Շարունակուող շրջափակումը անկիւնադարձային փոփոխութիւնների է ենթարկել Արցախում բնակուող իւրաքանչիւր անհատի առօրեայ կեանքը: Այդ փոփոխութիւնները անհատական դաշտից առաւել նկատելի են Արցախի քաղաքական, տնտեսական, անվտանգային և կենսապահպանման համակարգերում: Բնական է, որ լուծելի խնդիրների առաջին շարքում պարէնի, առաջին անհրաժեշտութեան ապրանքների սակաւութեան վերացման կամ հաւասարաչափ բաշխման համակարգի ստեղծումն է:

Պէտք է անկեղծօրէն արտայայտել, որ այդ ասպարէզում օպերատիւ շտապը կատարել է արդիւնաւէտ աշխատանք և այսօրուայ դրութեամբ այդ խնդիրը լուծուած կարելի է համարել: Թւում է թէ կենցաղային հարցերի լուծումը կարող է բաւարար լինել աւելին դիմակայելու համար և խնդիրներ կարելի է լուծուած համարել: Սակայն իրականութիւնը այլ է: Նման պայմաններում քաղաքական ճիշդ մօտեցումների կիրառումը հնարաւորութիւն կտայ արդիւնաւէտ լուծումներ գտնելու և լաւագոյն տարբերակները ի յայտ բերել:

Քաղաքական կողմնորոշումների և հաշուարկների դրական ազդեցութիւնը համատարած են լինում և շօշափելի կը լինեն իւրաքանչիւր ոլորտում թէ՛ արտաքին յարաբերութիւնների և թէ՛ ներքին կառավարման համակարգերում:

Քաղաքական ուժերի ներքին համերաշխութիւնը, համախմբուածութիւնը մէկ թիրախի ուղղութեամբ գործածութեան կեդրոնացումը էական ազդեցութիւն ունեն ներքին կառավարման և արտաքին քաղաքական նախաձեռնութիւնների արդիւնաւէտութիւնը ապահովելու համար: Այս կողմից ճգնաժամային պայմաններում անհրաժեշտ վերադասաւորումները պատճառ կը դառնան որ նուզեցուի հնարաւոր լարուածութեան օջախների առկայութիւնը:

Ելնելով վերը նշուած իրողութիւններից, Արցախի քաղաքական դաշտում այժմէական են մնում մի շարք նախաձեռնութիւնների և միջոցների կիրառումը:

Այդ լուծումներից առաջինը դեռևս պատերազմից անմիջապէս յետոյ բոլորի մօտ առաջացած մայր օրէնքի Սահմանադրութեան փոփոխութեան հարցն է: Սահմանադրութեան բարեփոխումների միջոցով առիթը կը լինի մէկ անգամ ևս ամբողջացնել 30 տարիների ընթացքում պետականութեան գործընթացում գրանցուած յաջողութիւնները և այն համապատասխանեցնել օրուայ պահանջներին:

Շրջափակման հետևանքներից մէկը նաև Արցախի քաղաքական մեկուսացումն է, դա ևս Ատրպէյճանի նպատակներից մէկն է, որի միջոցով փորձում է բարոյահոգեբանական ճնշման ենթարկել Արցախի ազգաբնակչութիւնը: Ներկայ դրութեամբ Ատրպէյճանին դա չի յաջողւում լիարժէք իրականացնել, քանի որ Սփիւռքի զանազան օջախներում առկայ են ակտիւութիւն և լոպպիստական աշխատանքներ: Սակայն այդ բոլորը չի կարելի բաւարար համարել: Անհրաժեշտ է Արցախի ԱԳՆ-ին կից ձևաւորել աշխատանքային խումբ արտաքին քաղաքական նախաձեռնութիւնների մշակման և տեղեկատուական, քարոզչական աշխատանքները համակարգելու համար:

Եւ վերջապէս, այս իրավիճակի համահունչ պետական կառավարման համակարգի ձևաւորման անհրաժեշտութիւնը օգտագործելն է: Ներկայ դրութեամբ աշխատող օպերատիւ կառավարման շտապը կարողանում է ինչ-որ չափով լուծել կենցաղային, առօրեայ հարցեր, սակայն ինչպէս ասուեց այլ մակարդակի քաղաքական հարցերի լուծումը ևս անժամանցելի է: Իսկ այդ քաղաքական մարմինը պէտք է ի մի բերուի քաղաքական համախմբութեամբ և օրէնքի թելադրանքով:

«Ապառաժ»-ի խմբագրական

31 Յունուար 2022