Ծովի երեսն է փրփուրը ելնում,
Փայլփլում մի պահ, իբր մարգարիտ,
Մինչ մարգարիտը խորքում է լինում,
Խորից է ծնւում գանձը ճշմարիտ:
Բայց այսպէս խօսեց փրփուրն այդ մասին.
-Ինչո՞ւ տեղ չունես ծովի երեսին,
Թէ մարգարիտ ես… Էլ ի՞նչ մարգարիտ,
Ես եմ մայր ծովի գանձը ճշմարիտ,
Որ միշտ ջրերի երեսն եմ ելնում,
Ու ես եմ փայլում,
Կեանքը վայելում….
Բայց իր վայելքը երկար չտեւեց,
Մի քամի ելաւ, փրփուրը ցրուեց,
Հետքն էլ չմնաց ծովի երեսին…
Մինչ մարգարիտը, երբ խորքից հանուեց,
Ձեռքէ ձեռք խլուեց, գանձ է, գանձ, ասին,
Ահա՛ մայր ծովի միակ փառքը մեծ:
…Մարդիկ կան, որոնք փրփուրի նման
Միշտ կեանքի ծովի երեսն են ելնում,
Բայց խորքում որքա՜ն Մարգարիտներ կան,
Որոնց փառքը դեռ փրփուրն է խլում:
Յովհաննէս Շիրազ