Ստորեւ կը ներկայացնենք Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովին ուղերձը ուղղուած ՄԱԿ-ի անդամ պետութիւններուն.

Հիմնուելով ՄԱԿ-ի Կանոնադրութեան, ՄԱԿ-ի 1948 թուականի Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի, ՄԱԿ-ի 1948 թուականի «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին» համաձայնագրի, «Մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների պաշտպանութեան մասին» 1950 թուականի Եւրոպական կոնվենցիայի, «Ռասայական խտրականութեան բոլոր ձեւերի վերացման մասին» 1965 թուականի միջազգային կոնվենցիայի եւ Մարդու իրաւունքների միջազգային իրաւունքի եւ Մարդասիրական իրաւունքի բնագաւառում այլ միջազգային պայմանագրերի, ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլիայի 1974 թուականի «Ագրեսիայի սահմանումը» որոշման, ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլիայի 2005 թուականի «Բնակչութիւնը ցեղասպանութիւնից, էթնիկ զտումներից եւ մարդկութեան դէմ յանցագործութիւններից պաշտպանելու պարտաւորութեան մասին» բանաձեւի, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին» 1991 թուականի Սեպտեմբերի 2-ի հռչակագրի, 1991 թուականի Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Անկախութեան մասին համաժողորդական հանրաքուէի արդիւնքների, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Անկախութեան հիմունքների մասին» 1992 թուականի Յունուարի 6-ի օրէնքի, ԼՂՀ Գերագոյն խորհրդի «ԼՂՀ պետական անկախութեան հռչակագրի տեքստը հաստատելու մասին» 1992 թուականի Յունուարի 6-ի որոշման, հակամարտ կողմերի միջեւ 1994 թուականի Մայիսի 12-ի «Կրակի եւ ռազմական գործողութիւնների լիարժէք դադարեցման մասին» համաձայնագրի, 1995 թուականի Մարտի 31-ին ԵԱՀԿ Ղեկավար կազմի Առաջին հանդիպման ընդունած փաստաթղթի, 2020 թ. Նոյեմբերի 9-ի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողութիւնների դադարեցման մասին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ատրպէյճանի կողմից ստորագրուած Եռակողմ յայտարարութեան, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի 2022 թուականի Դեկտեմբերի 21-ի որոշման, Եւրախորհրդարանի 2023 թ.-ի Յունուարի 19-ի «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետեւանքների մասին» բանաձեւը, ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի 2023 թուականի Փետրուարի 22-ի (վերահաստատուած Յուլիսի 6-ին) որոշումների, Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 2023 թուականի Յունիսի 22-ի բանաձեւի վրայ.

Խստօրէն դատապարտելով, որ ատրպէյճանական կողմն առայսօր պարբերաբար խախտում է 2020 թ. Նոյեմբերի 9-ի Եռակողմ յայտարարութեան դրոյթները.

Ուշադրութիւն հրաւիրելով, որ մինչեւ հիմա Ատրպէյճանը չի կատարել հայ ռազմագերիների եւ պատանդառուած քաղաքացիական անձանց ազատ արձակելու իր պարտաւորութիւնները եւ ամէն կերպ խոչընդոտում է ներքին տեղահանուած անձանց վերադարձը Լեռնային Ղարաբաղ ու յարակից շրջաններ, ինչը, ըստ Յայտարարութեան դրոյթների, պէտք է տեղի ունենար ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագոյն յանձնակատարի հսկողութեան ներքոյ.

Եռակողմ յայտարարութեան ստորագրումից յետոյ անցած ժամանակահատուածում Ատրպէյճանի կողմից Արցախի խաղաղ բնակչութեանը սպառնացող վտանգները ոչ միայն չեն նուազել, այլեւ զգալիօրէն աւելացել են։ Այս կապակցութեամբ արձանագրում ենք հետեւեալ իրողութիւնները.

– Ատրպէյճանը, Հայաստանի հետ միաժամանակ, 1992 թուականի Յունուարի 30-ին, անդամագրուելով Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան խորհրդակցութեանը (ԵԱՀԽ, 1995 թուականից՝ ԵԱՀԿ), ստանձնել է պարտաւորութիւններ:

ԵԱՀԽ-ն ճանաչել է այդ երկրների ինքնիշխանութիւնը, պայմանով, որ նրանք, իրենց հերթին, ընդունում են Լեռնային Ղարաբաղի պատկանելութեան հարցում եղած տարաձայնութիւնների փաստը եւ համաձայնւում են, որ Լեռնային Ղարաբաղի ապագայ կարգավիճակը որոշուելու է միջազգային համաժողովում, որը տեղի է ունենալու ԵԱՀԽ-ի հովանու ներքոյ։ Երկու պետութիւններն էլ տուել են իրենց համաձայնութիւնը՝ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու պարտաւորութիւն ստանձնելով։

Ատրպէյճանը խախտելով ստանձնած պարտաւորութիւնները՝ սանձազերծել է լայնածաւալ ագրեսիա Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան դէմ։ Կազմակերպելով իր ինքնապաշտպանութիւնը, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութիւնն արժանի դիմադրութիւն ցոյց տուեց եւ պաշտպանեց իր անկախութիւնը 1992-1994 թուականներին Ատրպէյճանի նախաձեռնած պատերազմում։ 1994 թուականի Մայիսին Ատրպէյճանն ստիպուած էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հետ ստորագրել «Կրակի եւ ռազմական գործողութիւնների լիարժէք դադարեցման մասին» համաձայնագիր, որը ճանաչուած էր միջազգային հանրութեան կողմից։

– Ատրպէյճանի Հանրապետութիւնը, խախտելով միջազգային իրաւունքի բոլոր նորմերը եւ խափանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան հովանու ներքոյ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման բազմամեայ բանակցութիւնների գործընթացը, 2016 թուականի Ապրիլի 2-ին վերստին լայնածաւալ ռազմական ագրեսիա է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան դէմ, որը դադարեցուել է Ոուսաստանի Դաշնութեան միջամտութեամբ։

– Չնայած հրադադարի վերաբերեալ ձեռք բերուած պայմանաւորուածութեանը, Ատրպէյճանը, Թուրքիայի համակողմանի աջակցութեամբ եւ ռազմական գործողութիւնների անմիջական կառավարմամբ, Մերձաւոր Արեւելքի տարբեր երկրներից հազարաւոր վարձկան ահաբեկիչների ներգրաւմամբ՝ 2020 թուականի Սեպտեմբերի 27-ին կրկին դիմել է լայնածաւալ ռազմական ագրեսիայիԼեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան դէմ, որը դադարեցուել է 2020 թ. Նոյեմբերի 9-ին «Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողութիւնների դադարեցման մասին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ատրպէյճանի ղեկավարների կողմից» Եռակողմ յայտարարութեան ստորագրման արդիւնքում։

– Ատրպէյճանի ռազմաքաղաքական ղեկավարութեան հրահանգով եւ համակարգմամբ 2022թ. Դեկտեմբերի 12-ին մի խումբ ատրպէյճանցիներ, «բնապահպանների» անուան տակ Շուշի-Քարինտակ ճանապարհի խաչմերուկում մուտք են գործել ՌԴ խաղաղապահ առաքելութեան պատասխանատուութեան գօտի եւ արգելափակել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ու Հայաստանի Հանրապետութիւնների միջեւ գործող միակ ցամաքային Լաչինի միջանցքը, նաեւ խափանելով այդ տարածքով էներգակիրների՝ գազի եւ էլեկտրականութեան մատակարարումը:

– 2022 թուականի Դեկտեմբերի 21-ին Մարդու իրաւունքների Եւրոպական դատարանն ընդունել է որոշում, որով Ատրպէյճանին պարտաւորեցւում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ եւ բաւարար միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնութիւն ստանալու կարիք ունեցող ծանր հիւանդ անձանց տեղաշարժը:

– 2023 թուականի Փետրուարի 22-ին ՄԱԿ Արդարադատութեան միջազգային դատարանն ընդունել է որոշում առ այն, որ Ատրպէյճանը պարտաւոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ եւ բաւարար միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել տեղաշարժի ապահովման համար՝ երկու ուղղութիւններով, որը վերահաստատուել է Յուլիսի 6-ին:

– Արհամարհելով 2020 թ. Նոյեմբերի 9-ի Եռակողմ յայտարարութեամբ ամրագրուած դրոյթները, Մարդու իրաւունքների Եւրոպական դատարանի 2022 թուականի Դեկտեմբերի 21-ի եւ ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի 2023 թուականի Փետրուարի 22-ի եւ Յուլիսի 6-ին վերահաստատուած որոշումները, Ատրպէյճանը սոյն թուականի Ապրիլի 23-ին, ապօրինաբար անցակէտ է տեղադրել միջանցքում՝ խորացնելով շրջափակումը, իսկ Յունիսի 15-ից ամբողջութեամբ պաշարման մէջ առնելով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութիւնը։

– Այսօրինակ հակամարդկային գործողութիւնների հետեւանքով Արցախում բնակուող 120 հազար խաղաղ բնակիչները (այդ թուում 30 000 երեխաներ) յայտնուել են Ատրպէյճանի կողմից էթնիկ զտումների իրական վտանգի առջեւ, շուրջ 30 հազար բռնի տեղահանուածներ էլ մինչ այժմ չեն կարողանում վերադառնալ իրենց մշտական բնակութեան վայրեր:

– Հետապնդելով Արցախը հայաթափելու եւ ուժի կիրառմամբ այն իր կազմի մէջ բռնակցելու անթաքոյց նպատակ եւ, անպատժելիութեան պայմաններում խախտելով միջազգային իրաւունքի գործող նորմերը, Ատրպէյճանը հետեւողականօրէն ապօրինի կերպով զաւթում է Լեռնային Ղարաաբաղի (Արցախի) Հանրապետութեան նորանոր տարածքներ, պարբերաբար գնդակոծում հայկական բնակավայրերը, սպանում եւ ահաբեկում խաղաղ բնակչութեանը, ամէն կերպ խաթարում նրա բնականոն կենսագործունէութիւնը՝ անտանելի դարձնելով մարդկանց կեանքը, միեւնոյն ժամանակ իրականացնում է հայկական պատմամշակութային ժառանգութեան նկատմամբ վանդալիզմի ակտեր։

Ահազանգելով, որ Ատրպէյճանի կողմից պաշարման ենթարկուած ԼՂ (Արցախի) Հանրապետութեան բնակչութիւնը կանգնած է ՀԱՅՐԵՆԱԶՐԿՈՒԵԼՈՒ եւ Ատրպէյճանի իշխանութիւնների կողմից իրականացուող ՑԵՂԱՍՊԱՆ գործողութիւնների վտանգի առջեւ.

Հաշուի առնելով Արցախի բնակչութեան նկատմամբ Ատրպէյճանի կողմից իրականացուող ցեղասպան քաղաքականութիւնը եւ նրա բնակչութեան առջեւ ծառացած լրջագոյն գոյաբանական սպառնալիքները՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան Ազգային ժողովը՝ Արցախի ժողովրդի առաջնային մանդատով օժտուած բարձրագոյն ներկայացուցչական մարմինը, արտայայտելով հանրապետութեան ողջ բնակչութեան կամքն ու դիրքորոշումը,

ՈՒՂԵՐՁՈՎ ԴԻՄՈՒՄ Է

ՄԱԿ-ի անդամ պետութիւններին եւ

ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

Առաջնորդուելով ՄԱԿ-ի կանոնադրութեամբ ամրագրուած ազգերի ինքնորոշման իրաւունքի սկզբունքով, հիմք ընդունելով 1991 թուականի Սեպտեմբերի 2-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին» հռչակագիրը, Անկախութեան մասին 1991 թուականի Դեկտեմբերի 10-ի համաժողորդական հանրաքուէի արդիւնքները, ԼՂՀ Գերագոյն խորհրդի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Անկախութեան հիմունքների մասին» 1992 թուականի Յունուարի 6-ի օրէնքը, ԼՂՀ Գերագոյն խորհրդի «ԼՂՀ պետական անկախութեան հռչակագրի տեքստը հաստատելու մասին» 1992 թուականի Յունուարի 6-ի որոշումը, ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան անկախութիւնը.

– Անհերքելի է, որ կան ճանաչման համար բոլոր անհրաժեշտ հիմքերը: Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութիւնն իր ինքնորոշման իրաւունքն իրականացրել է՝ չխաթարելով Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը, չխախտելով ԽՍՀՄ Սահմանադրութեան համապատասխան դրոյթները, «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետութիւնների դուրս գալու մասին» 1990 թուականի Ապրիլի 3-ի օրէնքի սահմանումը, համաձայն որի «Ինքնավար հանրապետութիւններն ու ինքնավար կազմաւորումներն իրաւունք ունեն ինքնուրոյնաբար վճռելու միութեան մէջ կամ նրա կազմից դուրս եկող միութենական հանրապետութիւնում մնալու հարցը, ինչպէս նաեւ կարգաւորելու սեփական պետական իրաւական կարգավիճակի խնդիրը», միջազգային իրաւունքի բոլոր նորմերը.

– Առաւել քան համոզուած ենք, որ ՄԱԿ-ի անդամ պետութիւնների կողմից ԼՂ (Արցախի) Հանրապետութեան ճանաչումը մեր ժողովրդի համար կը դառնայ անվտանգութեան վստահելի երաշխիք, կը նպաստի իր պատմական հայրենիքում նրա բնականոն կենսագործունէութեան համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպէս նաեւ հարաւկովկասեան տարածաշրջանում կայունութեան, երկարաժամկէտ ու հաստատուն խաղաղութեան ապահովմանը.

–Խորապէս համոզուած ենք, որ վերահաս ողբերգութիւնը կանխելու միակ միջոցը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան անկախութեան ճանաչումն է՝ ՃԱՆԱՉՈՒՄ ՅԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹԵԱՆ սկզբունքի հիման վրայ։

27 Յուլիսի 2023 թ․

ք. Ստեփանակերտ