Այսօր, Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեան հրաժարականին մասին յայտարարութեամբ հանդէս եկաւ։

Ստորեւ կը ներկայացնենք ժողովուրդին ուղղուած իր խօսքը.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի ժողովրդի կողմից Արցախի Հանրապետութեան նախագահ ընտրուելու արդիւնքում 2020թ. մայիսի 21-ին ստանձնել եմ Նախագահի լիազօրութիւնները: Յաջորդ իսկ օրուանից անցել եմ Արցախի պաշտպանունակութիւնն ամրապնդելու, Արցախի սահմանների անառիկութիւնն ապահովելու գործին: Ցաւօք, ընդամէնը չորս ամիս անց Ատրպէյճանի կողմից սանձազերծուեց 44-օրեայ պատերազմը, որն աւարտուեց մեր պարտութեամբ: Իհարկէ, կարելի է պարտութեան ողջ մեղաւորութիւնը բարդել Արցախի չորսամսեայ նախագահի վրայ, և ես ամենևին չեմ հրաժարւում պատասխանատւութիւնից, բայց, հաւատացէք, մեզանից իւրաքանչիւրն ունէր պատասխանատւութեան իր բաժինը՝ ամէն մէկն իր կարգավիճակի ու կարողութիւնների չափով: Բոլոր դէպքերում, ես մի քանի անգամ յայտարարել եմ, հիմա հրապարակայնօրէն կրկին ներողութիւն եմ հայցում հայ ժողովրդից՝ մեղաւորութեան իմ բաժնի համար, բայցև նորից հաւաստիացնում եմ, որ 2020թ. 44-օրեայ պատերազմի ընթացքում ես ձեռնարկել եմ բոլոր քայլերն իմ ուժերի ու փաստացի լիազօրութիւնների սահմաններում, գուցէ եւ աւելին:

Հաւատացնում եմ, որ իրավիճակը ոչ պակաս բարդ էր նաև 44-օրեայ պատերազմից յետոյ, և ստեղծուած իրավիճակը պակաս պատասխանատւութիւն չէր պահանջում: Արցախը կանգնած էր կործանման եզրին, և կրկին ներքին կայունութիւնն ու ամրութիւնն ապահովելու ծայրայեղ անհրաժեշտութիւն կար: Թւում էր, թէ յետպատերազմեան հոգեճնշող վիճակը և հոգեբանական ծանրաբեռնուածութիւնը պէտք է յաղթած լինէին ինձ, բայց ես ուժ գտայ պատասխանատւութիւն ստանձնելու նաև այդ ժամանակ: Այդ ողջ ընթացքում ես իմ ամբողջ ներուժն ուղղել եմ Արցախում ներքին կայունութիւնն ամրապնդելուն, այդ պայմաններում ենթադրւող յանցաւորութեան աճը կանխելուն, արցախցիների հայրենադարձութիւնն ապահովելուն, երկրի սահմանադրական կարգն ու պետականութեան սիւները կանգուն պահելուն: Այո, որոշ հարցերում յաջողութիւններ չենք ունեցել, բայց, ընդհանուր առմամբ, ամենակարճ ժամկէտում ոչ միայն ուղղել ենք երկրի կորացած մէջքը, այլև կեանքը կրկին վերադարձրել որոշակի կայուն հուն:
Գուցէ հէնց նաև դա էր պատճառը, որ ամէն գնով մեզ ոչնչացնելուն, ցեղասպանելուն պատրաստ Ատրպէյճանը 2022թ. Դեկտեմբերի 12-ից սկսեց Արցախի շրջափակումը, իսկ 2023թ. Յունիսի 15-ից՝ նաև լիակատար պաշարումը: Դա տեղի ունեցաւ նաև այն պատճառով, որ, չնայած Արցախի ժողովրդի հանդէպ իրականացւող ամէնօրեաէ սադրանքներին ու բռնաճնշումներին, մեր ժողովուրդը շարունակում էր Արցախը շենացնելու իր սուրբ գործը:

Արդէն գրեթէ ինն ամիս է՝ Արցախը գտնւում է ատդպէյճանական շրջափակման մեջ, իսկ Արցախի պատանդառուած ժողովուրդը ենթարկւում է անթաքոյց ցեղասպանութեան: Այս ընթացքում մենք մեր կարողութիւնների սահմաններում ձեռնարկել ենք բոլոր հնարաւոր միջոցները ստեղծուած իրավիճակը աշխարհին ներկայացնելու և միջազգային հանրութեան աջակցութիւնը ստանալու համար, երկու անգամ հարցը քննարկման առարկայ էր դարձել նոյնիսկ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում, երկուական անգամներ ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանը և Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը կայացրել են Արցախն ապաշրջափակելու վերաբերեալ որոշումներ, բազմաթիւ յայտարարութիւններ ու կոչեր են հնչել հարիւրաւոր միջազգային դերակատարների կողմից: Սակայն ատրպէյճանական ակրեսիւ վարքագիծը որևէ կերպ չի կանխուել:

