Պրիւքսէլի մէջ տեղի ունեցած եռակողմ հանդիպումից յետոյ Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլը պաշտօնապէս յայտարարել է, որ Հայաստանը ճանաչել է Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը 1991 թ. Ալմա-Աթայի Հռչակագրի հիման վրայ՝ 86.6 հազար քառ. Ք. Մ. տարածքով։

Յայտարարութիւնը տեղի է ունեցել Ատրպէյճանի կողմէ Հայաստանի և Արցախի Հանրապետութիւնների նկատմամբ ուժի շարունակական կիրառման եւ յարձակողապաշտութեան, ինչպէս նաև արցախահայութեան տեղահանութեան, ցեղային զտման և ցեղասպանութեան ենթարկելու ահագնացող սպառնալիքների պայմաններում:

Այս յայտարարութիւնը կատարուել է անտեսելով հետեւեալ հանգամանքները.

1. Հաշուի չեն առնվել և չեն յիշատակւում ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագրի վաւերացման ժամանակ Ալմա-Աթայի՝ ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագրին կից Արձանագրութեամբ նախատեսուած իրաւասութեամբ Հայաստանի Հանրապետութեան կողմից արուած վերապահումները:

2. Ատրպէյճանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը չի ներառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը. վերջիններս ԽՍՀՄ-ից անկախացել են տուեալ պահին գործող օրէնսդրական ընթակարգերին համապատասխան: Աւելին՝ Ատրպէյճանն իր անկախութիւնը յայտարարել է 1918-1920 թթ. Ատրպէյճանի ժողովրդավարական Հանրապետութեան իրաւայաջորդութեան հիման վրայ, որի կազմում Լեռնային Ղարաբաղը չի եղել:

3. Արհամարհուել են Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ միջազգայնօրէն ճանաչուած հիմնական ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութեամբ ամրագրուած և բազմիցս յայտարարուած սկզբունքները, ինչպէս նաև Հայաստանի եւ ԵՄ միջև կնքուած «Համապարփակ և ընդլայնուած գործընկերութեան համաձայնագիրը»:

4. Նիկոլ Փաշինեանը իրաւասու չէ տալ համաձայնութիւն՝ առանց հայկական կողմի վերապահումներին յղում կատարելու, անտեսելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը, խախտելով Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան հռչակագիրը, Սահմանադրութիւնը, ինչպէս նաև Հայաստանի Գերագոյն խորհուրդի 1992 թ. Յուլիսի 8-ի որոշմամբ ստանձնած յանձնառութիւնները, այդ թւում՝ այն, որ Հայաստանի Հանրապետութեան համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն կնշուի Ատրպէյճանի կազմում:

5. Հայաստանի ներպետական օրէնսդրութեան նշուած պահանջները ապօրինի շրջանցելով, առանց Արցախի համաձայնութեան վերջինիս անունից և վերաբերեալ որևէ համաձայնութիւն տալով Նիկոլ Փաշինեանը վերազանցում է իր լիազօրութիւնները, օժանդակում է Արցախի հայաթափման և արցախահայութեան հայրենազրկման ալիեւեն ռեժիմի քաղաքականութեանը, առերևոյթ կատարում է առանձնապէս ծանր յանցագործութիւններ: Բացի այդ, Նիկոլ Փաշինեանի կողմից ի հակառակ իր, ինչպէս նաև իր իսկ կողմից գլխաւորած քաղաքական ուժի նախընտրական և ձևաւորած կառավարութեան ծրագրերի, որևէ յայտարարութիւն կամ գործողութիւն օրինական չէ և անխուսափելիօրէն առաջացնելու է քաղաքական, բարոյական և իրաւական յստակ հետևանքներ:

Առ այդ, վերը նշուած հանգամանքների ներքոյ տրուած համաձայնութիւնները (նախատեսւող պայմանագրերը) Միջազգային պայմանագրերի իրաւունքի մասին Վիենայի համաձայնագրի ուժով առոչինչ են:

Դիմելով միջազգային հանրութեանը՝ կոչ ենք անում մասնակից չդառնալ և թոյլ չտալ 21-րդ դարի մարդկութեան դէմ ուղղուած հերթական միջազգային յանցագործութիւնների իրականացմանը:

Սիրելի՛ արցախցիներ, սիրելի՛ հայրենակիցներ, չե՛նք հաշտւում, չե՛նք հանդուրժում: Ինքնորշումն Արցախի ժողովրդի անքակտելի իրաւունքն է, որը չունի այլընտրանք։

Միասնական պայքարով և ազգային համաձայնութեամբ յաղթահարենք հայոց պետականութեանն ուղղուած գոյութենական սպառնալիքը։

15.05.2023 թ.

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմին