Aravot.am-ը հարցում ուղարկած էր Մայր Աթոռ, պարզելու համար՝ արդեօ՞ք Եկեղեցին պիտի մասնակցի հոկտեմբեր 28-31-ը Երեւանի մէջ կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովին: Aravot.amը ստորեւ ներկայացուած պատասխանը ստացաւ Մայր Աթոռի տեղեկատուական համակարգի տնօրէն՝ տէր Եսայի քահանայ Արթենեանէն:

«Հաստատում ենք, որ ՀՀ Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի կողմից ՆՍՕՏՏ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին բանաւոր հրաւէր է ուղղվել տարւոյս հոկտեմբեր 28-ից 31-ը գումարուելիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովին մասնակցելու համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քննարկուել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովին Եկեղեցու մասնակցութեան հարցը:

Հոկտեմբեր 28-31-ի գագաթնաժողովը տարակուսանքներ է առաջացնում մասնակիցների ընտրութեան հարցում, մասնաւորաբար, համահայկական աւանդական կազմակերպութիւնների եւ ազգային կեանքում նշանակալի աւանդ ունեցող անձանց ներկայացուածութեան առումով: Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած մարտահրաւէրների համատեքստում անընկալելի են նաեւ քննարկման համար ընդգրկուած նիւթերը: Կազմակերպական այս մօտեցումներով նման միջոցառումը կարող է նոր զգայնութիւններ եւ լարուածութիւններ առաջացնել ազգային մեր կեանքում եւ արդիւնաւէտ չլինել:

Եկեղեցին հնարաւորութիւն չի ունեցել իր յիշեալ եւ այլ դիտարկումները ներկայացնելու գագաթնաժողովի կազմակերպիչներին՝ ներգրաւուած չլինելով կազմակերպչական աշխատանքներում, թէեւ Եկեղեցին միշտ էլ կարեւորել է համահայկական համախմբմանն ուղղուած նման համաժողովների ու միջոցառումների անցկացումը։ Վերոյիշեալ նկատառումներից ելնելով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նպատակայարմար չի նկատում Եկեղեցու մասնակցութիւնը գագաթնաժողովի աշխատանքներին»։