Այսօր աշխարհում ձևաւորուած աշխարհաքաղաքական անկայուն վիճակը, տարածաշրջանային իրադարձութիւններն ու կանխատեսուող զարգացումները, Արցախում և դրա շուրջ տեղի ունեցող երևոյթները, արցախեան ներքաղաքական ու ներհասարակական մթնոլորտն ուղղակիօրէն յուշում են, որ առկայ է մոտեցումների ու քայլերի փոփոխութեան, ճկունութիւն դրսևորելու անհրաժեշտութիւն: Նշուածին հասնելու համար Արցախում անհրաժեշտ է հիմնական դերակատարների փոփոխութիւն՝ սկսած ինձնից:

Իմ կենսագրութիւնը և դրա հանդէպ Ատրպէյճանի վերաբերմունքը արհեստականօրէն ձևաւորում են մի շարք պայմաններ, որոնք էական խնդիրներ են հարուցում մեր հետագայ քայլերի կառուցման և ճկուն քաղաքականութեան վարման տեսանկիւնից: Բացի դրանից, պատերազմում պարտութիւնը և դրանից յետոյ երկրում ստեղծուած դժուարութիւններն էականօրէն նուազեցրել են նաև իշխանութիւնների, յատկապէս՝ Նախագահի նկատմամբ վստահութիւնը, ինչը լրջագոյնս խոչընդոտել է պատշաճ կառավարման հետագայ ընթացքին: Հետևաբար, պէտք է փոփոխութիւնը սկսել հէնց ինձնից: Վաղը ես Արցախի Հանրապետութեան ժողովրդին ու Ազգային ժողովին եմ ներկայացնելու Արցախի Հանրապետութեան նախագահի պաշտօնից հրաժարականի դիմումս: Այս վերջնական որոշումը ես կայացրել եմ երկու օր առաջ՝ հաշուի առնելով վերջին շաբաթների իմ շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրութեան հետ: Սա իմ ունեցած տուեալների վերլուծութեան արդիւնքների հիման վրայ կշռադատուած որոշում է՝ կայացուած բացառապէս իմ կողմից:

Նախքան այդ, այսօրուայ իմ հրամանագրով Արցախի Հանրապետութեան պետական նախարար Գուրգէն Ներսիսեանը ազատուել է զբաղեցրած պաշտօնից և պետական նախարար է նշանակուել Անվտանգութեան խորհրդի քարտուղար Սամուէլ Սերկէյի Շահրամանեանը, ում տրուել են լայն լիազօրութիւններ: Սամուէլ Շահրամանեանի ընտրութիւնը կատարելիս հաշուի եմ առել նրա սկզբունքայնութիւնը, ճկունութիւնը, տարբեր պատասխանատու դիրքերում նրա աշխատանքային փորձը և կուտակած գիտելիքները, որոնք անմիջականօրէն առնչւում են թէ՛ ազգային անվտանգութեանը և թէ՛ պետական կառավարմանը:

Իմ երախտագիտութիւնն եմ յայտնում Գուրգէն Ներսիսեանին և ուզում եմ յատուկ շեշտել, որ անգնահատելի է 2020թ. 44-օրեայ պատերազմի օրերին, դրան յաջորդող ժամանակահատուածում և շրջափակման ընթացքում նրա կատարած աշխատանքի նշանակութիւնը պետութեան համար: Նա պետական նախարարի պաշտօնը ստանձնել է Արցախի համար ծանրագոյն ժամանակներում, տքնաջան ու թափանցիկ աշխատանք է կատարել այդ դժուարին պայմաններում Արցախի ժողովրդին պատուհասած ծանրութիւնը մեղմելու ուղղութեամբ և պայքարելու, համառօրէն ու խիզախօրէն առաջ գնալու իր բնաւորութեամբ կարողացել է յաղթահարել բազմաթիւ խնդիրներ: Համոզուած եմ, որ նրա գիտելիքները և սկզբունքային, արդարացի, անզիջում ու հաստատակամ տեսակը շարունակելու են ծառայել Արցախին ու մեր ժողովրդին:

Սիրելի՛ հայրենակիցներ, ես շարունակելու եմ ընտանիքիս՝ Արցախում գտնուող անդամների հետ ապրել Արցախում, առաւելապէս ընդգրկուելու եմ Արցախի անվտանգութեան ապահովման գործում, շարունակելու եմ կրել իմ բաժին պատասխանատւութիւնը Արցախի ապագայի նկատմամբ և աջակցելու եմ երկրի գործող իշխանութիւններին: Իմ այս քայլն ուղղուած է նաև Արցախում ներքին կայունութիւնն ու հասարակական ամուր կարգն ապահովելուն: Ի հեճուկս բոլոր դժուարութիւնների, մեր ներքին կայունութիւնն ու հանրային համերաշխութիւնը բոլոր յաջողութիւնների նախապայմանն է, որից ցանկացած շեղում կամ շեղման փորձ պէտք է բացառուի:
Խաղաղութիւն, բարօրութիւն ու յաւերժականութիւն Արցախ աշխարհին ու հայ ազգին:

Արայիկ Յարութիւնեան