Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեան այսօր, Ստեփանակերտի մէջ նստացոյց սկսաւ։

Նախքան նստացոյցը, ան հանդէս եկաւ ուղերձով մը, զոր կը ներկայացնենք ստորեւ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

«Արդէն եօթ ամսից աւելի է, ինչ Արցախի ժողովուրդը մաքառում է մարդկութեան դէմ ատրպէյճանական նոր յանցագործութեան` շրջափակման դէմ: Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների տեղաշարժի խոչընդոտները, վերջին մէկ ամսում նոյնիսկ մարդասիրական բեռների մատակարարման ամբողջական արգելքը, գազամատակարարման ու ելեկտրամատակարարման շարունակական խափանումը, պարբերական ռազմական յարձակումներն ու սադրանքները, հոգեբանական ահաբեկչութիւնը նպատակ ունեն ճնշելու եւ կոտրելու Արցախի ժողովրդի ազատ կամքն ու ինքնորոշման իրաւունքը, բռնի կերպով հպատակեցնելու նրան եւ, վերջ ի վերջոյ, յանգեցնելու ցեղային զտման:

«Արցախի Հանրապետութեան ժողովուրդն ու իշխանութիւնները բազմիցս արտայայտել են իրենց դիրքորոշումները, որոնցից կ՛ուզէի առանձնացնել հետեւեալները`

«Մենք պայքարում ենք մեր սեփական հայրենիքում մեր արժանապատիւ կեանքի եւ ինքնորոշման անօտարելի իրաւունքի իրացման, ճանաչման ու պաշտպանութեան համար, իսկ այդ իրաւունքը բնական է եւ ենթակայ չէ սակարկման ու զիջման:

«Ատրպէյճանում տիրող` հայ ժողովրդի դէմ ցեղային ատելութեան ու խտրականութեան համակարգային քաղաքականութեան պայմաններում յատկապէս Արցախի հայերը կանգնած են ֆիզիքական ոչնչացման իրական սպառնալիքի առջեւ, որի յստակ ապացոյցներից են 2020թ. պատերազմով եւ ընթացիկ շրջափակմամբ դրսեւորուած մարդկութեան դէմ յանցագործութիւնները: Այդպիսի պայմաններում մեր արտաքին ինքնորոշման իրաւունքի ճանաչումն ու պաշտպանութիւնը անփոխարինելի միջոց է ոչ միայն սեփական ճակատագիրը տնօրինելու, այլեւ՝ մի ողջ բնիկ ժողովրդի ֆիզիքական գոյութիւնը երաշխաւորելու համար:

«Անընդունելի համարելով 2020թ. պատերազմը, դրա վարման յանցաւոր մեթոտները եւ հետեւանքները` միեւնոյն ժամանակ մենք ստիպուած հաշուի ենք նստել 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան ձեւաւորած նոր իրողութեան հետ` յոյս ունենալով, որ գոնէ դա տեւական ժամանակ կապահովի որոշակի կայուն միջավայր մեր ժողովրդի` սեփական հայրենիքում անվտանգ ու արժանապատիւ գոյութեան համար: Այնուամենայնիւ, մենք այս ընթացքում ունեցանք մի շարք ռազմական յարձակումներ Ատրպէյճանի կողմից, իսկ պատերազմի աւարտից երկու տարի անց` արդէն շրջափակում, այնուհետեւ` լրիւ պաշարում` ոտնահարելով ոչ միայն միջազգային իրաւունքի հանրայայտ նորմերը, այլեւ` Եռակողմ յայտարարութեան բազմաթիւ դրոյթներ` Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի, ՌԴ խաղաղապահ զօրակազմի երաշխիքների եւ այլ առումներով:

«Մենք միաժամանակ միշտ բաց ենք եղել ատրպէյճանական կողմի հետ քննարկելու ատրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան բոլոր բաղադրիչները եւ կողմերի մտահոգութիւնները, մշտապէս դրսեւորել ենք մեզ որպէս կառուցողական կողմ` գիտակցելով մեր խոցելի վիճակը, բայց եւ ձգտելով պահպանել մեր կենսական իրաւունքներն ու շահերը: Սակայն Ատրպէյճանը երբեք չի ցանկացել իրական երկխօսութիւն ունենալ մեզ հետ` միջազգային անպատժելիութիւնից խրախուսուած ընտրելով ահագնացող բռնաճնշումների ու հպատակեցման ճանապարհը:

«Շրջափակման ողջ ընթացքում մենք յոյս ենք ունեցել, որ միջազգային հանրութեան տարբեր դերակատարներ կը վերացնեն շրջափակումը, կը կանխեն դրա յետագայ խորացումը: Սակայն մենք լսել ենք միայն բարի խօսքեր, բայց ո՛չ Եռակողմ յայտարարութեան, ո՛չ ՄԱԿի Արդարադատութեան միջազգային դատարանի հրամանների, ո՛չ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի որոշումների, ո՛չ էլ միջազգային կազմակերպութիւնների, առանձին պետութիւնների եւ այլ դերակատարների կոչերի գործնական կատարում այդպէս էլ չտեսանք: Որոշումից որոշում, կոչից կոչ Արցախի ժողովրդի վիճակը գնալով բարդացել է, իսկ Ատրպէյճանը դարձել է աւելի ու աւելի սանձարձակ, ինչը նշանաւորում է միջազգային իրաւակարգի հոգեվարքը:

