Մեր զրուցակիցն է գրող, գրականագէտ, թարգմանիչ, Լոռուայ աշխարհի զաւակ Ֆէլիքս Բախչինեանը: Բազմաթիւ մենագրութիւններու, պատմուածքներու, վիպակներու, գրականագիտական լուրջ յօդուածներու հեղինակը աշխատակցած է թերթերու, ամսագրերու, պարբերաթերթերու, եղած է Հայաստանի Գրողներու Միութեան նախագահի եւ Լոռուայ մարզպետի խորհրդական, հիմնադիր-տնօրէնը՝ Թումանեանի շրջանի գրադարաններու կեդրոնացուած համակարգին, հիմնադրած է «Հայոս-Քարթլոս» հայ-վրացական գրական անկախ հանդէսը, ինչպէս նաեւ Ֆ. Նանսէնի անունը կրող հիմնարկները Մոսկուայի եւ Հայաստանի մէջ: Արժանացած է բազմաթիւ պարգեւներու՝ հայկական եւ միջազգային: Հարուստ է Ֆէլիքս Բախչինեանի թարգմանչական վաստակը:

10 Հոկտեմբերին, Ֆ. Նանսէնի ծննդեան օրը, Երեւանի Պետական Համալսարանի լսարաններէն մէկուն մէջ յիշատակուեցաւ հետաքրքրական այս անձնաւորութեան ծննդեան տարեդարձը (Ծնած է 10 Հոկտեմբեր,1861-ին): Այս մէկը առիթ դարձաւ աւելի մօտէն ծանօթանալու Ֆ. Նանսէնի գործունէութեան եւ այս հարցազրոյցին…:

 

«Գանձասար»- Ինչո՞ւ Նանսէն: Ուրկէ՞ ծնաւ գաղափարը եւ ինչպէ՞ս ստեղծուեցաւ ինստիտուտը:

Ֆէլիքս Բախչինեան Դեռ ուսանողական տարիներից ես ծանօթացայ իմ դասախօս, երջանկայիշատակ փրոֆ. Մակիչ Արզումանեանի «Նանսէնը եւ Հայաստանը» հրաշալի աշխատութեանը, ինչպէս նաեւ Ռուսաստանի ճանաչուած կինոբեմադրիչ, Ռուսիոյ Դաշնութեան ժողովրդական արտիստ Սերկէյ Միքայէլեանի՝ Նանսէնի մասին ֆիլմին: Ի դէպ, Սերկէյ Միքայէլեանի հայրը՝ Կարէն Միքայէլեանը, եղել է Նանսէնի մօտ բարեկամներից մէկը: Դժբախտաբար, 1937-ին, այդ բարեկամութեան համար աքսորուել է Սիպիր եւ այլեւս չի վերադարձել:

Նանսէնի մասին բաւականին աշխատութիւններ կան: Խորհրդային տարիներին Հայաստանում տպագրուել են նրա մի շարք գրքեր՝ « Ֆրամը Բեւեռային Ծովում», Մակիչ Արզումանեանի նշուած աշխատութիւնը… Սակայն Հայաստանին նուիրուած «Խաբուած Ժողովուրդ» գիրքը չի հրատարակուել: Միայն 2000 թուականին, Երեւանի Պետական Համալսարանի հրատարակութեամբ տպագրուեց այդ գիրքը, որը 1958 թուականին տպագրուել էր Լիբանանում:

Նանսէնի նուիրուած աշխատութիւններ են գրել նաեւ սփիւռքահայերը: Յատկապէս պիտի նշել Աւետիս Եափունճեանի մենագրութիւնը Ֆ. Նանսէնի մասին:

Նանսէնի մասին մեր ինստիտուտը, որն ստեղծուել է 2002 Յուլիսի 8-ին, բաւականին գրքեր է հրատարակել. Նանսէնի աշխատութիւնները (8 հատորով) եւ 15 մենագրութիւն Նանսէնի մասին: Այդքան գրքեր նոյնիսկ իր հայրենիքում չեն հրատարակուել:

Գրող Արշակ Չոպանեանի Նանսէնեան անցագիրը։

Այդպէս, մենք կարողացանք նաեւ 2011-ի Նոյեմբերին մեծ շուքով նշել Նանսէնի ծննդեան 150-ամեակը, որին մասնակցեց նաեւ Նորվեկիայի արտաքին գործերի նախարարը իր տիկնոջ հետ:

Նանսէնին նուիրուած միջոցառումներ ենք անցկացրել նաեւ Հալէպում, Արկենթինայում եւ Ս. Փեթերպուրկում:

Նանսէնի 150-ամեակին նուիրուած միջոցառմանը մեզ այցելեց նաեւ իր թոռնուհին՝ Մարիտ Կրեվէն, որին մեր Հանրապետութեան նախագահը տուեց հայկական անձնագիր: Դա նշելով, որ Նանսէնը 320․000 հայի Նանսէնեան անցագրեր* է տուել, որոնցով նրանք աշխարհի 54 երկրներում կարողացել են քաղաքացիութիւն ստանալ եւ ստեղծել իրենց օճախները:

