մեծ թիւը եւ ընդհանուր համայնքի աշխուժացումը: Մենք էլ ընդհանրութիւններ եւ շատ նմանութիւններ գտանք ստեղծուած իրավիճակում Արցախի եւ Սիրիայի կացութիւնների միջեւ եւ կարծում եմ ընդհանրութիւններն են պատճառը, որ մենք մեզ օտար չզգացինք այստեղ եւ ամէն ինչ շատ հոգեհարազատ էր մեզ:
Հարցազրոյցը վարեց՝
Վեհան Պարսումեան