Մենք էլի եկանք, մենք էլի շատ էինք, գուցէեւ՝ աւելի շատ։ Բայց կարևորը մեր աչքերի վճռականութիւնն է, համոզումը, պայքարի արդարութիւնը։
Այդ համոզումը պետութիւն ունենալու պաշտամունքից է սնւում, թեւ առնում մեր տրորուած ու գետնատարած արժանապատւութիւնը վերականգնելու անխուսափելիութիւնից։
 
Այլապէս ապրել չի լինի․ քամուած, փսորած, անգոյ, անել ճանապարհներում, ինքնասպան ատելութեան ճիրաններում հերիք քամեզ մեզ։ Մենք ուզում են ուղղել մեր բեկուած ոշնաշարը, գտնել մեր իսկական կերպը, ուզում ենք արժանի լինել մեր նահատակներին։ Պարզապէս ուզում ենք հանգիստ խղճով նայել մեր երեխէքի աչքերին։ Մենք չենք կարող կորցնել այն, ինչը մեր էութիւնն է, մեր ինքնութիւնը, մեր գոյութեան իմաստը։
 
Իսկ դու չկաս։ Ոստիկանին սարքել ես դահիճ, իսկ դու չկաս։ Քո փոխարէն վահանն ու մահակն են, փչացած նռնակը, սողացող անգրագէտ, անհայրենիք ու անսուրբ մի մանկուրտ, որն արձակում է նռնակը՝ գիտենալով, որ առջևում կանգնած ժողովրդի մէջ իր քոյրը, հարեւանը կամ սիրած աղջիկը կարող են լինել։
 
Դու չես սիրում քո ժողովրդին, դու ոչինչ չես սիրում, դու սիրել չգիտես, դու շիդար ես, ու քո կոյր ատելութիւնը յանձնարարել ես կուրացած ու տգէտ մի հաճկատարի, որը կարող է ձեռնաշղթայուած ՀՀ քաղաքացուն ոստիկանական բաժանմունքում գետնին գցել ու ոհմակով յարձակուել։
 
Բայց միևնոյնն է՝ քո վահանների կապարէ սառնութիւնից մեր սէրը չի սառչում, քո մահակների վայնասունից մեր արդար ձայնը չի խլանում, քո փչացած նռնակների վնգստոցից մեր կամքը չի նուաղում, քո սապոգների բիրտ հարուածներից մեր երթը չի ընկրկում, քո բռունցքներից մեր համոզումը չի նահանջում։ Մերը լոյսն է, ԼՈՅՍ-ը․․․
 
Իսկ դու չկաս, քո փոխարէն հաւաքական գորշ մի բան է, խառը մի զանգուած՝ ոստիկան պայմանական անունով։
Մերը երկիրն է, մերը պատիւն է, մերը յաւերժականն է։
 
Հ․Գ․ Երէկ, երբ Դեմիրճեան փողոցում ոստիկանական յարձակումից մէկ վայրկեան առաջ յայտնուել էի վահանների բազմաշար պատի ու ժողովրդի արանքում, հայեացքս որսած սաղաւարտի տակից միայն աչքերը բացայայտող մի ոստիկան ու սրտացաւ ձայնով ասաց,
—Շուտ, շուտ հեռացէք, Տիկի՛ն Գալստեան, հիմա ճզմելու ենք ձեզ․․․
 
Ու գուժեցին մահակների միահամուռ հարուածները վահաններին․․․ Թմբկահարւող այս գուժկան շաչիւնն ամէն անգամ ինձ յիշեցնում է Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիան, որ կոմպոզիտորը գրել էր ֆաշիստների կողմից պաշարոպած Լենինգրատում․․․
 
Այսօր մենք էլի այնտեղ էինք, մեր երթն էլի լուսաւոր էր, մարդիկ սիրուն էին, չհոգնող, համոզուած։
 
Հ․Գ․ Այսօր, ՁՊՎ-ում գտնուող մեր բոլոր ձերբակալուածները մէկ բան էին ասում՝ նահանջել չկայ․․․
Լիլիթ Գալստեան
Երեւան