Մեզ յաջողուեց նաեւ փաստավաւերագրական ֆիլմ նկարել. «Ֆ. Նանսէն. Աշխարհի Խիղճը», բեմադրիչը Էտուարտ Տ. Սահակեանն է, սցենարի (բեմագրութեան- «Գ․») հեղինակը՝ Ֆէլիքս Բախչինեանը:

Ֆ. Նանսէն մեծ ախշատանք տարած է նաեւ Ռւսաստանի եւ Ուքրանիոյ մէջ պատերազմի հետեւանքով սովամահութեան վտանգին դիմաց յայտնուած ռուսերուն եւ ուքրանացիներուն օգնելու համար: Կցուած նկարը մէկն է իր ոսպնեակով արձանագրած եւ որպէս բացիկ Եւրոպայի մէջ վաճառուած բացիկներու շարքէն: Այսպիսով ան կը փորձէր աշխարհին ուշադրութեան յանձնել մարդկային տառապանքի այս երեսները:

 

«Գ․»- Իսկ թանգարանը ինչո՞ւ ստեղծուած է: Այլ երկիրներու մէջ ալ կա՞ն Նանսէնի նուիրուած հաստատութիւններ: Կապեր կա՞ն:

Ֆ․Բ․- Թանգարանը ստեղծուել է Նանսէնի ծննդեան 150-ամեակից յետոյ, ղարաբաղցի վաստակաւոր բժիշկներ Սառա եւ Կառլէն Եսայեանների միջոցով: Թանգարանը ունի փոքրիկ տարածութիւն, բայց դա գրեթէ բաւարարում է Նանսէնի եւ Հայաստանի հետ նրա ունեցած կապերի մասին գրականութիւնն ու որոշ այլ նմուշներ տեղադրել եւ հիւրերին ծանօթացնել Նանսէնի գործունէութեանը: Նանսէնի անուան հաստատութիւններ կան նաեւ Վանաձորում, ուր բացուել է մեծ հայասէրի անուան մանկապարտէզ: Նանսէնի անուան մանկատուն կայ Գիւմրիում եւ մեծ երկրաշարժից յետոյ, 1989-ին, նորվեկիական Կարմիր Խաչի օժանդակութեամբ, Սպիտակում, երկրաշարժի էպիկեդրոնում բացուեց Ֆ. Նանսէնի անուան հիւանդանոց, որի բացմանը ներկայ էր իր թոռը, աշխարհաճանաչ ճարտարապետ Էկիլ Նանսէնը:

Ի Հարկէ Նանսէնը միայն հայերին չէ որ օգնել է: Ան օգնել է մօտ 30 միլիոն ռուս սովեալների՝ Օվօժնէի երկրամասում, 1 միլիոնից աւելի յոյների, մօտ 3 միլիոն ուքրաինացիների, որոնց նուիրել է իր նոպէլեան մրցանակի դրամական մասը, որով կառուցուել է Խարկովի երկրամասում երկու խոշոր կոլտնտեսութիւն, որպէսզի ուքրաինացիները փրկուեն սովամահութիւնից:

Մենք կապեր ունենք Նորվեկիայի Նանսէնի ինստիտուտի հետ, Ռուսաստանի Նանսէնի անուան մի քանի հաստատութիւնների հետ, իսկ նանսէնեան հաստատութիւններ հիմնականում կան այս երկու երկրներում եւ մեզ մօտ:

Նանսէնի 150-ամեակը մեծ շուքով նշուեց նաեւ Յունաստանում. Աթէնքում բացուեց հրաշալի արձանը: Արձաններ կան նաեւ Մոսկուայում, որոնցից մէկն ի դէպ տեղադրուել է հայերու ջանքերով: Ռուսաստանի հայերը հաւաքել են 300․000-ից աւելի տոլար եւ քաղաքի կենտրոնական հատուածներից մէկում բացել Նանսէնի արձանը: Բացմանը ներկայ է եղել Նորվեկիայի Ազգային Ժողովի նախագահը: Զարմանալիօրէն Մոսկուայի քաղաքապետը՝ Ռուժքովը, դէմ է եղել այդ արձանի տեղադրմանը: Սակայն արձանը տեղադրուած է եղել այն օրերուն, երբ Ռուժքովը արձակուրդի է եղել ու նրան փոխարինել է իր տեղակալը՝ Պոսս ազգանունով, որը 25 տոկոսով հայ էր. Նրա տատիկը Ցեղասպանութիւնից մազապուրծ եղած գաղթականներից մէկն էր եւ նա սիրով յանձն է արել այդ կարճ ժամանակում տեղադրել Նանսէնի այդ արձանը:

