ՀՀ Արտաքին Գործոց Նախարարութեան էջէն կը տեղեկանանք, որ ՀՀ արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյեան Ֆրանսայի, Եւրոպայի արտաքին գործոց նախարարին հետ մամլոյ միատեղ ասուլիսին ընթացքին առաւելաբար յայտնած է.

«Ակներև է հայ-ֆրանսական բարձրագոյն մակարդակի քաղաքական երկխօսութիւնն ու դրա ամրապնդման երկուստեք վճռականութիւնը, որ վերահաստատոպեց երկու երկրների ղեկավարների՝ անցեալ տարի «Հաւակնութիւններ. Հայաստան-Ֆրանսա» համաժողովին մասնակցութեամբ, ինչպէս նաև «Հայ-ֆրանսական տնտեսական համագործակցութեան 2021-2026թթ ճանապարհային քարտէզի» ստորագրումով: Մենք պայմանաւորուել ենք գործուն քայլերով ապահովել ճանապարհային քարտէզի կեանքի կոչումը. մեր համատեղ շահագրգռուածութիւնն է ունենալ այս ոլորտում շօշափելի արդիւնքներ, ինչը համահունչ կը լինի մեր քաղաքական երկխօսութեանը:

Այսօր մեր հանդիպմանը ես երախտագիտութիւն եմ յայտնել առկայ խնդիրների վերաբերեալ Ֆրանսայի` բոլոր մակարդակներով, տարբեր ձևաչափերում ցուցաբերուած սկզբունքային դիրքորոշումների համար, այդ թւում՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ատրպէյճանական ակրեսիայի հետևանքների վերացման ուղղութեամբ, ինչպէս նաև որպէս ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ երկիր՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգաւորման գործընթացի առաջմղման գործում: Առանձնակի կարևորել եմ Ֆրանսայի նախագահ Մաքրոնի ներգրաւուածութիւնը Հարաւային Կովկասում կայունութեան, խաղաղութեան հաստատման հարցում:

Ի հեճուկս միջազգային հանրութեան քննադատութիւնների և Արդարադատութեան միջազգային դատարանի՝ Փետրուարի 22-ի իրաւաբանական պարտադիր ուժ ունեցող վճռի՝ Լաչինի միջանցքի՝ աւելի քան չորս ամիս տևած արգելափակումից յետոյ Ապրիլի 23-ին Ատրպէյճան, կոպտօրէն խախտելով 2020թ․ Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան 6-րդ կէտը, արդէն պաշտօնապէս արգելափակել է Լաչինի միջանցքը՝ քայլեր ձեռնարկելով միջանցքում՝ ՌԴ խաղաղապահ զօրակազմի պատասխանատւութեան գօտում, հսկիչ անցագրային կէտ տեղադրելու ուղղութեամբ: Սա եռակողմ յայտարարութեան հերթական, բայց թերևս իր հետևանքներով չափազանց վտանգաւոր, աղաղակող խախտում է: Դրա և Լեռնային Ղարաբաղը լքելուն ուղղուած՝ Ատրպէյճանի իշխանութիւնների արդէն բացայայտ կոչերի, ատելութեան խօսքի ետևում հնարաւոր չէ չտեսնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իրականացման իրական սպառնալիքը»: