Արցախի Հանրապետութեան/Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան/ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի պետ (ռեկտոր), Բնութեան և հասարակութեան սլաւոնական ակադեմիայի պատուաւոր դոկտոր,Վիեննայի միջազգային համալսարանի պատուաւոր փրոֆեսոր, Եւրոպայի համալսարանապետների (ռեկտորների) ակումբի անդամ Դոնարա Գաբրիէլեանի, պրոֆեսորադասախօսական կազմի և ուսանողական խորհրդի համատեղ յայտարարութիւնն՝ ուղղուած ՀՀ և արտերկրի բուհերին

Հրատապ աջակցութեան խնդրանքով դիմում և ահազանգում ենք Արցախի Հանրապետութիւնում ապրող 120.000 ժողովրդի անունից, որից տասնեակ հազարաւորներն աշակերտներ և ուսանողներ են:

2022 թ. Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ատրպէյճանն ապօրինի արգելափակել է Արցախի Հանրապետութիւնը Հայաստանի Հանրապետութեանը և արտաքին աշխարհի հետ կապող միակ հաղորդակցային ճանապարհը (Լաչինի միջանցքը)՝ Արցախը ենթարկելով լիակատար շրջափակման:

Շրջափակման հիմքում դնելով բնապահպանական կեղծ նարատիւներ՝ Ատրպէյճանն իրականացնում է պետականօրէն համակարգուած համալիր գործողութիւնների շարունակական ծրագիր. Արցախի ժողովրդի դէմ կիրառւում է քաղաքական, տնտեսական, էներկետիկ, հոգեբանական, տեղեկատուական ահաբեկչութեան բազմաշերտ գործիքակազմ:

-Ատրպէյճանի նպատակն է սողացող էթնիկ զտումների քաղաքականութեան վերջնարդիւնքում ունենալ «Արցախն առանց հայերի»:

-Ատրպէյճանը կոպտօրէն խախտում է միջազգային իրաւունքի սկզբունքները:

-Ատրպէյճանի հարուցած մարդկային աղէտի հետևանքով խախտուած է նաև Արցախի Հանրապետութեան հազարաւոր աշակերտների և ուսանողների կրթութեան իրաւունքը:

Կոչ ենք անում բուհերին հետեւեալ պահանջներով դիմելու սեփական երկրների կառավարութիւններին.

-գործնական ճնշումներ կիրառել Ատրպէյճանի դէմ՝ վերացնելու Լաչինի միջանցքի արգելափակումը և Արցախի Հանրապետութեան լիակատար շրջափակումը,

-Արցախի Հանրապետութեան դէմ Ատրպէյճանի ահաբեկչական գործողութիւնները զսպելու և կանխարգելու նպատակով անյապաղ կիրառել պատժի գործիքակազմ,

-չնպաստել Ատրպէյճանի անպատժելիութեանը, մեղսակիցը չդառնալ անպատժելիութեան օրինականացմանը,

-մարդու իրաւունքները չստորադասել աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերին,

-յարգել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը՝ որպէս նրա փրկութեան կենսական միջոց:

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ,

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ/ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ/

1.02.2023