«Գ․»- Որո՞նք են ձեր գործունէութեան հիմնական ուղղութիւնները:

Ֆ․Բ․- Մեր գործունէութեան հիմնական ուղղութիւնը մէկն է. հայ մարդկանց տեղեկացնել Նանսէնի հայանպաստ գործունէութեան մասին: Հրատարակած մօտ երեսուն գրքերը, ինչպէս նաեւ նկարահանած փաստավաւերագրական ֆիլմերը վառ պատկերացում են տալիս Նանսէնի այդ գործունէութեան մասին: Կարծում եմ մենք չունենք հայ, որը փրկած լինի 320․000 հայի: Իսկ այդ մեծ նորվեկիացին արել է այդ: Նա այցելել է Հայաստան 1920 թուականի Յունիս-Յուլիս ամիսներին եւ ցանկացել է այստեղ տեղաւորել այն գաղթական հայերին, որոնք ցրուած էին աշխարհի տարբեր երկրներում, յատկապէս Թուրքիայում եւ Յունաստանում: Սակայն Ազգերի Լիկան չի օգնում նրան իրագործելու այդ ծրագիրը եւ Նանսէնը մեկնում է ԱՄՆ, Գանատա, Ֆրանսիա, ուր դասախօսութիւններով հանդէս է գալիս ի պաշտպանութիւն հայոց դատին: Սակայն այդ հաւաքած գումարը մի չնչին մասն է կազմում այդ գաղթականներին տեղափոխելու ծրագրի համար նախատեսուած գումարին: Եւ նա չի ամաչում, հանում է իր լայնեզր գլխարկը եւ փող մուրում Հայաստանի համար: Մենք նաեւ չունենք այսպիսի հայ, որ ի՛ր ազգի համար փող մուրայ փողոցում:

Նանսէնին յաջողւում է առաջին գաղթականներին տեղաւորել այժմեան Արմաւիրի մարզում, որտեղ ստեղծւում են կոլտնտեսութիւններ այդ գաղթականներին աշխատատեղերով ապահովելու համար: Ի հարկէ նրան օգնում է նաեւ Նուպար փաշան, որը նիւթական աջակցութիւն է ցոյց տալիս:

«Գ․»- Այսօրուան հայկական իրականութեան մէջ Նանսէններու կը հանդիպի՞ք:

Ֆ․Բ․- Բնականաբար՝ ո՛չ: Այսօր ոչ թէ Նանսէններ, այլ նանսէնիկներ անգամ չկան: Մենք տեսնում ենք ինչ է կատարւում մեր երկրում։ Լուռ է ե՛ւ աշխարհը ե՛ւ կարծում եմ նաեւ՝ մերոնք: Ամէն ինչ վեր է ածուել առեւտրի: Այսօր 100 տարի անց նորից կրկնւում են մեր ժողովրդի դառն ճակատագրի օրերը: Դժբախտաբար այսօր չկայ Նանսէնի նման մի մարդ, դա լինի Հայաստանում թէ արտերկրում, որը կարողանայ ձեռք մեկնել եւ օգնութիւն հասցնել հայ ժողովրդին: Խօսքը ոչ թէ նիւթականի մասին է, այլ բարոյական ճիշդ աջակցութեան, որպէսզի մեր ժողովրդի վաղուայ օրը լինի մի քիչ պայքար, մի քիչ յոյս ու հաւատք ունենանք այդ վաղուան հանդէպ:

 

* * *

* Նանսէնեան անցագիրը անձը հաստատող ժամանակաւոր վկայական էր: Տրուած է Ազգերու Լիկայի կողմէ, Ա. Համաշխարհային պատերազմի հետեւանքով փախստական դարձած և քաղաքացիութիւն չունեցող անհատներու: Այս փաստաթուղթը կը կոչուի Ֆրիտիոֆ Նանսէնի անունով, որ հեղինակն ու նախաձեռնողն էր այս կարեւոր քայլին, 1922-ին, ժընեւի մէջ գումարուած խորհրդաժողովի ընթացքին:

Գերբի փոխարէն անցագիրը կը կրէր Նանսէնի դիմանկարով նամականիշ եւ «Societe des Nations» (Ազգերու լիկա) գրութիւնը:

«Նանսէնեան անցագիր» ստացած անձինք օգտուած են 52 երկիրներու մէջ բնակելու, աշխատելու եւ ազատ տեղաշարժելու իրաւունքէն:

Ազգերու Լիկայի որոշումով, 12 Յուլիս, 1924-ին, Ցեղասպանութենէն փրկուած շուրջ 320 հազար հայեր, որոնք կը դեգերէին տարբեր երկիրներու մէջ, ստացած են «Նանսէնեան անցագիր»։

Նոյն փաստաթուղթէն օգտուած են նաեւ սովի մէջ եւ այլ վտանգներու դիմաց գտնուող յոյներ:

Հարցազրոյցը վարեց

Մարի Մերթխանեան-Եարալեան