«Դեկտեմբերից Յունիս տեւած հիւծող շրջափակումից եւ վերջին մէկ ամսուայ լրիւ պաշարումից յետոյ այժմ Արցախում ունենք սննդի, վառելիքի, դեղորայքի, մաքրութեան եւ այլ առաջին անհրաժեշտութեան պարագաների մեծ սղութիւն, գիւղատնտեսական աշխատանքների գրեթէ ամբողջութեամբ կասեցում, հանրային փոխադրամիջոցների գործունէութեան ծաւալների խստիւ կրճատում, ջրի ու կապի ենթակառուցուածքների շարունակական խափանումներ, հիւանդանոցների, հացի արտադրամասերի ու այլ կենսական ապրանքների, աշխատանքի խափանումներ` ելեկտրամատակարարման այլընտրանքային լուծումների բացակայութեան պատճառով, երեխաների, յղիների ու այլ խոցելի խմբերի թերսնուցում, հարիւրաւոր բաժանուած ընտանիքներ եւ այլն, եւ այլն: Մի քանի օրուայ մէջ այս վիճակը շատ աւելի սուր է դառնալու` իր բոլոր անդառնալի հետեւանքներով հանդերձ:

«Այս ողջ ընթացքում Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների կողմից բազմաթիւ միջոցներ են ձեռնարկուել թէ՛ միջազգային հարթակներում եւ թէ տեղում` ապահովելու համար պատշաճ դիմադրութիւն ատրպէյճանական ոտնձգութիւններին: Դրանց հիմնական մասը տեսանելի չէ` հաշուի առնելով տարբեր զգայուն հանգամանքներ, եւ նաեւ այդ ջանքերի շնորհիւ ենք կարողացել այսքան ժամանակ դիմակայել շրջափակման ծանր մարտահրաւէրներին:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

«Հաշուի առնելով առկայ ծանրագոյն իրավիճակն ու վերահաս մարդասիրական ու անվտանգային աղէտը` ես որոշել եմ դիմել ծայրայեղ միջոցի, այն է` հէնց այս պահից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միանալ բազմաթիւ քաղաքացիների կողմից մեկնարկած նստացոյցին: Սա լրացուցիչ ճիգ ու ահազանգ է միջազգային գործնական ուշադրութիւն գրաւելու, յորդորելու միջազգային հանրութեանը կատարել իր ստանձնած պարտաւորութիւնները, մղելու հայ ժողովրդին եւ մեր բոլոր բարեկամներին ակտիւ ու անյապաղ գործողութիւնների:

«Այս նստացոյցով մենք ակնկալում ենք, որ Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսան, Եւրոմիութիւնը, ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդն ու այլ լիազօր մարմիններ, ինչպէս նաեւ բոլոր մնացած առնչուող դերակատարները զերծ կը մնան առաջին հերթին Ատրպէյճանի հետագայ յարձակողական ու յանցաւոր գործողութիւնները խրախուսելուց ու անտեսելուց, իսկ այնուհետեւ` կը կատարեն իրենց պարտաւորութիւնները Եռակողմ յայտարարութեան, ՄԱԿի Արդարադատութեան միջազգային դատարանի հրամանների եւ միջազգային այլ ակտերի ու պայմանաւորուածութիւնների պատշաճ կատարման ուղղութեամբ:

«Իսկ ահա Մայր Հայրենիքում ու Սփիւռքում բնակուող հայ ժողովրդի բոլոր հատուածներից ակնկալում ու խնդրում ենք, որ բոլոր հնարաւոր գործողութիւնների դիմեն որոշում կայացնողների ուշադրութիւնը հրաւիրելու եւ Արցախին աջակցող գործնական քայլեր կատարելու ուղղութեամբ: Այդ համատեքստում ողջունելի է վերջին օրերին մեկնարկած համաժողովրդական շարժումը, այն բոլոր արցախցիների սրտերից ու հոգիներից բխած շարժում է, որի պատշաճ շարունակութեանն ու զարգացմանն ենք սպասում ողջ հայ ժողովրդի շրջանում: Վստահ եմ, որ տարբեր երկրներում նստացոյցների եւ բողոքի ու իրազեկման այլ զանգուածային արշաւների միջոցով հնարաւոր է շօշափելի արդիւնք ապահովել այս պայքարում: Միջազգային հանրութիւնը պէտք է զգա հայ ժողովրդի վճռական կամքն ու սատարումն Արցախին, քանի որ Արցախի հայկական ու արժանապատիւ ապագայի բանալին հէնց հայ ժողովրդի ձեռքերում է:

«Մեկնարկած նստացոյցին միանալն իմ սահմանադրական, քաղաքացիական ու ազգային պարտաւորութիւնների կատարմանն ուղղուած ծայրայեղ քայլ է, այս իրավիճակում ես աւելի արդիւնաւէտ այլ տարբերակ չեմ գտել: Այն որեւէ կերպ էականօրէն չի ազդելու պետական կառավարման համակարգի գործունէութեան վրայ, եւ բոլոր մարմիններն ու պաշտօնեաները շարունակելու են իմ գլխաւորութեամբ կատարել իրենց ծառայողական պարտականութիւնները:

«Այս օրերի ընթացքում ես հնարաւորութիւն կ՛ունենամ Վերածննդի հրապարակում շփուել համաժողովրդական շարժման, հասարակութեան եւ քաղաքական համակարգի բոլոր հիմնական դերակատարների ու խմբերի հետ, միասին քննարկել մեր անելիքները եւ միասին էլ համապատասխան որոշումներ կայացնել եւ իրականացնել դրանք: Եթէ մէկ շաբաթուայ ընթացքում միջազգային միջամտութեամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնայ քիչ թէ շատ կայուն ու բնականոն հուն, ապա դրանից յետոյ մենք դիմելու ենք աւելի կոշտ գործողութիւնների ե՛ւ Արցախում, ե՛ւ դրանից դուրս:

«Աստուած պահապան Արցախին եւ ուժ ու կորով մեր ժողովրդին»։